Կան գնահատողական դատողություններ, որոնք արտահայտում են մարդկանց կարծիքը: Վերջինիս հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց ինքնին տեսակետը կարող է նաեւ փաստական հիմք չունենալ կամ ապացույցներ չպահանջել: Օրինակ, ես կարծում եմ, որ, թեեւ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես եւ ցանկացած այլ քաղաքացի պետք է ստանա օրենքով նախատեսված իր պատիժը (եթե հանցագործություն է կատարել), նա, ինչպես եւ ցանկացած մարդ, արժանի է մարդկային վերաբերմունքի: Երբ ես այդ կարծիքն եմ արտահայտում, ես նախօրոք գիտեմ, թե ինչպես են դրան արձագանքելու համացանցում: 10 հոգուց մեկը համաձայն կլինի իմ տեսակետի հետ, մեկը կասի, որ ես իշխանության վարձկանն եմ եւ միանում եմ խեղճ Քոչարյանի դեմ արշավին, մնացած ութը կպնդեն, որ Երկրորդ նախագահն արժանի չէ մարդկային վերաբերմունքի:
Որ մարդը բոլոր դեպքերում պետք է մարդ մնա, դրա գիտական ապացույցները ես չունեմ: Եվ այն մեծամասնությունը, որը կարծում է, թե դաժան անձնավորությունների հետ պետք է վարվել դաժանորեն եւ չսահմանափակվել զուտ օրենքի պահանջներով, այդ մարդիկ նույնպես չեն կարող բերել բավականաչափ համոզիչ փաստարկներ: Երկու դեպքում էլ մենք գործ ունենք հայեցողական ճշմարտությունների հետ:
Բերեմ ավելի «արմատական» օրինակ: Կան մարտնչող աթեիստներ, որոնք երբ լսում Աստծո, կրոնի, եկեղեցու անունը, նրանց ուղեղի բջիջները, այսպես ասած, «իրար են գալիս», աչքերի առաջ մթագնում է եւ նրանք ընկնում են փրփրոտ ագրեսիայի մեջ:
Կան, իհարկե, հակառակ կողմի «ագրեսորներ» (թեեւ նրանք ավելի քիչ են), որոնք ասում են՝ «ով քրիստոնյա չի, նա հայ չի»: Ես համաձայն չեմ երկուսի հետ էլ եւ կարծում եմ, որ քրիստոնյան պետք հավասարաչափ հարգանք ունենա թե՛ հավատացյալների, թե՛ անհավատների հանդեպ: Դարձյալ ես եւ վերը նշված երկու ծայրահեղ տեսակետների հեղինակները չունենք գիտականորեն ապացուցված փաստացի հիմք մեր դիրքորոշումների համար:
Կարդացեք նաև
Բայց եթե ես ասեմ, որ երկրագունդը կլոր է կամ՝ որ այն պտտվում է արեւի շուրջ, դա կլինի փաստարկված դատողություն, որովհետեւ դա հնարավոր է ապացուցել: Ամենավատ տարբերակն այն է, երբ խառնում են հայեցողական եւ փաստարկված դատողությունները, երբ մեկը փորձում են «անցկացնել» մյուսի հետ: «Արեւը ոչնչացնում է կորոնավիրուսը», «բարձր ջերմաստիճանի պարագայում համավարակը նահանջում է», «ով մեկ անգամ հիվանդացել է կորոնավիրուսով, նա այլեւս չի հիվանդանա», «հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանում հիվանդությունը կնահանջի այսինչ ժամանակահատվածում»՝ նման բաներ պնդելու համար պետք է տիրապետել ամբողջական տեղեկատվության: Բայց խնդիրն այն է, որ աշխարհում այս պահիս ոչ մի գիտնական, ոչ մի վարակաբան, ոչ մի բժիշկ նման տեղեկատվության չի տիրապետում: Առաջատար երկրների մի քանի գիտական ինստիտուտներ առնվազն երկու ամիս տքնաջան աշխատում են այդ հարցերի պատասխանը ստանալու համար եւ առայժմ չեն ստացել բավարար արդյունքներ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ կես ժամ համացանցում թափառելուց հետո մարդիկ կարողանում են նման դատողություններ անել: Այդ թվում՝ բավականին անվերապահ տոնայնությամբ:
Ավելի անվտանգ է կարծիք հայտնել «քաղաքականության» մասին: Այստեղ ամեն ինչ «խոսելու վրա է»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