Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը ոչ թե աջակցում է, այլ հավելյալ բեռ է ստեղծում. Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյան

Ապրիլ 21,2020 13:43
cafe

Մարտի 16-ից ռեստորանները, հանրային սննդի այլ օբյեկտները փակ են, ինչի արդյունքում ոլորտի գործարարները մի շարք խնդիրների առջեւ են կանգնել: Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում թիվ մեկ խնդիր նշեց`բիզնեսը պահելը, բիզնեսի շարունակականությունն ապահովելը, ապա նաեւ աշխատակազմի պահպանման, հարկային վճարումների եւ վարկային պարտավորությունների կատարումը:

Դեռ իրավիճակի անորոշություն կա` կապված համաճարակի զարգացման հետ: Խնդիրը որեւէ մեկից կախված չէ, իսկ անորոշությունը բիզնեսի համար ամենածանր բանն է, քանի որ որեւէ պլանավորում հնարավոր չէ իրականացնել, ուստի մեր զրուցակիցը դժվարանում է կանխատեսումներ անել: Բայց նշված խնդիրներն արդեն իսկ ոլորտի ձեռնարկատերերին ցույց են տալիս իրենց բեռը:

Վահե Գեւորգյան

«Բիզնեսը չաշխատելով`շարունակում է կատարել իր սոցիալական պատասխանատվությունը եւ եթե նույնիսկ աշխատողները հարկադիր պարապուրդում են գտնվում, շարունակում են ստանալ իրենց հասանելիք աշխատավարձը: Բնականաբար, նաեւ սրա հետ կապված, ֆինանսական խնդիրներ են առաջանում: Բացի այդ, ապրիլ ամսվա վերջն է եւ նախորդ եռամսյակի հարկային վճարումների խնդիր կա. մեր բիզնեսի շատ ձեռնարկություններ, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտի շատ ձեռնարկություններ ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարները»,- մեզ հետ զրույցում ասաց Վահե Գեւորգյանը` հավելելով, որ խնդիրը շատ դեպքերում նաեւ բիզնեսի սեզոնայնության հետ է կապված. «Ձմռան սեզոնից հետո ակնկալվում էր գարնանը`մարտ-ապրիլ ամիսներին ավելի աշխույժ կլինի, նաեւ զբոսաշրջիկների հոսքը կմեծանա եւ հնարավոր կլինի բաց թողած գումարները վերականգնել, նաեւ հարկային պարտավորությունները կատարել: Բայց, այդպես չեղավ եւ բիզնեսը մեկ ամսից ավել փակ լինելով, մինչեւ այդ էլ շատ լավ վիճակում չլինելով, խնդիրների առջեւ է կանգնած»:

Վահե Գեւորգյանը պատմում է, որ ճգնաժամը սկսելուն համընթաց ոլորտի ներկայացուցիչներն են կառավարության, մասնավորաբար էկոնոմիկայի նախարարության մասնագետների հետ հանդիպումներ նախաձեռնել եւ մի քանի տարբերակներ են առաջարկել, որոնցից ոչ մեկը կառավարությունը չի ընդունել: Առաջարկներից մեկն էլ հարկային արձակուրդն է եղել, ինչը այս ընթացքում տարբեր երկրներում կիրառվեց. «Բոլորին էլ հասկանալի է, որ չաշխատող բիզնեսը չի կարող հարկեր վճարել: Գուցե կառավարության ղեկավարին ասել են`եթե գործունեություն չկա, հարկեր չեն գոյանում, բայց դա թյուրիմացություն է, որովհետեւ նախորդ եռամսյակի հարկային պարտավորությունները պետք է ապրիլ ամսին վճարվեին եւ շրջանառության հարկի հարց է առաջանում: Նաեւ, քանի որ մարդկանց աշխատավարձ է վճարվում 2/3-ով` հարկադիր պարապուրդում գտնվելու ընթացքում, այդտեղ էլ եկամտահարկի հարց է առաջանում: Վերջին խնդիրն առաջիկայում էլ է լինելու, քանի որ մեր միության անդամները սոցիալական պատասխանատվության առումով միշտ պարտաճանաչ են»:

