Լրահոս
Օրվա լրահոսը

«Սենտիմենտալ ու ֆանտաստիկ սիրով լցված մեր ազգը, շատ ցավում եմ, բայց, չհասկացավ, որ ճշմարտությունը, պարկեշտությունը և քաղաքականությունը հակադիր բաներ են». Արթուր Սահակյան. «Ա1+»

Ապրիլ 21,2020 15:37

«Ա1+»-ի հեռախոսազրույցը «ԳՈՅ թատրոն», բեմարվեստի փորձարարական կենտրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արթուր Սահակյանի հետ:

 – Ինչպե՞ս եք դիմակայում այս իրավիճակին: Շատերն ասում են, որ եթե չլիներ վիրուսը, չլիներ վախը, սա լավ հնարավորություն է «վերադառնալ» ընտանիք, հանգստի ռեժիմի, իրականացնել հետաձգված ծրագրերը, կիսատ մնացած գործերը:

– Այո, իհարկե ավելի շատ ժամանակ եմ հատկացնում ընտանիքիս, սակայն տագնապով լի եմ: Աշխարհը կանգնել է: Մեզ թվում էր, որ մեր սերունդն ամեն ինչ տեսել է՝ պատերազմ, սով և նման այդպիսի «նվերներ»: Բայց սրան ես հաստատ պատրաստ չէի, երբ գալիս են ինչ-որ ուժեր՝ քո ճակատագիրը որոշելու: Շատ վատ եմ տանում, շատ վատ: Ես պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում, վտանգը որտեղից է գալիս, որպեսզի կարողանամ վաղը կանգնել այդ վտանգի առաջ, թեկուզ իմ կյանքի գնով, խնդիր չէ, բայց օգուտ տված լինեմ: Եթե կարողանամ վնաս տալ դրան՝ ավելի լավ: Ուզում եմ հասկանալ, թե որտեղից է գալիս այս ժանտախտը, չնայած արդեն ակնհայտ է սա ինձ համար: Անողներն առանձնապես չեն թաքցնում:

– Ի նկատի ունեք՝ «համաշխարհային դավադրության տեսությու՞նը»: Սոցցանցերն այսօր հեղեղված են տարբեր որակի վերլուծություններով, ընդհուպ, որ սա ընդամենը սկիզբն է ինչ-որ ավելի սարսափելի իրավիճակի, որ աշխարհը կփոխվի, գնում է աշխարհի բաժանում, և սա երրորդ համաշխարհային պատերազմն է, ու մարդածին վիրուսը փոխարինում է ատոմային ռումբին:

– Կասեմ, որ այս ամենն արվում է մարդկանց  ձեռքով, սակայն հրամանը գալիս է մի չափման միավորից, որը մեզ անհասանելի է: Ի վերջո, ենթարկվելը չի պատերազմ, ենթարկելն է պատերազմ: Իսկ քանի որ դեմոկրատիա քարոզող աշխահում «մոդայիկ» չէ ենթարկելը, պետք է ենթարկման համար ընտրվի «այլընտրանքային» միջոց:

– Եթե Դուք, ասենք, ունենայիք իշխանություն, լծակներ, ի՞նչ կանեիք:

– Ես երբեք չեմ ունենա լծակներ, որովհետև պատահական մարդը լծակներ չի ունենում: Լծակներ ունի ստուգված, դավաճանությանը պատրաստ մարդը: Իշխանության հենց այնպես չեն գալիս: Սա էլ է ընտրության հարց: Հազար ներողություն, ես իրավունք չունեմ ունենալ այդ «լծակները»: Իշխանությունը տալիս են պայմանավորվելով և ինչ-որ բաներ խոստանալով: Ոչ մի պատահական մարդ չի կարող փողոցից գալ և ասել՝ ես իշխանություն ունեմ: Սա միայն Հայաստանին չի վերաբերում, սա վերաբերում է աշխարհին, իսկ աշխարհին հիմա կատարող խեղկատակներ են պետք:

Կառավարությունն առհասարակ չարիք է: Ցանկացած կառավարություն, որտեղ էլ որ լինի ՝ Շվեյցարիայում, Նորվեգիայում թե այլ տեղ: Հիմա էլ՝ համաշխարհային կառավարություն, համաշխարհային բանկ, համաշխարհային առողջապահական համակարգ… Սենտիմենտալ ու ֆանտաստիկ սիրով լցված մեր ազգը, շատ ցավում եմ, բայց, չհասկացավ, որ ճշմարտությունը, պարկեշտությունը և քաղաքականությունը հակադիր բաներ են: Հնարավոր չէ քաղաքականությունում լինել մարդկային: Քաղաքական գործիչն ու ազնվությունը հակադիր բևեռներ են: Իսկ պատմությունը պատվերով գրված բան է: Օրինակ, հայտնի փաստ է, որ Շեքսպիրը «Ռիչարդ Երրորդը» գրել է պատվերով, միտումնավոր կերպով Ռիչարդին հրեշ սարքելու համար…

Կամ վերցնենք Ամերիկան և Սովետ Միությունը: Ինձ թվում է, որ դրանք փորձարկում էին: Մարդկանց մի մասին գցեցին այնտեղ, մյուսին՝ այստեղ, տեսնելու թե ինչ կստացվի: Սովետական գաղափարախոսությունը շատ մտածված էր, ծայրաստիճան մտածված, և զարմանալի էր, թե ինչպես Սովետական Միությունը զոհ գնաց ջինսին, կոկա-կոլային, ծամոնին: Ինչքան էլ աբսուրդ չհնչի, խորհրդային տարիները, երբ կարծես թե ամեն ինչ շատ վատ էր, ինձ համար երանելի ժամանակներ էին, երբ թատրոնը կախված չէր տոմսերի վաճառքից, երբ նյութականը չէր կարևորը:

– Ձեր առաջին «դժվարամարս» բեմադրություններից էր Էժեն Իոնեսկուի «Ռնգեղջյուր»-ը: Ներկայացում չարի և բարու, մարդ լինելու կամ ռնգեղջյուր դառնալու ընտրությունն է, և, ի վերջո, ռնգեղջյուրները տիրում են աշխարհը: Դա էլ վիրուսի նման մի բան էր, որին  մարդկությունը դատապարտված էր: Բեմադրեցիք Սեմյուել Բեքեթի «Գոդո»-ն և մոլորակի վերջին բնակիչների մասին պատմող «Էնդշպիլ»-ը: Պիեսներ, որ աբսուրդի վերացական աշխարհից այսօր դառնում են ասես իրական: Ի՞նչ կբեմադրեիք այսօր:

– Մեր բեմադրությունները պայմանավորված չեն քաղաքականությամբ, պայմանավորված  են արվեստի չափանիշով: Ի՞նչ է իրենից ներկայացնում արվեստը: Դա մի պորտալ է, որը բացվում է որևէ մեկին: Չէր կարող Բախն այլ կերպ գրեր, դա երկնային երաժշտություն էր, չէր կարող Մոցարտն այլ կերպ գրեր: Մի պորտալ է բացվել, կանխատեսում է եղել: Մոցարտի «Ռեքվիեմը» լսելով հասկանում ես, որ դա ի վերուստ է տրված: Դե թող համակարգիչը երաժշտություն գրի: Նույնիսկ կատարյալ ուղեղը դա չի գրի: Անպայման քո արբանյակի հետ պետք է կապվես քո անտենայով ու այնտեղից կարողանաս դա լսել: Դրա համար էլ այս ստեղծագործությունները, գեղարվեստական գործերը բացված պորտալներ են: Էներգիան այդտեղից է վերցված, դա երկխոսություն է մի դեպքում տաղանդավորի, մյուս դեպքում պակաս տաղանդավորի հետ, բայց բերված ինֆորմացիան անհերքելի է:

Անկեղծ ասած, երբ բեմադրում էինք Բեքեթին, ես մտածում էի, որ պետք է լինի նաև հակառակ կողմը: Բեքեթը բերում կանգնացնում է մի անելանելի կետի: Բա հետո՞: Հետո պետք է Սարոյան: Միայն Սարոյանը կարող է հակասարակշռի Բեքեթին: Իսկ հակակշիռը պետք է, քանի որ այս աշխարհը, բացի նրանից, որ մութ բևեռ ունի և հիմա մթով է ղեկավարվում, ունի նաև այլ բևեռ՝ հույսը, որը դու ինքդ ունես, և պետք է կիսվես քո հույսով: Մեր միսիան միայն այդ նեգատիվը նկատելը չէ, նեգատիվը փոխանցելը չէ: Մեր միսիան նաև երկնայինի, հոգևորի մասին խոսելն է, միգուցե մի քիչ վերացական է հնչում, որովհետև մենք սրան վերաբերվում ենք ընդամենը որպես հեքիաթի, և այստեղ է  խնդիրը: Հիմա չարին էլ ենք վերաբերվում որպես հեքիաթի: Տեսնում ես ի՞նչ կարող է առաջանալ, ասում են քեզ: Աշխարհը կկորչի, վերջացավ: Տնից դուրս չգաք, հեռուստացույցը միացրեք, նայեք, որ այսքան մարդ է մահացել: Բնականաբար, մարդիկ մահանում են, բայց բարեբախտաբար նաև ծնվում են, սակայն սրա մասին հիմա չես լսի:

– Հիմա, կարծես թե, կա օնլայն ներկայացումների, համերգների պահանջարկ: Արդյո՞ք առցանց  մշակույթի պահանջարկը կմնա արտակարգ իրավիճակի ավարտից հետո ևս:

