Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարվա համար նախատեսված 4․9 % տնտեսական աճը իրատեսական չէ». «Ժամանակ»

Ապրիլ 21,2020 12:51

Միջազգային ֆինանսական հեղինակավոր կառույցներն օրերս հրապարակել են հարավկովկասյան երկրների 2020-ի տնտեսական աճի տեմպերի վերաբերյալ իրենց կանխատեսումները։

Մասնավորապես, ըստ Ասիական զարգացման բանկի կանխատեսումների՝ Հայաստանը 2020-ը կամփոփի 2․2 տոկոս տնտեսական աճով, Ադրբեջանը՝ 0․5 տոկոս, իսկ Վրաստանը՝ 0 տոկոս։ Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանը կունենա 1․7 տոկոս տնտեսական աճ, Վրաստանը՝ 0․1 տոկոս, իսկ Ադրբեջանը՝ 0․2 տոկոս։ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականն այլ է՝ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում կառույցը տնտեսական անկում է կանխատեսում, ավելի կոնկրետ՝ Հայաստանում՝ 1․5 տոկոս, Ադրբեջանում՝ 2․2 տոկոս, իսկ Վրաստանում՝ 4 տոկոս։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն առավել իրատեսական են։

«Ինչ վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսական աճի՝ այս կառույցների գնահատականներին ու դրանց միջև եղած ակնառու տարբերությանը, ապա դա պայմանավորված է նրանով, որ, օրինակ, Վրաստանի ՀՆԱ-ում զբոսաշրջության արժեքային շղթայի մասնաբաժինը մեծ տեսակարար կշիռ ունի, և հաշվի առնելով, որ համավարակը հիմնականում խոցել է տնտեսության հենց այս ոլորտը, ապա, բնականաբար, Վրաստանում ավելի նկատելի է այդ անկումը, իսկ Ադրբեջանի պարագայում որոշիչ գործոնը տնտեսության կախվածությունն է նավթային եկամուտներից, որովհետև նավթարդյունաբերական համալիրի մասնաբաժինը նրանց տնտեսության կառուցվածքում բավականին լուրջ կշիռ ունի, իսկ այժմ, բոլորս էլ գիտենք, որ համաճարակային այս պայմաններում նավթամթերքի նկատմամբ պահանջարկը բավականին նվազել է, որն էլ իր հերթին ազդել է նավթի համաշխարհային գների վրա»։

Նշենք, որ այս տարվա ՀՀ պետական բյուջեի համաձայն՝ 2020-ին Հայաստանը պետք է արձանագրեր 4․9 տոկոս տնտեսական աճ։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ստեղծված այս իրավիճակում և արտակարգ դրության պայմաններում, կառավարության ներկայացուցիչները դեռևս չեն շտապում տնտեսական անկման կոնկրետ ցուցանիշներ հրապարակել, սակայն նշում են, որ ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները զգալիորեն ցածր կլինեն ավելի վաղ նախատեսվածից։

Այս համատեքստում Հայկազ Ֆանյանն արձանագրեց, որ այս տարվա համար նախատեսված 4․9 % տնտեսական աճը, միանշանակ, իրատեսական չէ։

Ավելին, տնտեսագետի խոսքով՝ իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020-ին Հայաստանում տնտեսական աճի անկումը կարող է լինել մինչև 3 %։

«Ըստ իս՝ մեր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, բյուջեի ծախսային մասը կթողնի նույնը, իսկ եկամուտների մասով կրճատումներ կլինեն, այսինքն՝ այն ներքին աղբյուրներից, որոնցից եկամուտների հավաքագրումներ պետք է լինեին, այդ եկամուտները կկրճատվեն, և դեֆիցիտն ավելի կմեծանա իր նախանշված չափաքանակից, և այս դեպքում արդեն պետությունը պետք է հասկանա, թե ինչ աղբյուրների միջոցով ֆինանսավորի այս դեֆիցիտը։ Կարծում եմ՝ այստեղ խոսքը կարող է վերաբերել նույն Արժույթի միջազգային հիմնադրամին կամ այլ միջազգային կառույցների օգնությանը դիմելուն, որովհետև դրանց հետ որոշակի պայմանավորվածություններ կան, որ նմանատիպ իրավիճակներում իրենք կարող են շատ պարզեցված ընթացակարգերով ֆինանսական միջոցներ ներգրավել և ուղղել բյուջետային ծախսերի կատարմանը»,-նկատեց Ֆանյանը։

Առհասարակ, նման տնտեսական ճգնաժամերի դեպքում, այսպիսի ռեցեսիոն բնույթի պայմաններում կառավարության անմիջական հակազդեցությունը շատ կարևոր է, և այս առումով պետք է ասեմ, որ մեր կառավարությունը բավականին օպերատիվ արձագանքեց»։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930