Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ասում են՝ բա մենք քայլել ենք, դրա փոխարժեքն ի՞նչ է»

Ապրիլ 20,2020 22:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հիասթափվածների հերթական խումբը բաղկացած է նյութական ակնկալիքներ ունեցող, որոնք հույս ունեին, թե հին ազդեցության գոտիներից վերաձեւակերպում տեղի կունենա, եւ իրենք կոնկրետ բաժիններ կստանան: Փաշինյանն ասաց, որ ոմանք տնով-տեղով ներգրավել էին քայլարշավի մեջ, իրեն՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ առաջարկներ են արել, ցանկացել են դառնալ «Իմ քայլ»-ական, սակայն մերժվել են ու հետո հայտնվել նախորդ իշխանության տանիքի ներքո:

«Հիասթափության բանաձեւը կա՝ բա մենք քայլել ենք, քայլածը բա ինչ-որ մի բանով նյութական չենք կարողանո՞ւմ փոխակերպենք, բա դրա փոխարժեքն ի՞նչ է: Ես էս հարցին բազմիցս անդրադարձել եմ, բայց այսօրվա թեման մեծ հիասթափության գործընթացը մոդելավորելն է, ոչ թե նյուանսների մեջ մտնելը»,-ասաց վարչապետը:

«Հիասթափության հաջորդ սեգմենտը վերնագրել եմ՝ ընկերներ եւ բարեկամներ, որոնք էլի նույն տրամաբանությամբ, մտածում են, թե ես նախորդ օրը պատգամավոր էի, դրանից առաջ լրագրող. հիմա՝ վարչապետ է, բայց իրենց կյանքում շոշափելի ոչինչ չի փոխվել… Արդյունավետ է այն իշխանությունը, որ կարողանում է սահմանափակել իր ընկերներին մերձավորներին եւ բարեկամներին»,-շեշտեց Փաշինյանը:

Ապա` հավելեց, թե նրանց վրա կողմնակի ճնշումներ կան. «Ասում են՝ բա ընկերդ ի՞նչ ա արել քեզ համար էս երկու տարվա մեջ: Իմ տեսակետից լավ ա, որ ընկերը՝ զուտ որպես ընկեր ոչ մի բան չի արել: Բա մնացածը, որ մեր ընկերներն ու բարեկամները չեն, իրենց համար ո՞վ պետք է անի»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուշադրությամբ հետեւում է հիասթափության քարտեզին, որտեղ մեկ-երկու կետ կա, որ իրեն անչափ հուզում է, մասնավորապես՝ խոսքի ազատության հիմնահարցերի լուծումը, Սփյուռքի հետ կապված հիմնախնդիրները, եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները, իսկ մնացածների հիասթափությունը չի մտահոգում:

«Մեր երկրում պետք է զարգացնենք ինստիտուտներ, եւ այդ ինստիտուտները զարգացնելու ճանապարհին լինելու ենք հետեւողական, որովհետեւ բոլոր հիասթափությունների աղբյուրները հեղափոխության հաջողության վկայությունն են…Ես սա համարում եմ հեղափոխության ամենակարեւոր արդյունքը»,-նշեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930