ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում, այսպես կոչված, «Սերժի մարդկանց»-ից ազատվելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկինները ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ», եւ եկել է ժամանակը նրանց զտելու:
Սակայն այստեղ կարեւոր է, թե, ի վերջո, ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսի որակում տալով, քանի որ հենց կառավարման համակարգի վերին օղակներում եւս կան պաշտոնյաներ, որոնք երկար տարիներ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ նաեւ մինչեւ հեղափոխությունը։ Այսպիսով, ներկայիս նախարարների, փոխնախարարների մեջ էլ կան նախկին պաշտոնյաներ. նրանք են արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը (մինչ հեղափոխությունը եղել է նախարարի տեղակալ), շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը (վարչապետի օգնական, նախարարի տեղակալ), ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը (երկար տարիներ եղել է նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ), պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (եղել է փոխնախարար, ԱԻ նախարար)։ Ի վերջո, արդյոք խոսքը նրանց մասին է, թե, ամեն դեպքում, մեկ կամ երկու աստիճան ցածր գտնվող պաշտոնյաների մասին՝ փորձեցինք պարզել հենց նրանցից։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը, մեր հարցադրմանն ի պատասխան, նշեց. «Նման հարցադրումը ստիպված եմ առանց մեկնաբանության թողնել»։ Իսկ, ահա, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե ինքը շատ-շատ վաղուց է համակարգում, եւ այդ հայտարարությունը իրեն չի կարող վերաբերել։ Միեւնույն ժամանակ Ցոլակյանը համակարծիք էր վարչապետի հետ այն առումով, որ հեղափոխությունը չհասկացած մարդիկ պետք է հեռանան։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։