Արցախում ավարտվեց ընտրական մարաթոնը, ընտրվեցին նոր նախագահ, նոր Ազգային ժողով, եւ ուրվագծվել են նոր իրողություններ։ Թեժ նախընտրական պայքարն այլեւս անցյալում է, եւ ամեն ասվածն այդ օրերին հասցրել է կորցնել իր կարեւորությունը։
Այսօր շատ ավելի կարեւոր է, թե ինչ պետք է անել առաջիկայում, ինչ չպետք է անել ոչ մի դեպքում, հաշվի առնելով այդ ձեւավորված իրողությունները։
Արդյունքները հայտնի են, ճանաչվել են Արցախում եւ Հայաստանում, միջազգային հանրության կողմից էլ ընդունվել են ի գիտություն, անկախ վերաբերմունքից (դա էլ իր հերթին՝ առանձին քննարկման առարկա է)։
Ընտրությունների ավարտը համընկավ համաճարակով պայմանավորված ճգնաժամի հետ, որից Արցախը դուրս բերելու գլխավոր պատասխանատուն է նոր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Եվ սա միայն Արցախի խնդիրը չէ, այլեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ինչը պատասխանատվության միանգամայն այլ մակարդակ է ենթադրում։
Կարդացեք նաև
Մի-քանի կարեւոր արձանագրումներ արվեցին վերջին ամսվա ընթացքում, որոնք ձեւավորված իրողությունների կարեւոր բաղկացուցիչներն են։ Նախ, որ Արցախում, այնուամենայնիվ, հեղափոխություն չի եղել, ընտրությունները՝ «իդեալական չէին», եւ որ «դեռ շատ անելիքներ կան»։ Սրանք պաշտոնական Երեւանի արձանագրումներն են։ Դրա հետ մեկտեղ, պետք է կրկնել, որ Արցախի ընտրությունների կարեւորագույն արդյունքներից մեկը՝ վստահության ճգնաժամն է, որը պայմանավորված է վերը նշված հանգամանքներով, եւ այն կարող է լուծվել այն չափով, որ չափով այդ «շատ անելիքները» կդառնան գործողություններ եւ կտան որոշակի հանգուցալուծումներ։
Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը, լինելով մեր միասնական հայրենիքում երկու պետականություններ, որից ճանաչված է առայժմ միայն մեկը, դրանով իսկ տարբեր իրողություններում են գտնվում։ Սակայն, ազգային անվտանգության շահերը եւ քաղաքական պատասխանատվությունը թելադրում են մի-քանի կարեւոր լուծումներ, որի մասնակիցն անխուսափելիորեն պիտի լինի Արցախի նորընտիր ղեկավարությունը, առաջին հերթին՝ նախագահը։
Անշուշտ, քանի բանակցային գործընթացը չի բերել Արցախի դե-յուրե ճանաչմանը միջազգային հանրության կողմից որպես Ադրբեջանի կազմից դուրս միավորի, որի նկատմամբ Ադրբեջանը չունի եւ չի կարող ունենալ որեւէ իրավունք՝ անիմաստ է այս պահին քննարկելը դե-յուրե Միացման գաղափարը, քանզի դա ուղղակի մեզ տանում է դեպի «Կռիմնաշ»՝ անընդունելի հարթություն, ինչպես նաեւ անիմաստ է քննարկել դրա՝ որպես «հակակշիռներ» դիտարկվող «գաղափարները», որոնք անխուսափելիորեն տանում են դեպի մի այլ՝ ոչ պակաս անընդունելի հարթություն, որտեղ գտնվում են Աբխազիան, Հրվ.Օսեթիան, Մերձդնեստրը կամ Ուկրաինայի տարածքում ձեւավորված բանդիտական կազմավորումները։ Այդ իմաստով մենք վաղուց ենք նախապատվությունը տվել իրողություններից բխող ամենաօպտիմալ եւ ճկուն տարբերակին, բանակցությունները տանելով Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափով, որքան էլ որ «մեր ռազմավարական դաշնակիցը» կամ մեր հակառակորդները փորձել են մեզ այդ հարթությունից դուրս բերել եւ մտցնել իրենց «տանիքի» ներքո։
