Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահացել է Ռուբեն Շուգարյանը. ՀԱԿ ցավակցությունը

Ապրիլ 21,2020 16:50

Հայ Ազգային Կոնգրեսի ցավակցությունը Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան առթիվ. 

2020 թվականի ապրիլի 20-ին կյանքից հեռացավ մեր մտերիմ ընկեր, զինակից եւ գաղափարակից Ռուբեն Շուգարյանը։ Ռուբենը կանգնած էր անկախ պետականության ստեղծման ակունքներում։ Նա ակտիվ դեր կատարեց 1988 թվականի Համաժողովրդական շարժման շարքերում, իսկ անկախ պետականության ստեղծումից հետո տարբեր պետական պաշտոններում ակտիվորեն մասնակցեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մշակման եւ իրականացման գործին։ Պետական ծառայության իր արգասաբեր ճանապարհը նա սկսեց 1990 թվականին՝ առաջին ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորված հայոց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետի պաշտոնում։ 1991 թվականին ՀՀ Առաջին նախագահի օգնականն էր, 1992-ին՝ նրա առաջին մամլո քարտուղարը։ Հայաստանի համար անցումային եւ պատերազմի դժվարագույն տարիներին բոլոր այս պաշտոններում նա աչքի ընկավ պետական մտածելակերպով, գործի նկատմամբ  բարձրագույն պատասխանատվության զգացումով, բացառիկ պարկեշտությամբ եւ սկզբունքայնությամբ։

1993 թվականին Ռուբեն Շուգարյանը նշանակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, այդ պաշտոնում աշխատեց մինչեւ 1999 թվականը։ Բացառիկ ներդրում ունենալով հայ-ամերիկյան հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործում, նա իրեն դրսեւորեց որպես փայլուն դիվանագետ եւ հմուտ կազմակերպիչ, լուծելով բարդագույն արտաքին քաղաքական խնդիրներ, ստեղծելով լայն եւ արդյունավետ համագործակցություն Սպիտակ տան եւ Կոնգրեսի հետ, մասնավորապես,1994 թվականին կազմակերպելով ՀՀ բարձրագույն ղեկավարի առաջին եւ առայժմ միակ պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ՝ իրականացված պետական այցի արարողակարգով։ Որպես ԱՄՆ-ում Արտակարգ եւ լիազոր դեսպան նա արդյունավետ եւ մտերիմ հարաբերություններ կառուցեց նաեւ ամերիկահայ համայնքի բոլոր նշանակալից հաստատությունների ներկայացուցիչների հետ, նրանց շրջանում վայելելով բարձր հեղինակություն եւ հարգանք։ Նույնքան բարձր պրոֆեսիոնալիզմով եւ պատասխանատվությամբ Ռուբեն Շուգարյանը շարունակել է իր ծառայությունը դիվանագիտական ասպարեզում՝ որպես արտաքին գործերի նախարարի տեղակալ 2001-2005 թթ. եւ Իտալիայում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան 2005-2008 թվականներին։

2008 թվականին Ռուբեն Շուգարյանը բարձր մարդկային որակների, քաղաքացիական համարձակության եւ սկզբունքայնության օրինակ ծառայեց հանրությանը, երբ ԱԳՆ-ի մի քանի աշխատակիցների հետ միասին հրապարակայնորեն իր ձայնը բարձրացրեց, դատապարտելով նախագահական ընտրությունների կեղծումը, ինչի պատճառով ենթարկվեց ռեժիմի ապօրինի հետապնդումների եւ ճնշումների, զրկվելով աշխատանքից եւ դիվանագիտական կոչումից։ Նա երբեք չընկրկեց այդ ճնշումների առաջ, բարձր պահելով իր արժանապատվությունն ու վաստակելով հասարակության հարգանքը եւ համակրանքը։ Ռուբենը ստիպված էր լքել Հայաստանը եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում, զբաղվելով գիտական գործունեությամբ եւ դասավանդմամբ Մասաչուսեթսի համալսարանում։ Այդ բնագավառում նույնպես Շուգարյանը դարձավ օրինակելի գործիչ, հարգված դասախոս եւ քաղաքագետ, արժեքավոր հրապարակումների հեղինակ։ Ակտիվորեն մասնակցեց Հայաստանի ժողովրդավարացմանը եւ աջակցեց ներքաղաքական հեղափոխական գործընթացներին։

Ռուբենը ընտանիքի սիրված հայր էր եւ հոյակապ ընկեր, նրբազգաց եւ բարի, սրամիտ եւ հետաքրքիր զրուցակից, երաժշտության փայլուն գիտակ, միշտ ժպտասեր եւ կարեկից։ Նա պատկանում էր մարդկանց այն հազվագյուտ տեսակին, որոնց բոլորը սիրում են։ Հայ Ազգային Կոնգրեսն իր խորը վշտակցությունն է հայտնում նրա սիրելի կնոջը՝ Լիլիթին եւ հրաշալի զավակներին՝ Նարեկին, Տիգրանին եւ Հայկին, բոլոր հարազատներին եւ մտերիմներին։ Կորուստն ու ցավը շատ մեծ են այսօր։ Միակ սփոփումը այն գիտակցությունն է, որ Ռուբեն Շուգարյանը ապրել է գեղեցիկ եւ բովանդակալից կյանք, որը լի էր սիրով, մեծ գործերով եւ նվաճումներով, լույսով։

Հայ Ազգային Կոնգրես

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930