Լրահոս
Օրվա լրահոսը

Կայսրինը՝ կայսեր

Ապրիլ 21,2020 09:30

Ամեն անգամ, երբ ես լսում եմ որեւէ կրոնական գործչի պաշտոնանկ անելու մասին կոչ, հիշում եմ մի հրաշալի պատմություն, որը պատմել է Վիկտոր Շենդերովիչը իր գրքերից մեկում: 2000թ. ամռանը Ռուսաստանի գլխավոր ռաբբի Ադոլֆ Շաեւիչն արժանացել էր ՌԴ նոր նախագահի վարչակազմի ցասմանը՝ Գուսինսկուն աջակցելու պատճառով: Նրան զանգեցին եւ առաջարկեցին հրաժարականի դիմում ներկայացնել: Պատմում են, որ Ադոլֆ Սողոմոնիչը միայն հարցրել է՝ «Իսկ ո՞ւմ»:

Ճիշտն ասած, հենց այս պատմությամբ էլ կարելի էր ավարտել այս սյունակը: Բայց մենք հրեաներ չենք, եւ կրոնական գործիչներն էլ (անկախ այն բանից, թե որ կրոնն են դավանում) հաճախ իրենց այնպես են պահում, որ աշխարհիկ իշխանություններն ուզում են նրանց վարքը սրբագրել, իսկ երբեմն էլ՝ նույնիսկ պատժել: Կողքից դիտողներին կարող է տարօրինակ թվալ, որ նման բաներ հաճախ են տեղի ունենում հետխորհրդային երկրներում՝ Ռուսաստանում:

Եթե այդ կոնֆլիկտներն ավելի խորքային դիտարկենք, ապա կպարզվի, որ դրանք շատ տարբեր են: Ռուսաստանում ռաբբին պաշտպանում էր գահընկեց օլիգարխին, Ուկրաինայում վեճ էր առաջացել իրենց եկեղեցու՝ Մոսկովյան պատրիարքարանին ենթակայության կապակցությամբ, Վրաստանում իրար էին «ուտում» թմրանյութերի, միասեռականների եւ անառակ բարքերի կապակցությամբ, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար:

Բայց այս բոլոր կոնֆլիկտների մեջ կա մի կարեւոր յուրահատկություն. դրանք բոլորն առաջանում են, երբ կրոնական առաջնորդը շեղվում է «կուսակցության գլխավոր գծից», այլ խոսքերով՝ հանկարծ բարձրաձայնում է իշխող քաղաքական վերնախավին անհաճո տեսակետ:

Հետխորհրդային ցանկացած իշխանության յուրահատկությունը նրանում է, որ այն ի սկզբանե ձգտում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների մենաշնորհման, իսկ զգալիորեն անկախ (դե, առնվազն՝ ոչ ամբողջովին կախյալ) հասարակական գործիչներին ընդունում է որպես ուղղակի սպառնալիք: Եվ երբ տեսնում է հակադրություն՝ վարվում է ինչպես միշտ՝ միջոցներ է փնտրում անհաճո ընդդիմախոսից ազատվելու համար:

Եվ եթե անհարմարություն պատճառող պաշտոնյայից կարելի է ազատվել, օրինակ, հանրաքվեի միջոցով, խանգարող օլիգարխից՝ չվճարված վարկերի հանկարծակի հայտնաբերմամբ (խոսքս Գուսինսկու մասին է՝ ի դեպ), իսկ ընդդիմությանը՝ պարբերաբար մեղադրել կորոնավիրուսի շահերի պաշտպանության մեջ, ապա անհաճո կրոնական գործչից գործնականում անհնար է ազատվելը: Իշխանությունը (տեսականորեն ռացիոնալության օրենքներով գործող) չունի գործիքներ նրանց դեմ, ովքեր գործ ունեն առավելագույնս իռացիոնալ նյութի՝ հավատի հետ:

Մարդկության պատմությունը գիտի նման հակադրությունների բազմաթիվ օրինակներ՝ վաղ քրիստոնյաների հետապնդումից սկսած, վերջացրած խորհրդային ժամանակաշրջանում կրոնի հետապնդումով: Եկեղեցին այդ հակադրություններից միշտ դուրս է եկել ոչ միայն հաղթանակած, այլեւ՝ ավելի ուժեղացած, նոր հավատացյալներով, նոր (ընդ որում՝ ոչ միշտ բարեփոխական) գաղափարներով եւ մեծացած ազդեցությամբ: Եվ դա զարմանալի չէ. կրոնի էությունն ինքնին հիմնված է հետապնդումներին դիմադրելու վրա՝ Հռոմեական կայսրությունում քրիստոնյաների զանգվածային խաչումը եւ խորհրդային ժամանակներում քահանաներին Սիբիր աքսորելն անհաջողության մատնվեց:

Եվ ահա, երբ կարդում եմ կատաղած ֆեյսբուքյան մեկնաբանություններն այն մարդկանց, ովքեր դեռ երեկ վարակաբան էին, իսկ այսօր վերաորակվել են աստվածաբանների, ես հիշում եմ Քրիստոսի խոսքերը, որոնք այս սյունակի վերնագիրն են:

Գուցե ամենաճիշտը նրան լսե՞լն է:

Ս. Ե.

Հ.Գ.- Ես անհավատ եմ:

«Առավոտ» օրաթերթ

21.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել