Լրահոս
Օրվա լրահոսը

«Զբոսաշրջության ոլորտի համար առանձին միջոցառման կարիք կա». Մեխակ Ապրեսյան

Ապրիլ 21,2020 15:14

«Զբոսաշրջության ոլորտի համար առանձին միջոցառման կարիք կա: Ոլորտը փլուզումից պետք է փրկել եւ պահպանել»,- այսօր տուրիստական ընկերությունների վարորդների բողոքի ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Տուրիստական ընկերությունների վարորդները ցույցի էին դուրս եկել` կառավարությունից աջակցության ակնկալիքով: Այս ոլորտի աշխատակիցները առհասարակ դուրս են մնացել կառավարության հակաճգնաժամային ծրագրերից:

Մեխակ Ապրեսյանի գնահատմամբ` կառավարությունը արագ եւ օպերատիվ որոշումներ է ընդունել եւ դա դրական է, բայց ընթացքում դրանք պետք է կատարելագործել եւ լրացնել: Ըստ նրա, զբոսաշրջությունը առանձնահատկություններ ունեցող ոլորտ է եւ անհրաժեշտություն կա դրանք հաշվի առնելու եւ փոփոխություններ կատարել կառավարության հաստատած ծրագրերում:

Մեխակ Ապրեսյանի վերլուծություններով, ոլորտի իրական վերականգնումը կսկսվի հաջորդ տարվա ապրիլից: Միայն հրաշք տեղի ունենալու դեպքում ոլորտի վերականգնումը կլինի աշնանը, ապա նոյեմբերին, ձմռան սեզոնով պայմանավորված` կրկին կմարի եւ եկող տարի ապրիլից նորից կսկսվի վերականգնվել: Այսօր գործող կարգավորումներով` արտոնյալ վարկերը կարող են ուղղվել հարկային պարտավորությունների կատարմանը, աշխատավարձերի եւ վարձավճարների մարմանը: Բայց կարեւոր է հաշվի առնել, որ այս ոլորտի սուբյեկտները`տրանսպորտային օպերատորներ, միջոցառումների կազմակերպիչներ, մշակութային որոշ օջախներ այլն, ավելի բարձրակարգ ծառայություններ ապահովելու համար ներդրումներ են կատարել: Ուստի, բանախոսի կարծիքով, արտոնյալ վարկեր պետք է տրվեն երեք տարով`առնվազն 12 ամիս չմարման ժամանակահատվածով եւ առանց վերոնշյալ սահմանափակումների, որպեսզի մարդիկ կարողանան նաեւ արդեն վերցրած վարկերը վճարել:

Կառավարության երրորդ միջոցառմամբ, որը վերաբերվում է փոքր եւ միջին բիզնեսին եւ որում հիմնականում ընդգրկված է զբոսաշրջության ոլորտը, կառավարության ծրագրերից կարող են օգտվել 24-500 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները: Մեխակ Ապրեսյանը գտնում է, որ զբոսաշրջության ոլորտի նկատմամբ այս չափանիշը չպետք է կիրառվի, քանի որ ոլորտում շրջանառությունը մեծամասամբ մինչեւ 24 միլիոն դրամն է, օրինակ, տրանսպորտային ընկերությունները:

Քանի որ բանկերից առնվազն մեկ տարով վարկային արձակուրդ ակնկալելն իրատեսական չէ, Մեխակ Ապրեսյանը գտնում է, որ կառավարությունը պետք է վերանայի որոշ ծրագրեր, հավելումներ կատարվեն դրանցում: Կառավարության ծրագրերում նաեւ տեխնիկական խնդիրներ կան, որոնք, օրինակ, առողջարաններին, միջոցառումների կազմակերպիչներին, «Մեգերյան կարպետ» ընկերությանը եւ ոլորտի հետ առնչություն ունեցող այլ օղակների թույլ չեն տալիս մասնակցել կառավարության ծրագրերին: Տուրիզմի հայկական ֆեդերացիան գրավոր առաջարկը ներկայացրել է կառավարություն` էկոնոմիկայի նախարարությանը, հույս ունեն, որ դրական լուծումներ են ստանալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930