Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության ոգեկոչման շուրջօրյա այլընտրանքային ծրագիրն ԱՄՆ-ում կհեռարձակվի Ապրիլի 24-ին

Ապրիլ 20,2020 23:50

Հարավային Կալիֆորնիայի՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանն ուղղված միջոցառումները կազմակերպող կառույցները՝ Լոս Անջելեսի Հայ Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց ցեղասպանության հանձնախումբը, հաշվի առնելով ներկայիս թագավարակի սպառնացող վտանգը, ինչպես նաև մասսայական հավաքներն արգելող տեղական և նահանգային հրահանգները, հանդես են եկել ոգեկոչման այլընտրանքային ծրագրերով։

Ամենամյա հավաքների փոխարեն, որոնց թվում էին ուխտագնացությունը Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, քայլարշավ-ցույցը Փոքր Հայաստանում, բողոք-ցույցը Լոս Անջելեսի Թուրքական հյուպատոսության առջև, այս տարի, կառույցների համատեղ ջանքերով, պատրաստվել է ոգեկոչման շուրջօրյա այլընտրանքային ծրագիր, որը կհեռարձակվի Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 10-ից, ինչպես հայկական տեղական հեռուստաալիքներով, այնպես էլ սոցիալական կայքերով։

Ծրագիրը միտված է պատվելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը, որի շրջանակներում, հեռուստադիտողը հնարավորություն կունենա ունկնդրելու բարձրաստիճան պաշտոնյաների,  համայնքի առաջնորդների, հոգևորականների ուղերձները, ինչպես նաև տեղեկատվական հանրային քննարկումներ՝ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և փոխհատուցման վերաբերյալ։ Կցուցադրվեն նաև վավերագրական ֆիլմեր, համայնքի ճանաչված անձանց ելույթներ և մշակութային պրեզենտացիաներ։

Ցեղասպանությունն անասելի և աննկարագրելի սարսափ, ինչպես նաև  զանգվածային սով սփռեց Օսմանյան Կայսրությունում բնակվող հայերի շրջանում։ Հենց այդ օրերին, Միացյալ Նահանգները հանդես եկավ ցեղասպանության արհավիրքը ապրածներին, Ամերիկայի պատմության մեջ առաջին աննախադեպ մեծամասշտաբ օգնության ծրագրով։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռացել Միացյալ Նահանգների և վերջինիս ժողովրդի առատաձեռնությունն ու բարեգործությունը։ Եվ այժմ՝ 105 տարի անց, Միացյալ Նահանգների բնակչությունը առերեսվում է պարենամթերքի պակասության առջև՝ թագավարակի պանդեմիայի և լայնամասշտաբ ու մեծաքանակ գործազրկության հետևանքով։ Այս խնդիրը բարձրաձայնելու, ինչպես նաև մեր անմեղ նահատակների հիշատակը հավերժացնելու և մեզ օգնության ձեռք մեկնած Միացյալ Նահանգներին երախտագիտություն հայտնելու նպատակով, հայ համայնքային կառույցները, «Կերակրենք Ամերիկային» կազմակերպության հետ համատեղ՝ աշխատում են Ամերիկային 1,500,000 սննդամթերք մատակարարելու ուղղությամբ։

Այս վեհ նախաձեռնության շրջանակներում, հայ համայնքը հնարավորություն կունենա իր երախտագիտությունը հայտնելու Միացյալ Նահանգներին՝ օրհասական պահին հայ ժողովրդի կողքին կանգնելու և աջակցելու համար։ Եվ այժմ,  այս կենսական պահին, որպես հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչներ, մեզանից յուրաքանչյուրը իր ներդրումը կունենա՝ աջակցելու մեր բոլոր համայնքներին  և հարևաններին՝ անկախ պատկանելիությունից և ռասսայից, բոլոր նրանց, որոնց առջև ծառացել  է պարենամթերքի պակասը։

Առաջիկա օրերին, կհայտարարենք նաև մանրամասներ սպասվելիք ոգեկոչման ծրագրերի և «1.5 միլիոն կերակրենք Ամերիկային» նախաձեռնության մասին։

Չնայած ներկայիս համամարդկային մարտահրավերներին, հայ հանձնախումբը, հավատարիմ մնալով մեր նախնիների վիթխարի օրինակին, այն է ՝ հաղթահարել ցանկացած անասելի տառապանք և տանջանք, և վերածնվել ավելի հզոր քան երբևէ, շարունակելու է հավատարիմ մնալ Հայ Դատի պահանջներին՝ Հայոց Ցեղասպանության հարցի արդարացի  լուծմանը, Թուրքիայի կառավարության կողմից ցեղասպանության ճանաչմանն ու արդար փոխհատուցմանը։  Մեր աշխատանքները շարունակական են։

Մեր հիմքերն ամուր են և միասնական։ Մենք աշխարհին  լսելի կդարձնենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների մասին:

Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտ ավարտվի  և մեր բոլոր համայնքները  ոտքի կանգնեն ավելի հզոր քան երբևէ:

Միացյալ այս հանձնախումբը մաղթում է ձեզ ամենայն բարիք: Եղե՛ք միշտ առողջ և ապահով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930