Այս ընթացքում ՀՀ կառավարությունը մեկ տասնյակից ավել ծրագրեր հրապարակեց, որոնցից մեկով նաեւ բիզնեսին պարզված ձեռք կա`անտոկոս վարկերի ձեւով`աշխատավարձերի եւ հարկային պարտավորությունները կատարելու համար: Կառավարության ընձեռած այս հնարավորության առնչությամբ մեր զրուցակիցը նկատում է՝ թե ռեստորանային բիզնեսի ոլորտում, թե զբոսաշրջային բիզնեսի ոլորտում բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք արդեն իսկ վարկային պարտավորություններով են իրենց բիզնեսը վարում եւ պարտաճանաչ վարկառուներ են, մինչ այս իրավիճակը վճարումները նորմալ կատարել են, ուշացումներ չեն եղել եւ այսօր նոր վարկային բեռ վերցնելը շատ կազմակերպություններ համարել են անպատասխանատու. «Որպես միություն, մենք էլ ենք դա համարում անպատասխանատու: Գիտեք, շատ գայթակղիչ կարող էր լինել, եթե գնայինք այդ ճանապարհով եւ ինչ-որ վարկեր վերցնեին մարդիկ, բայց մեկ տարի կամ մի քանի ամիս հետո չկարողանային այդ վարկերը վճարել»:

Նկատեցինք նաեւ, որ արտոնյալ ժամկետ է տրվում եւ վարկերը վեց ամիս չեն վճարվելու: «Բայց վեց ամիս հետո վճարվելու են»,- հակադարձեց մեր զրուցակիցը` մանրամասնելով. «Սահմանափակումները մեկ ամիս առաջ մտան, մենք հասկանում ենք, որ եւս մեկ ամիս այս սահմանափակումները գործելու են, այդ ժամկետից հետո նույնիսկ եթե բացվեն սննդի օբյեկտները, բոլորիս համար էլ հասկանալի է, որ եւ բնակչությունը ֆինանսապես ի վիճակի չի լինելու լինել այն հաճախորդը, որ մինչճգնաժամային վիճակում էր, եւ որ շատ կարեւոր է, նաեւ զբոսաշրջիկներ չենք ունենալու: Այսինքն, դեռ բավականին երկար ժամանակ, բիզնեսը չի կարողանալու հասնել իր նախաճգնաժամային շրջանառությանը: Ու քանի որ կառավարությունը, ֆինանսական բլոկը կարողացել է առաջ տանել գիծը, որ հարկային արձակուրդ չի լինելու, նաեւ շարունակելու են հարկերը վճարել եւ փաստացի, բիզնեսը չի կարողանալու հավելյալ վարկ սպասարկել»:

Մեր զրուցակիցը հարկ է համարում ընդգծել, որ որոշ դեպքերում կառավարության տրամադրած վարկը նաեւ տոկոսով է, միայն արտոնյալ-անտոկոս չէ. «Ի՞նչ են անում կառավարությունում. ասում են այս վարկը վերցրու եւ առաջին փաթեթով միայն մեկ ուղղությամբ օգտագործիր`աշխատավարձ, հարկեր, վարկեր վճարելու: Սա արդեն սահմանափակում է: Եվ երկրորդ, այդ գումարը դու վերցնում ես եւ նորից պիտի իրեն` կառավարությանը վճարես ու դա գործարարի վրա պարտք է լինում, որը հետո ամեն ամիս պետք է վճարի: Իսկ մենք կառավարությանն առաջարկում էինք տալ առնվազն առաջին եռամսյակի վերջի եւ երկրորդ եռամսյակի համար հարկային արձակուրդ եւ կոչ անել բանկերին, որպեսզի վարկերի հետաձգումը ոչ թե ուղղակի տեխնիկապես անեին, որ այդ նույն գումարը հետո բաշխվեր մնացած ամիսների վրա`ավելի ծանրացնելով վարկառուի վիճակը, այլ երկարացնեին վարկերի ժամկետը 3-6 ամսով եւ հետո, ըստ իրավիճակի. կողմնորոշվեին»:

Դեռ մեկ տարի առաջ ռեստորանային բիզնեսը համարվում էր արդյունավետ գործող, խոսվում էր գաստրոտուրիզմի զարգացման մասին`ակնկալվող երկու միլիոն զբոսաշրջային հոսքի ֆոնին: Անցած տարի ՀՀ բյուջեն համալրվել է 1 միլիարդ 200 միլիոն դոլարից ավելի գումարով` զբոսաշրջության հաշվին: Դրա 25-30 տոկոսը`300-400 միլիոն դոլարը, բաժին է ընկնում հանրային սննդի ոլորտին: «Հիմա այս բիզնեսը ծանրագույն վիճակում է, փակվում է, տարբեր երկրներում աջակցում են տարբեր ձեւերով ուղղակի գումար հատկացնելով: Իսկ մեզ մոտ, ստացվում է, որ բիզնեսին սխալ ազդանշան ենք տալիս`ասում ենք`ինչ-որ ձեւով կփորձենք ձեզ համար ինչ-որ բան անել, բայց այդ ինչ-որ մի բանը չի ծառայելու իր նպատակին»,-ասում է Վահե Գեւորգյանը:

