Լրահոս
Օրվա լրահոսը

Այց Երեւան՝ մինչեւ երդմնակալությունը

Ապրիլ 21,2020 15:30

«ՀՀ զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են ապահովել եւ ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են՝ չնայած կորոնավիրուսի համավարակին, անցյալ շաբաթ ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան հիշեցրել է, որ ապրիլին կարգավորման շուրջ հարցերը քննարկվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած հեռախոսազրույցների ընթացքում: «Կողմերի հետ կանոնավոր շփումներին աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, ինչպես նաեւ ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը», – հավելել է նա։ Նրա խոսքով՝ խորհրդակցությունների հիմքում ընկած է կորոնավիրուսային վարակի, բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշ հարցեր: Քննարկվում է իրավիճակը շփման գծում եւ սահմաններին։

Ռուսաստանի գլխավորությամբ՝ բանակցային գործընթացում շարունակականություն ապահովելու ուղղությամբ, ըստ ամենայնի, աշխատանքներ են տարվում, եւ հնարավոր է՝ մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր հանդիպում կազմակերպվի: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս  է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: «ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց Արցախում անցկացված համապետական ընտրություններին։ Կողմերն ընդգծեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։ Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ», ասվում է ՀՀ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Մինչ այդ, կարեւոր է, թե ինչ մարտավարություն են որդեգրելու հայկական կողմերը բանակցային գործընթացի համար՝ Արցախում կայացած ընտրություններից հետո:

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, այժմ արդեն՝ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը բազմիցս է նշել, որ կիսում է  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դիրքորոշումները, ավելին՝ դրանք գնահատում է որպես՝ «հայության արդար պահանջի ճանաչման, իսկ քաղաքական առումով՝ առկա իրողությունների հետ հաշվի նստելու՝ միջազգային հանրությանն ուղղված կոչ»։ Դեռ 2018թ. ամռանը Ա.Հարությունյանը ողջունելի էր համարել ՀՀ վարչապետի կողմից ուղիղ երկխոսության առաջարկը, համարելով, որ Ադրբեջանի կողմից ընդունվելու դեպքում կնպաստի հիմնախնդրի հանգուցալուծմանը եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը։

Անցյալ ամիս «Առավոտին» տված հարցազրույցում Արայիկ Հարությունյանն անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ իր փոխհարաբերություններին, հետագայում՝ նրա հետ միասին աշխատելու հնարավորություններին, նշել էր. «Արտաքին քաղաքականությունը միակ ուղղությունն է, որտեղ կարող են լինել տարաձայնություններ, իսկ ընդհանուր առմամբ, մենք հայտարարել ենք, որ մեր պատկերացումները նույնական են արցախյան հակամարտության հարցով»: Ապա նա կարեւորել էր, որ այժմ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները համատեղ Անվտանգության խորհրդի նիստեր են անցկացնում, որտեղ հստակ ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմերի դիրքորոշումները:

Արցախում ընտրությունների երկրորդ փուլից անմիջապես հետո Արայիկ Հարությունյանը Երեւան ժամանեց, հանդիպեց Հայաստանի բարձրագույն իշխանությունների հետ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը «կարեւորել են նաեւ Հայաստանի եւ Արցախի միջեւ ակտիվ համագործակցությունը բոլոր ոլորտներում», «Ազատությանը» հայտնել էր վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ «Արայիկ Հարությունյանը վարչապետ Փաշինյանին է ներկայացրել նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերի եւ գործողությունների մասին համառոտ տեղեկատվություն»,- հավելել էր վարչապետի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղեց Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու առթիվ, որում փաստեց. «Տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովուրդն արտահայտեց իր քաղաքական կամքը՝ իրացնելով մրցակցային ընտրությունների միջոցով պետական կառավարման մարմիններ ձեւավորելու իր անքակտելի իրավունքը: Արցախի ժողովուրդը մեկ անգամ եւս հաստատեց իր հողի վրա ապրելու, ինքնակազմակերպվելու, աշխատելու եւ արարելու իր աննկուն կամքն ու իրավունքը: Մեկ անգամ եւս ապացուցվեց, որ Արցախն անկախ եւ ժողովրդավարական պետություն է՝ իր կայացած ինստիտուտներով եւ հասուն քաղաքացիական հասարակությամբ»:

Այնուհետեւ Փաշինյանը հավելել էր. «Դուք ստացել եք Արցախի ժողովրդի մանդատը՝ ամրապնդելու Արցախի անվտանգությունը, զարգացնելու տնտեսությունը եւ կառուցելու ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակություն: Այս նպատակին հասնելու համար Դուք որդեգրել եք պետական կառավարման համակարգի, տնտեսական, քաղաքական, դատաիրավական, հանրային կյանքի այլ ոլորտներում խորը եւ համակարգված բարեփոխումներ իրականացնելու օրակարգ եւ այս գործընթացում կարող եք հույս դնել Հայաստանի կառավարության եւ անձամբ իմ աջակցության վրա»:

Անցյալ շաբաթ Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ՀՀ նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել էր Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, հաջողություններ էր մաղթել Արցախի նորընտիր նախագահին եւ վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը: «Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի Հանրապետության զարգացմանն ուղղված ծրագրերին», ասվում էր հաղորդագրությունում:

«Ազգային ժողովում հյուրընկալեցի Արցախի նորընտիր նախագահին, քննարկեցինք առաջիկա անելիքները»,- ֆեյսբուքյան էջում հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Արցախի նորընտիր նախագահին ընդունել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու Արցախում անվտանգային եւ պաշտպանական բարեփոխումների  իրականացման օրակարգին, ինչպես նաեւ անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միասնական ջանքերի կարեւորությունն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում», ասվում էր հաղորդագրությունում:

Ապրիլի 18-ին Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում էր ունեցել նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որը շնորհավորելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել էր, որ՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են ապահովել եւ ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»: Նշյալ հանդիպմանը քննարկվել էին՝ պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնելով Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման մասին, հավելել էր. «Բարձր գնահատելով Արցախի պաշտպանության բանակի եւ ՀՀ Զինված ուժերի համատեղ ջանքերը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման ու խաղաղ զարգացման գործում՝ ընդգծել եմ վերջին շրջանում նորագույն սպառազինությամբ բանակը համալրելու կարեւորությունը»:

Արայիկ Հարությունյանի նախագահական առաջին հանդիպումները ՀՀ իշխանությունների հետ, այսպիսով, կայացան մինչեւ նրա՝ երդմնակալության արարողությունը:

Ակնհայտ է, որ քաղաքական դաշտի տարբեր բեւեռներում գտնվող ուժերը համակարծիք են մեկ կարեւոր հարցում. բոլորը Արայիկ Հարությունյանից ակնկալում են քաղաքական ուժերի, անհատների հետ սերտ ու արդյունավետ համագործակցություն, միասնական ջանքեր հանուն արցախցու բարեկեցության, Արցախի կայունության, խաղաղության եւ բարգավաճման՝ Հայաստան-Արցախ քաղաքական վերնախավերի միջեւ փոխվստահելի ու արդյունավետ աշխատանքով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930