– Հուսով եմ ոչ: Կարծում եմ, որ ամեն ինչ արդեն նախապատրաստված էր, ոչ թե նոր հորինեցին: Չեմ կարծում, որ համերգը կարելի է լսել օնլայն: Մարդիկ կենդանի համերգ  ու ներկայացում են ցանկանում, միջավայր են ցանկանում, ցանկանում են սրճարանում նստել, շփվել, մարդիկ դա են ցանկանում: Անկախ այս իրավիճակից, ես իմ վրա հասկացել եմ, որ համակարգիչը շատ զզվելի բան է: Շատ հարմար է, շատ բաների է փոխարինում, ինֆորմացիա է տալիս, բայց քեզ կտրում ես դրսից: Նստիր տանը, ինչ ուզում ես նայիր, ինֆորմացիան ստացիր: Մեկ էլ հանկարծ հասկանում ես, որ ուշանում ես աշխատանքից ու ոչինչ չես հասցնում անել: Այսինքն, դու կախված ես համակարգչից: Ցավոք, նոր սերունդն այդպես է մեծանում: Նայում ես ու տեսնում սառը, ոչինչ չարտահայտող աչքեր, ասես ուղեղի փոխարեն չիպն է աշխատում…

– Երբ բացվեն թատրոնի դռները, ի՞նչ ծրագրեր եք նախատեսում:

– Շատ դժվար է պատկերացնել, թե ոնց է լինելու այդ հնարավորությունը: Առայժմ չգիտեմ: Մենք մարտի 14-ին պրեմիերա ունեինք և նույն գիշերը Սունդուկյանի թատրոնի երկրորդ հարկի սրճարանը տանող սանդուղքը փլուզվեց: Դա հենց մեր մուտքի մոտ էր: Վեց ամիս առաջ թատրոնի գլխավոր ինժեները՝ Սամվելը, տնօրինությանը զեկուցել էր, որ դա մի օր փլվելու է մեկի գլխին: Եվ փլվեց: Փառք Աստծո, որևէ մեկը չվնասվեց: Աստիճանավանդակը ամբողջապես հարթակի հետ միասին ընկել է ներքև: Աստված մի արասցե, մենք ներկայացում ունենայինք: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կարող էր լինել: Եկան, նկարեցին ու գնացին: Դեռ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մնացել է նույնը: Մեր այդ ներկայացումը պրեմիերա չտեսավ, ցավոք սրտի: Հուսով եմ դեռ կխաղանք: Իսկ թե ստեղծագործելու ցանկության պահը գալու է թե ոչ, չգիտեմ: Հիմա ես փորձում եմ հասկանալ, թե ինչ պետք է անեմ, ինչով կարող եմ պիտանի լինել այն ժամանակ, երբ այս իրավիճակից դուրս կգանք, ինչով կարող եմ մի փոքր օգուտ տալ: Օգնությունը լինում է անշահախնդիր, ոչ թե տեսեք, ես այն մուրացկանին քսան կոպեկ տվեցի, ու դա դառնա ինտերվյուների առիթ: Առայժմ ես ներկայացման մասին չեմ մտածում, բայց մի բան հաստատ գիտեմ, որ անպայման պոզիտիվն է պետք, և ոչ թե անիմաստ պոզիտիվը, այլ ոգևորող պոզիտիվը, հոգու իմունիտետը արթնացնող պոզիտիվը, դրա համար ես այդ անիմաստ կոմեդիաների կողմը չեմ գնում: Այս տարի կդառնամ 60 տարեկան, փառք Աստծո, ոչինչ չունեմ դիզած, որ վախենամ զրկվել այս գործարանից, այս կղզուց, ոչնչից կառչած չեմ, միայն հավատն է հանդեպ Աստծուն, հավատը դեպի լույսը, դեպի սերը, որ դեռ ապրեցնում է, դեռ աշխատեցնում է: Պետք է հավատաս քո հոգու առաջնորդին, այն գաղափարին, որին ծառայում ես: Իմ հոգին չեն կարող բանտարկել, իմ հոգիս թռչում է, հոգուս տիրանալ չեն կարող:Ես ի՞նչը պետք սիրեմ իմ անցած ճանապարհի, բնականաբար պետք է գտնեմ իմ փարոսը և ուշադրությունս այդ կողմի վրա պահեմ, իսկ եթե ուշադրությունս այդ կողմի վրա եմ պահում, սկզբունք ունենալու դեպքում հարգում եմ իմ ապրելու սկզբունքը՝ հանուն ինչի եմ ապրում, հանուն որ հավատի եմ ապրում: Ուրեմն ես կորցնելու բան ունեմ, ես սկզբունք ունեմ: Եվ միայն դա է, որ դեռ կռվեցնում է: Իմ արածը հենց կռիվ է: Առաջն Աստված:

«ՄնաՏանը» նախաձեռնության շրջանակներում ապրիլի 22-ին, ժամը 20:00 կարող եք դիտել էժեն Իոնեսկո «Ռնգեղջյուրը» ներկայացումը օնլայն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930