Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այն, ինչ թաքնվում է թավիշի հետեւում, հիմքեր է տալիս կասկածելու այս ու նախորդ իշխանությունների պայմանավորվածության մասին. Նինա Կարապետյանց

Ապրիլ 20,2020 23:13

«Երկու տարի անց վարչապետի խոսքը կարող էր մի փոքր ավելի իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան լինել: Կարծում եմ՝ ժամանակն է՝ գիտակցեն, իրենք ոչ թե ընդդիմադիր են, որ մենք ոչ թե վեթինգի ենք մասնակցում, այլ որ արդեն երկրի ղեկավարն է: Կան արտահայտություններ, որոնցով ես հասկանում եմ՝ ինչ է ուզում ասել, ինչի է այդ բառերն օգտագործում, բայց կարծում եմ, որ տեղին չէ, որովհետեւ երկու տարի անց կարելի է փորձել համապատասխան բառապաշար օգտագործել»,- Aravot.am-ին ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ուղիղ եթերում վարչապետի՝ թավշյա հեղափոխությանը ու «թափթփուկներին սամասուդ» անելուն վերաբերող դիտարկումներին:

«Ինչ վերաբերում է թավիշին, ի սկզբանե դեմ եմ եղել թավիշին, որովհետեւ մենք խոսում էինք փոփոխությունների, բարեփոխումների, հանցագործներին պատժելու մասին, նախկինում հանցագործություններ կատարած համակարգերի լիարժեք, խորքային փոփոխությունների մասին, ինչը ցավոք սրտի, այսօր չենք տեսնում: Մենք տեսնում ենք լրիվ հակառակը, երբ խոսում ենք թավիշի մասին, խոսքը վերաբերում էր հեղափոխության գործընթացին, այո՛, շատ հրաշալի էր, եզակիներից մեկն էր թավիշով խաղաղ հեղափոխությունը, որ տեղի ունեցավ, բայց դա չէր վերաբերում հետագա գործողություններին, ու երբ վարչապետը փորձում է նույնականացնել հանցագործներին պատժելու մեր օրինական պահանջը սամասուդի կամ վենդետայի հետ, անտրամաբանական է: Մենք չենք պահանջում վենդետա, գնդակահարություն, չենք էլ կարող, բայց նվազագույն փոփոխություններն ու մոտեցումները, որ կարող էին արդեն արված լինել, չեն արվել ու ոնց հասկանում եմ՝ չեն էլ արվելու, որովհետեւ օրինակ՝ վեթինգի փոխարեն մեզ առաջարկված բարեփոխումները խայտառակություն են, դրանք չեն փոխելու դատական համակարգը, դրա արդյունքում հանցագործություն արած դատավորները մնալու են իրենց պաշտոններին, դատախազության ու մնացած կառույցների վեթինգի մասին առհասարակ խոսք չի գնալու: Կան շատ բացթողումներ, երկու տարվա կտրվածքով կարող էին արդեն զգալի փոփոխություններ լինել, եթե չլիներ այդ թավիշը»:

Անդրադառնալով վարչապետի այն դիտարկումներին, թե կան մարդիկ, որոնք չարաշահել են հեղափոխությունից հետո բարեփոխվելու շանսը ու պետք է դուրս մղվեն պետական կառավարման համակարգից՝ Նինա Կարապետյանցը կարծիք հայտնեց. «Հերթական իրավիճակային լուծում է լինելու, դուրս են գալու մեկ կամ երկու ոչ այդքան էական պերսոնաներ, իսկ երկու տարին չափից շատ մեծ ժամանակ է, որ փորձաշրջան նշանակվի, այդ երկու տարվա փորձաշրջանը, որ տրվել էր մարդկանց, որոնք հավատարիմ ծառայել էին հանցավոր ռեժիմին, բերեց նրան, որ այսօր օրինակ այն ոլորտում, որին ես ավելի ծանոթ եմ, այդ ոլորտում զրո փոփոխություն տեղի ունեցավ, բազմաթիվ հանցագործներ լքեցին Հայաստանի հանրապետության տարածքը… Չի կարող լինել հեղափոխություն, երբ դու առաջնորդվում ես ոչ հստակ քայլերով, մեղմ քայլերով, կարող ես թաքնվել օրենքի թիկունքում: Երբ կայացնում ես ոչ ստանդարտ որոշումներ, պատասխանատվությունը կրում ես նաեւ դու որպես ղեկավար, հիմա ոչ մեկ չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել՝ ո՛չ անցումային արդարադատության հարցում, ո՛չ վեթինգի հարցում, ո՛չ էլ հեղափոխությունը իր տրամաբանական ավարտին հասցնելու հարցում, բոլորը վախենում են պատասխանատվությունից»:

Նինա Կարապետյանցի կարծիքով, իշխանությունները իրական փոփոխությունների չեն գնում ոչ միայն պատասխանատվությունն իրենց վրա չվերցնելու համար, այլեւ չի բացառվում շրջանառվող կարծիքները, որ նախկին իշխանությունների հետ պայմանավորվածություն ունեն. «Հակառակը ապացուցող հիմքեր դեռ չունեմ, մեծ ցանկություն ունեմ հավատալու, որ բոլորս չենք խաբնվել, բայց, ցավոք , որովհետեւ, այն, ինչ կատարվում է, այն, ինչ թաքնվում է թավիշի հետեւում, հիմքեր են տալիս նաեւ նման կասկածների»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930