ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի վերլուծությունը նավթի բացասական գնի վերաբերյալ
Երեկ, ապրիլի 20-ին, WTI նավթի գինն ընկավ և պատմության մեջ առաջին անգամ դարձավ բացասական:
Իմ շատ ընկերներ հարցնում են դա ի՞նչ է նշանակում, և առհասարակ ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ: Ուզում եմ որոշակի տեղեկատվություն տրամադրել այս թեմայով:
1.Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ մնում են տանը, նավթի նկատմամբ պահանջարկ գրեթե չկա, ինչի արդյունքում ձևավորվել է առաջարկի գլոբալ ավելցուկ:
Կարդացեք նաև
2.Երբ մոտենում է նավթի ֆյուչերսի ժամկետը լրանալու պահը, ներդրողը պետք է ընդունի նավթը՝ համաձայն պայմանագրի կամ վաճառի այն և գնի հաջորդ ամիսների ֆյուչերսը:
3.Խնդիրը նրանում է, որ ներդրողները սկսել էին վաճառել մայիսյան ֆյուչերսները մինչև ժամկետի լրանալը՝ նավթի նկատմամբ պահանջարկի բացակայության պատճառով: Սակայն այս անգամ գործնականում անհնար է եղել գտնել ֆյուչերսի գնորդներ, որոնք կցանկանային ընդունել նավթը: Ամերիկյան ընկերությունները պարզապես տեղ չունեն՝ նավթը պահելու համար:
4.Այս պայմաններում ներդրողներն իրենք էին պատրաստ վճարել մայիսյան ֆյուչերսի գնորդներին ընդհուպ մինչև 40 դոլար մեկ բարելի դիմաց և չէին գտնում էական պահանջարկ:
5.Ներկայումս, երբ նկատվում է նավթի պահեստարանների դեֆիցիտ, սկսել են վարձել տանկերներ, և այսօր ամբողջ աշխարհում լողում է հսկայական քանակությամբ նավթ:
6.Ներդրողները, ուսումնասիրելով համաշխարհային տնտեսության տվյալները, ցավոք սրտի՝ դեռևս չեն տեսնում պահանջարկի վերականգնման էական նշաններ և տնտեսության V-աձև սցենարով վերականգնման էական հիմքեր: Այս պայմաններում, դժվար է հավատալ, որ նույնիսկ նավթի առաջարկի կրճատմանն ուղղված քայլերը կկարողանան փոխհատուցել պահանջարկի անկումը»,-ֆեսյբուքի պաշտոնական էջում գրել է Խաչատրյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն