Կառավարությունը ոչ միայն հարկային արձակուրդ չի տրամադրում կորոնավիրուսի հետեւանքներից ամենաշատը տուժած ոլորտներին, այլեւ, մի բան էլ կանխավճար է ուզում: Զբոսաշրջային սեզոնը չբացված՝ ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունները, որոնք ոչ թե քիչ թվով, այլ՝ զրո զբոսաշրջիներ են ունեցել, պարտավոր են պետությանը կանխավճար տալ, հակառակ դեպքում տուգանքների տակ կընկնեն:
Aravot.am-ի հետ զրույցում «Armenia Travel» տուրիստական ընկերության զարգացման գծով տնօրեն Արմեն Գրիգորյանը գտնում է, որ կառավարությունը պետք է վերանայի օրենքի այդ պահանջը: Նրա խոսքով, եթե սովորական պայմաններում ընկերությունները կարողացել են այդ կանխավճարներն անել, ապա ներկա վիճակում պետությանը դեպոզիտ վճարելը տուրընկերությունների համար մեծ խնդիրներ է առաջացնում: Տուրընկերության ղեկավարներն ասում են, որ տուգանքների տակ չընկնելու համար ճարահատյալ տարբեր միջոցների են դիմում, անգամ ստիպված են լինում վարկեր վերցնել, որպեսի այդ հարկերը վճարեն:
«Ներգնա զբոսաշրջությունը սեզոնային է, մեր սեզոնը սկսում է ապրիլից՝ մինչեւ հոկտեմբեր ամիսը: Այդ ամիսները մեր թեժ սեզոնն է, հոկտեմբերից մինչեւ ապրիլ ցածր սեզոն է: Այդ բարձր սեզոնի ընթացքում, մեր կուտակած շահույթով, ցածր սեզոնին աշխատավարձ ենք վճարում, մեր վարձավճարն ենք մուծում, կոմունալներ ու հարկեր վճարում: Բայց այսօր ոչ թե ցածր է, այլ զրո է, ոչ մի զբոսաշրջիկ չկա եւ այդ վիճակում պետությունը պարտադրում է կանխավճար անենք: Նախորդ տարի հարյուր միլիոնից ավել հարկ ենք վճարել: Օրենքն է այսպիսին, եթե դու նախորդ տարի հարյուր միլիոն դրամի հարկ ես վճարել, այս տարի պետք է առաջին եռամսյակում դրա քսան տոկոսը կանխավճար անես, որովհետեւ ինքն ակնկալում է, որ դու այս տարի էլ այդքան շրջանառություն կունենաս: Եթե չես անում այդ կանխավճարը՝ քեզ վրա տուգանքներ է կիրառվում»,-ասաց պարոն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նա հույս հայտնեց, որ պետությունը գլխի ընկնի եւ կհասկանա, որ կարելի է այդ որոշումը վերանայել. «Հիմա, մենք, կոպիտ ասած, պետությանը պարտքով գումար ենք տալիս, այն ակնկալիքով, որ պետք է բիզնես անենք եւ այդ բիզնեսից հետագայում վճարվի: Այսինքն՝ ենթադրվում է, որ պետք է շահույթ ունենանք եւ այդ կանխավճարը պետք է մարվի, բայց մենք կես տարի դեռ շահույթ չենք ունենալու, կանխավճարը մնալու է ուղղակի դեպոզիտ, բայց այս վիճակում պետությանը դեպոզիտ վճարելը մեզ համար մեծ խնդիրներ է առաջացնում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