Մեր դիտարկմանը`օրերս վարչապետը նաեւ թվեր հայտարարեց, ըստ այդմ կառավարության աջակցության առաջին փաթեթից օգտվել է 200-ից ավել ձեռնարկություն, երրորդ փաթեթը, որը միջին եւ մանր բիզնեսին է վերաբերվում, նույնպես օգտվել է 200-ից ավելի ձեռնարկատեր, մեր զրուցակիցը հակադարձեց. «Հայաստանում կա 67 հազար մանր եւ միջին ձեռնարկություն: Մեր ոլորտում գործում է 2500-ի կարգի մշտական գործող ձեռնարկություն. եթե նույնիսկ միայն մեր ձեռնարկությունները դիմեին… բայց 200-ի կարգի ձեռնարկություն է դիմել… Պարզ է, չէ՞, որ այս օգնությունը հրատապության կարգով է եւ առաջին փուլով դիմողներն էին շատ լինելու: Այս օգնությունը նախատեսված է հիմա օգնելու համար, երեք ամիս հետո գուցե այն պետք չլինի, շատերը միգուցե նաեւ փակված լինեն: Մի քանի ամսից մարդը եւ այդ վարկը չի կարողանալու վերադարձնել եւ հարկը չի կարողանալու տալ: Մինչդեռ մի քանի ամիս հետո, երբ ճգնաժամից դուրս կգային այդ ձեռնարկությունները, ավելի շատ հարկ էին վճարելու պետբյուջե»:

Հարցին`Ձեր կարծիքով խնդիրը ո՞րն է, երբ ամբողջ աշխարհում իրապես օգնության ձեռք է մեկնվում բիզնեսին, մեր կառավարություն ինչո՞ւ իմիտացիայի ճանապարհն ընտրեց, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք չենք հասկանում`ինչո՞ւ այս տարբերակով գնալ»: Նա նաեւ հավելեց, որ տեխնիկական խնդիրներ են առաջացնում կառավարությունում: Օրինակ, ձեռնարկություններ կան, որոնք անցած տարի են բացվել եւ բավականին լավ աշխատող են եղել, բայց միայն նրա համար, որ կառավարության աջակցության փաթեթներում դրված է, որ ձեռնարկությունը 2019 թվականին ամբողջությամբ պետք է աշխատած լինի, չեն կարողանում նույնիսկ այս սահմանափակ փաթեթների համար դիմել:

Վիճելի հարցերով արդեն մի քանի շաբաթ է Ռեստորանների հայկական միությունը դիմել է կառավարությանը, բայց պատասխանատու նախարարություններից արձագանք չկա, մինչդեռ ճգնաժամային իրավիճակը պահանջում է, որ հարցերին շատ ավելի արագ պետք է լուծում տրվի:

Նկատեցինք`գուցե պատճառն այն է, որ կառավարության ֆինանսական բլոկի պատասխանատուները «Սերժի մնացորդներ» են, ինչպես նախորդ օրը վարչապետն էր բնութագրում: Վահե Գեւորգյանը արձագանքեց. «Մենք, իբրեւ պրոֆեսիոնալ ասոցիացիա, քաղաքականության մեջ չենք մտնում: Բայց մեկ բան ուզում եմ ասել`սա մրցակցային ոլորտ է եւ մեր ոլորտի ձեռնարկությունները հիմնականում կայացել են նախորդ տասնամյակում եւ դրանից առաջ: Ինքնակայացած կազմակերպություններ են, բոլորն էլ հետեւում են եւ գիտեն, որ ինչ-որ օլիգարխներ կանգնած չեն այս բիզնեսի ետեւում: Մարդիկ են, որոնք իրենց նվիրում եւ հավատալով, որ հնարավոր է Հայաստանում հանրային սննդի ոլորտը զարգացնել, գաստրոտուրիզմը զարգացնել, աշխատել են ու հասցրել են այս կարեւոր կետին: Շատ ափսոս կլինի, որ այս ոլորտը գնա անկման, քանի որ ստեղծված կարեւոր արժեք է եւ գեներացնում է նաեւ շղթայի այլ օղակներ`գյուղատնտեսական մթերքներից է օգտվում, զբոսաշրջությանն է աջակցում, հայկական խոհանոցն է զարգացնում, որոշակի մշակույթ է մտցնում մեր երկրի եւ այլն: Այստեղ չկա որեւէ քաղաքական բան: Մենք գիտենք, որ մեր երկիրը դժվար վիճակում է գտնվում եւ մենք չենք պահանջում բաներ, որոնք անկարելի են, մաքսիմալիստական են: Ինչ-որ հիմա արվելու է, արվելու է, որպեսզի ոլորտը գոյատեւի, ոչ թե շահույթ ապահովելու մասին է խոսքը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930