Արտերկրում ՀՀ դեսպանությունների ներկայացուցիչները, դեսպանները գտնվում են կարանտինի մեջ՝ պայմանավորված կորոնավիրուսով: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նա նշեց. «Դիվանագետների աշխատանքն, այս օրակարգի շրջանակներում, կապված է նաեւ անմիջական կոնտակտների հետ: Եվ ես շատ կխնդրեմ, կհորդորեմ Հայաստանի հանրապետության մեր քաղաքացիներին, որոնք գտնվում են ՀՀ-ից դուրս, երբ իրենք օդանավակայանում կամ այլ տեղ են հավաքված, երբ շփման մեջ են իրար հետ, մեր դեսպանության աշխատակիցների հետ, եւ ցավոք, սոցիալական հեռավորությունը չի էլ պահպանվում, այնուամենայնիվ, եթե գիտես, որ ունես նախանշաններ, կամ ձեր ընտանիքի որեւէ անդամը ունի նախանշաններ՝ մի՛ թաքցրեք այդ բանը, ասե՛ք այդ մասին: Դա լավ կլինի ոչ միայն դեսպանության աշխատակիցների համար, այլ մեր բոլոր հայրենակիցների համար, որոնք գտնվում են ձեր շուրջը: Ռուսաստանի դաշնության մեր դեսպանության մի քանի դիվանագետ, այնուամենայնիվ, մեկուսացման մեջ է, դրա պատճառը եղել են այդ անմիջական շփումները, երբ Հայաստան վերադառնալուն պես եւ կարանտինային շրջանն անցնելով պարզվել է, որ մեր հայրենակիցներից ոմանց մոտ թեստերի արդյունքները դրական են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