Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է կառուցել ջրամբարներ, այն բոլոր հարմար տեղերում, որտեղ հնարավոր է գարնանային ձնհալի ջրերը պահել». «Ժամանակ»

Ապրիլ 21,2020 11:57

Հայաստանի ջրամբարներում ապրիլի 17-ի դրությամբ 1,5-2 անգամ ավելի քիչ ջուր է կուտակվել, քան անցած տարի։ Այդ մասին ահազանգում է Հայկական բնապահպանական ճակատը։

Նա նշեց, որ նախկինում կասկածներ ու փաստեր կային, որ այդ ջրերը բաց են թողնվում տարբեր հէկերի աշխատանքների համար, որից հետո պարզվում էր, որ ջուր չկա, ջրամբարները դատարկ են։

«Դրանից հետո ասում էին՝ Սևանից պետք է ջրառ իրականացվի, որպեսզի նաև ջրի մակարդակը չբարձրանար ու իրենց դղյակներն ու օբյեկտները չտուժեն։ Մենք առաջ նման մտահոգություններ, ահազանգեր ու փաստեր ունեինք։ Հիմա չեմ կարող ասել, թե ինչու է այդպես, բայց 3-4 դեպք եղել է, որ ջրամբարները ինչ-որ խնդրի պատճառով լրիվ դատարկել են՝ Արփի լիճ ջրամբարը, Մեծավանի, Սևաբերդի։ Մեծավանի ու Սևաբերդի ջրամբարում ձկները լրիվ սատկել էին։ Իրենք էլ ասում էին՝ դե, ինչ անենք»,- մտահոգություն հայտնեց Լևոն Գալստյանը։ Նրա խոսքերով՝ համակարգում քանի որ դեռ մնացել են նախկին կադրերից, իրենք կասկածներ ունեն, որ այդ մարդիկ սպասարկում են նույն բիզնես շրջանակի շահերը։ Դրա հետևանքով գյուղացիները կարող են կանգնել ջրի խնդրի առաջ։

Լևոն Գալստյանը նշեց, որ իրենց ահազանգին դեռ արձագանք չի եղել։ «Մեր մտահոգությունն այն է, որ պետք է լուրջ վերահսկողություն լինի ջրամբարների նկատմամբ։ Չպետք է ոչ մի լիտր ջուր, ինչպես սիրում են ասել, աննպատակ բաց թողնվի»,- շեշտեց Գալստյանը։

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը կարծում է, որ նոր ջրամբարների կառուցումը պետք է ու խիստ անհրաժեշտություն է Հայաստանի համար։ «Մեր տարածքում ձևավորվում է 6-7 մլրդ խմ ջուր, իսկ մենք դրա 20 տոկոսն էլ չենք կարողանում պահել ու օգտագործել ոռոգման նպատակներով։ Այո, պետք է կառուցել ջրամբարներ, հատկապես փոքր ու միջին, այն բոլոր հարմար տեղերում, որտեղ հնարավոր է գարնանային ձնհալի ջրերը պահել ու ոռոգել մարդկանց հողատարածքները։ Դա աշխարհում տարածված բան է, իսկ մենք դրա հնարավորությունն ունենք, քանի որ տարածաշրջանի ամենաբարձրադիր երկիրն ենք։ Մենք ունենք հնարավորություն այդ ջրերը պահելու»,- մանրամասնեց Լևոն Գալստյանը, ապա առաջարկեց կառուցել փոքր ջրամբարներ հատուկ երկու-երեք գյուղի տնտեսությունների, ֆերմաների սպասարկման համար։

Մեր զրուցակցի խոսքերով՝ կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակում, չի բացառվում, որ Հայաստանն ունենա ներմուծման խնդիրներ, հատկապես գյուղատնտեսական ապրանքների, ու այս պարագայում երկիրը պետք է ինքնաբավ լինի ու գոնե ոռոգման խնդիր չունենա։

Երկրորդ կարևոր խնդիրը, որը Հայկական բնապահպանական ճակատը պատրաստվում է բարձրաձայնել՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցն է։ «Այս տարի Սևանա լճի մակարդակը 1 սմ պակաս է, քան անցած տարի։ Չնայած այն հանգամանքին, որ Արփա-Սևան թունելով մոտավորապես 40 մլն խմ ջուր է տեղափոխվել։ Իսկ անցած տարի մինչ այս պահը ոչ մի խմ ջուր չի տեղափոխվել։ Այստեղ հարց է առաջանում։ Մենք ի՞նչ հեռահար պլան ունենք Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված, ու արդյոք, ի վերջո, ՀՀ-ն ուզում է բացի Արփա-Սևան թունելից, օգտագործել Որոտան-Արփա թունելը, որը 2004 թվականին է շահագործման հանձնվել, բայց ոչ մի կաթիլ ջուր չի տեղափոխվել։ Այդ թունելով նախատեսված էր տարեկան 165 մլն խմ ջուր տեղափոխել Սևանա լիճ։ Եթե մենք այդ ջրերը տեղափոխենք, Կեչուտի ջրամբարի ջուրը տեղափոխենք, տարեկան կլինի 400-450 մլն խմ ջուր դեպի Սևան։ Դրանով և՛ Սևանի մակարդակը կարող ենք բարձրացնել, և՛ ոռոգման նպատակներով օգտագործել։ Լճի մակարդակը պետք է բարձրացնել։ Քանի որ արդեն խաթարել են Սևանա լճի մակարդակը, հիմա պետք է այդ ձևով կարգավորենք։ Որոտան-Արփա թունելը պետք է վերագործարկել։ Հիմա ոչ մի ձայն չկա, թե ինչու չի գործարկվում։ Սա էլ երկրորդ կարևոր հարցը, որը մենք պատրաստվում ենք բարձրաձայնել»,- ասաց աշխարհագետ Լևոն Գալստյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930