Սակայն, մեր դիրքերն էլ ավելի ամրապնդելու եւ նոր ձեւավորված իրողությունների հրամայականը թելադրում է, որ Հայաստանը եւ Արցախը արժեհամակարգային, ներքաղաքական ստանդարտների, թույլատրելի-անթույլատրելիի սահմանագծերի առումներով գտնվեն նույն հարթության վրա։ Իսկ դա նշանակում է, նախ, որ Արցախում, որտեղ, ինչպես արձանագրվեց, հեղափոխություն չի եղել՝ իրոք դեռ շատ անելիք կա, եւ դրա պատասխանատուն եւս՝ Արցախի նորընտիր ղեկավարությունն է եւ առաջին հերթին՝ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Իհարկե, չափազանց կարեւոր է, այն էլ ներկայիս ճգնաժամային իրավիճակում, թե քանի հեկտար այգիներ կտնկվեն եւ ցանքատարածք կգործարկվի, քանի կիլոմետր ճանապարհ եւ որքան ծավալի էներգետիկ հզորություններ կկառուցվեն, որքան ծավալի արտադրական հզորություններ կստեղծվեն, ինչ սոցիալական ծրագրեր կիրականացվեն, եւ կասկածից վեր է, որ սա ուղղակի կենսական անհրաժեշտություն է։ Սա անհրաժեշտ է, սակայն, ամենեւին էլ ոչ բավարար։
Արցախում նախագահական կառավարում է, եւ նախագահի պաշտոնը նախեւառաջ քաղաքական է։ Եվ ոչ պակաս, եթե ոչ ավելի կարեւոր է, թե ինչպիսի քաղաքական մոդել կձեւավորվի վարվող քաղաքականության արդյունքում։ Այդ իմաստով Արցախը չի՛ կարող գտնվել Հայաստանի հետ այլ հարթության վրա, հղում անելով, թե մենք տարբեր իրողություններում ենք։ Չի՛ կարող որեւէ ռացիոնալ բացատրություն լինել, թե ինչու Արցախում չպետք է գործեն նույն օրենքները, ինչպես Հայաստանում, կապված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնեսի եւ քաղաքականության արդյունավետ տարանջատման, անկախ դատարանների ստեղծման, արդարադատության եւ մարդու իրավունքների, բիզնեսի եւ քաղաքականության թափանցիկության, ստվերային տնտեսության վերացման, մարդու իրավունքների, քաղաքական եւ տնտեսական գործունեության ժողովրդավարական ստանդարտների արմատավորման եւ կյանքի բոլոր ոլորտների ապաքրեականացման հետ։
Այսինքն, օրվա հրամայականն է, որ Հայաստանում եւ Արցախում բարեփոխումների օրակարգերը կատարելապես ներդաշնակեցվեն, համակարգերը եւ ենթահամակարգերն ամբողջությամբ ինտեգրվեն։ Եվ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությունն, ունենալով անվիճելի առավելություն նորընտիր խորհրդարանում՝ այդ մեծածավալ օրենսդիր աշխատանքի գլխավոր պատասխանատուն է։
Առաջիկա շաբաթները ցույց կտան, թե որքանով են պարոն Արայիկ Հարությունյանը եւ նրա գլխավորած կուսակցությունը հաղորդակից այս հրամայականներին եւ որքանով են ունակ այդ առաքելությունը ստանձնելու։ Սակայն, անհրաժեշտ է փաստել, որ այլընտրանք պարզապես գոյություն չունի։ Սրան այլընտրանք՝ կնշանակի խզում Հայաստանի հետ, վտանգավոր «միջակայքերի» ստեղծում, որտեղ հաստատապես կփորձեն խցկվել մեր «բարեկամները»՝ հանձինս իրենց շառլատան էմիսարների, որոնք դեռ մինչեւ վերջերս փորձում էին արցախցիներին ներշնչել, թե նրանք «մի քիչ ուրիշ հայեր են», «մի քիչ ավելի լավ հայեր են», «հայաստանցիների նման չեն» եւ այլ թունավոր նառատիվներով իրենց համար «ոտնատեղ» ապահովել, Արցախը վերածել կրիմինալ ռեւանշի որջի։ Այո՛, նրանց այդ մտահղացումներն այս փուլում խափանվեցին։
Ընտրություններն ավարտվեցին, բայց սա Արցախում նոր ներքաղաքական գործընթացի չափազանց կարեւոր մեկնարկ է, մի գործընթացի, որի ելքը կկանխորոշի մեր միջազգային դիրքերի ամրության աստիճանը հետկորոնավիրուսային աշխարհում։ Իսկ այս պահին «բաժակը» կիսով չափ լիքն է, թե դատարկ՝ դա արդեն ճաշակի եւ ընկալման հարց է։
Առողջություն, բարի երթ բոլորին եւ ի գործ։ Եվ Աստված մեզ օգնական։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.04.2020