Համավարակի դժվարին օրերին էլ Նիկոլ Փաշինյանին նախկինները հանգիստ չեն թողնում։ Կիրակի օրը նա հերթական լայվը մտավ ու փորձեց որոշ շրջանակների հետ հաշիվներ մաքրել: Նախ ասաց, որ հսկայական դժգոհության ալիք եւ հիասթափություն կա հեղափոխությունից եւ իշխանությունից, քանի որ բոլորը «փայ» են ուզում եւ քանի որ չեն ստացել ու չեն ստանալու, դժգոհ են իրենից։ Ինքը տեղի չի տալու եւ նրանց թողնելու է առանց «փայի»։
Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի կարծիքով, վարչապետի՝ հանրային որոշակի հիասթափության կապակցությամբ եզրակացությունը մասամբ ճիշտ է, քանի որ, ի թիվս այլ ակնկալիքների, հանրությունն ունեցել է արդարության հույս: «Ցավոք, միայն խոսվեց անցումային արդարադատության մասին, բայց տեսանելի քայլ չկատարվեց այդ ուղղությամբ: Այդ քայլի բացակայությունը թույլ է տալիս երեկվա գջլողներին, որ տարիներով իրենց թալանածի մի չնչինագույն մաս որպես «բարեգործություն» նետեն բնակչությանը եւ շարունակեն ուզուրպացնել նաեւ բարեգործի, հայրենասերի, հումանիստի կարգավիճակները: Հանրությունն իրավունք ունի իրեն կրկնակի անարգված զգալու: Հայտնի խոսք է՝ «Հին գինին՝ հին տակառներում, նորը՝ նոր»: Շատ կարեւոր պաշտոններում կադրերը փոխվել են, շատերը՝ մնացել նույնը, ելնելով իշխանավարման նպատակահարմարությունից. ի՞նչ թավիշի մասին է խոսքը: Մի՞թե նախորդ իշխանություններն էլ չէին կարող նույն կերպ մեկնաբանել՝ ասելով, որ մեծահոգաբար շանս են տալիս, որ մարդիկ վերափոխվեն: Անհամոզիչ է, եթե չասվի՝ վիրավորական»: Հայրապետյանի խոսքով՝ ժողովրդի մեջ չկա «փայ մտնելու» ակնկալիք․ «Այդպիսի ակնկալիք կարող են ունենալ միայն երեկվա եւ այսօրվա ընչաքաղցները, որոնք իրենց պատկերացնում են առանձնաշնորհյալներ: Այս հարցում պարոն վարչապետն իրավունք ունի դժգոհելու բացառապես իր այսօրվա շրջապատից եւ երեկվա՝ պետության մսուրքին կապվածներից: Ժողովրդային հիասթափությունն ամենեւին դրանով չի պայմանավորված. ափսոս, որ այդպես է եզրակացրել պարոն վարչապետը»:
Հետաքրքրվեցինք՝ այս օրերին, երբ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, պայքարում է համավարակի դեմ, ինչո՞ւ Փաշինյանը նորից հիշեց նախկիններին․ «Սեւ-սպիտակի պարզունակ մեխանիզմը միշտ գործողության մեջ պահելը ձեռնտու է բացառապես իշխանությանն ու նախկիններին, դրանով մշտապես ամայի կպահվեն Հայաստանի քաղաքական, տնտեսական, գաղափարների ու մտքերի դաշտերը՝ ի վնաս Հայաստանի ներկայի ու ապագայի եւ հօգուտ նախկինների ու ներկաների նեղ, գավառամիտ խմբերի»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: