Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության մասին դիրքորոշում հայտնած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հերթական անգամ թիրախ է դարձել: Երկրի բարձրաստիճան պաշտոնյաները մեծ մասամբ չեն ընդունում այն հանգամանքը, որ Վեհափառ հայրապետը, հաշվի առնելով կորոնավիրուսի վտանգավորությունը, անազատության մեջ գտնվող անձանց կալանքի փոփոխության մասին կարող է հայտարարություն անել: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը չի ցանկանում գնահատական տալ թե՛ իր գործընկերների, թե՛ հոգևոր հայրերի հայտարարություններին: «Իրատեսի» հետ զրույցում նա նշեց՝ երկու ինստիտուտներն էլ պետք է հարգեն մեկմեկու, և այդ հարգանքը, առաջին հերթին, նախ իրենք՝ բարձրաստիճան պաշտոնյաները, պետք է դրսևորեն, քանի որ հենց իրենք են ինչ-որ առումով հանրային վարքագիծ թելադրողները: Հստակեցնում է՝ երբ այդ վարքագծին պաշտոնյաներն են հետևում, քաղաքացուց էլ չեն կարող ակնկալել, որ կաթողիկոսին ոչ թե ավազանի անունով, այլ «Վեհափառ» դիմելաձևով պետք է դիմեն:
–Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, հարգելու խնդիր կա, փաստորեն:
-Միանշանակ: Մեր երկրում տարիների ընթացքում բոլոր ինստիտուտների նկատմամբ է հարգանքը վերացել: Դա այսօրվա խնդիր չէ, այլ խնդիր է, որ այսօր պետք է լուծում ստանա: Բոլորս էլ գիտակցում ենք, որ կոնկրետ խնդիրներ կան, ու դրանք շտկելն այսօր նաև մեր վարքագծից է կախված:
–Իսկ պետությունն ի՞նչ է անում այդ խնդիրները շտկելու համար:
Կարդացեք նաև
-Եկեք իշխանությանը որևէ քայլ չանող, ոչինչ չնախաձեռնող չդարձնենք: Երկու կարևոր ինստիտուտների մասին ենք խոսում, որոնք առանձին-առանձին ու համակարգված այս ամենի վերջը պետք է դնեն: Հասարակությունը պետք է փոխի թե՛ եկեղեցու, թե՛ իշխանության հանդեպ ունեցած վերաբերմունքը: Այս ամբողջ պատմության խնդիրն այն էր, որ խայծը կուլ տվեցին երկու կողմն էլ. Վեհափառ հոր հայտարարության հետ կապված ո՛չ հոգևոր դասը, ո՛չ էլ իշխանության ներկայացուցիչները հասարակությանը հանդարտեցնող, խաղաղություն քարոզող մեկնաբանություններով հանդես չեկան: Խորհրդային Միությունն արել է հնարավորը, որ փոխի եկեղեցու նկատմամբ հասարակության ընկալումը, ու հիմա փոխանակ ամեն բան անենք, որ շտկենք այդ վերաբերմունքը, փորձում ենք առանձնացնել, թե այս իրադրության մեջ ով ավելի սուր արտահայտվեց:
–Ձեր գործընկեր Ալեն Սիմոնյանը, բացի այն, որ կաթողիկոսին ավազանի անունով է դիմում, կարծում է նաև, որ պետք է քննարկել նրա «գահակալության» հարցը: Սա կարո՞ղ է օրակարգային հարց լինել:
-Վեհափառ հայրապետ ընտրելու հարցը ոչ թե իշխանության որոշելիքն է, այլ հոգևոր դասի: Եկեղեցին ոչ թե անձերով, այլ համակարգային եմ գնահատում, ու կարծում եմ, որ այն այսօր չափազանց մեծ անելիք ունի:
–Տեսակետ կա, թե Վեհափառի անձի դեմ իշխանության կողմից ուղղորդված շարժում է սկսվել, և այս ամենը շարունակությունն է դեռևս 2018-ին մեկնարկած «Նոր Հայրապետ, Նոր Հայաստան» շարժման:
-Չեմ կարծում, թե իշխանությունն ընդդեմ կաթողիկոսի ուղղորդում է որևէ մեկին: Գուցե կրկնեմ միտքս, բայց երկու կողմից էլ խայծը կուլ են տվել: Ցավալի է, որ կարևորագույն երկու ինստիտուտներ միմյանց հետ ճիշտ հարաբերվելու մոտեցումներն են կորցնում: Առաջին հերթին հենց հոգևորականները չպետք է թույլ տան, որ խորանա այս խնդիրը: Անգամ ես՝ որպես պաշտոնյա, եթե վրդովվում եմ, ապա եկեղեցին պետք է ինձ հանդարտության ու խաղաղության կոչ անի: Իշխանությունն ընդդեմ եկեղեցու դավեր չի նյութում, այն էլ` այս պահին, երբ պետության բոլոր օղակները զբաղված են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներով: Ինչ վերաբերում է կաթողիկոսին, այո, խաղաղության կոչերով պետք է հանդես գա, ու ցանկալի է, որ դա անի անկախ հանգամանքից՝ այն Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին է վերաբերում:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: