Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնում է ընտրել քավության նոխազի, որովհետև իրենք երբեք չեն ընդունի, որ պետական կառավարումից կիլոմետրերով հեռու են ու չեն կարողանում ճիշտ կառավարում իրականացնել». «Փաստ»

Ապրիլ 21,2020 12:28

Պարբերական բնույթ ստացած պոռթկումները, որոնք հաճախ «live»-երի միջոցով են արտահայտվում, իրենց պատճառներն ունեն: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ՝ կարևոր պատճառներից մեկը հասարակության բողոքն է, որն այդքան էլ ցանկալի չէ իշխանության համար:

«Նախ՝ վարչապետի մոտ ժանրի ճգնաժամ կա. դեղին մամուլին բնորոշ բառապաշարը խորն է նստած: Երկար տարիներ նա այս ոճի մեջ է եղել և այդ պատճառով այսօր վերափոխվելու, պետական գործիչ դառնալու առումով դժվարությունների է հանդիպում: Սա է պատճառը, որ պարբերաբար վերադառնում է տարիներ շարունակ իրեն բնորոշ լեքսիկոնին ու բառապաշարին, և մերթընդմերթ նման պոռթկումների ենք ականատես լինում: Երկրորդ հանգամանքն այն է, որ անգամ նա է ընդունում, որ հասարակության մոտ շատ լուրջ բողոք կա՝ կապված հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի հետ: Ու այս պարագայում մնում է ընտրել որևէ քավության նոխազի, որովհետև իրենք երբեք չեն ընդունի, որ պետական կառավարումից կիլոմետրերով հեռու են ու չեն կարողանում ճիշտ կառավարում իրականացնել: Սա է պատճառը, որ վերադարձ է լինում նույն բառապաշարին՝ «թալանչիներին», «վնգստացող դատավորներին», «նախկին իշխանությունների մնացորդներին»»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Բ. Մաթևոսյանը:

«Ն. Փաշինյանը երկար տարիներ պետական համակարգի հետ առնչվել է մի սկզբունքով. նա պետական համակարգի տարբեր մարմինների որպես թշնամի է ընկալել: Վարչապետն ինքն իր էությամբ հակապետություն է. երբ երկար տարիներ, մարմնավորելով հակապետությունը, գալիս ես իշխանության ու չունես երկրի ղեկավարման հստակ ծրագիր, հայեցակարգ ու մոտեցումներ, տրամաբանական է, որ ունեցած պատկերացումները, բախվելով իրականության հետ, անընդհատ կոնֆլիկտներ են առաջացնելու»:

Գնահատելով այսօր առկա իրավիճակն ու անդրադառնալով նաև կառավարման առանձին խնդիրներին՝ Բենիամին Մաթևոսյանը շեշտեց. «Նույն արտակարգ դրությունը ցույց տվեց, որ Հայաստանի կառավարման համակարգում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, ձախն էլ տեղյակ չէ, թե աջն ինչ է ուզում անել: Սա է պատճառը, որ վարչապետը կարող է հայտարարել, թե ջարդել ենք կորոնավիրուսի ողնաշարը, իսկ առողջապահության նախարարը՝ խոսել արտակարգ դրության ավարտին մոտ 5000 վարակված անձ ունենալու հավանականության մասին: Անգամ նման հարցերը չկարգավորելու խնդիրն է պայմանավորված կառավարման փորձի վերոնշյալ բացակայությամբ: Բացի այդ, այսօր բազում մարդկանց մոտ նույն վարակի նկատմամբ անլուրջ վերաբերմունք կա: Սա իշխանությունների վարած քաղաքականության ուղիղ հետևանքն է:

Համաշխարհային փորձն է ցույց տալիս, որ ժողովուրդներին կրթում ու ուղղորդում է վերնախավը: Իսկ դեպի ո՞ւր կարող է ուղղորդել մեզ այսօրվա վերնախավը, ինչպե՞ս կարող է կրթել, ի՞նչ կարող են տալ այսօրվա և վաղվա սերունդներին»:

Նա շեշտեց, որ մեր՝ Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը սոցիալ-տնտեսական ոլորտում է կարգավորվելու. «Ինչ կլինի հետագայում, ցույց կտա ժամանակը, բայց այս ամենից դուրս գալու համար ոչ ստանդարտ մոտեցումներ են անհրաժեշտ: Կցուցաբերի՞ իշխանությունն այդ մոտեցումները, շատ բարի, բոլորս շահագրգռված ենք, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ լինի: Եթե ոչ, արդեն իշխանություններից դուրս գտնվող մարդիկ պետք է կարողանան ոչ ստանդարտ լուծումներ գտնել՝ ապահովելով իրավիճակի հանգուցալուծումն այնպես, որ իրավիճակից հնարավորինս նվազ կորուստներով դուրս գանք»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930