Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ թվարկելով հետհեղափոխական շրջանում հիասթափվածներին, նշեց նաեւ հոգեւորականությանը. «Ինչու հիասթափվելու պատճառ ունի հոգեւորականությունը ժամանակակից Հայաստանում: Ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում հոգեւոր կյանքի սակավությունը: Այսինքն՝ ինչքան Հայաստանում կա իշխանություն, որը արժեքներ է փորձում սերմանել, այդքան ակնհայտ է դառնում, որ հոգեւոր կյանքը՝ արժեքների սերմանման եւ գաղափարների սերմանման հարցով ունի մեծ բացեր: Հետևաբար` սա հոգեւորականության համար առաջացնում է լրջագույն հիասթափություն եւ անհարմարավետություն»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նրա խոսքերով. «Շատ դեպքերում հոգեւորականության գործունեության մեջ տեսնում ենք ավելի շատ քաղաքականություն, քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից եւ նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն: Ես օրինակ, որպես մարդ, որ շատ կարեւոր է համարում քրիստոնեական տեսությունը, ինձ հարց եմ տալիս՝ էսօրվա մեր հոգեւոր կյանքը արդյոք մեզ մոտեցնո՞ւմ է Աստվածաշնչյան տեքստին եւ գաղափարախոսությանը, նոր Կտակարանին եւ նրա գաղափարախոսությանը: Ես վստահ չեմ, որ այդ հարցին կարող եմ դրական պատասխան տալ»:
Հիասթափության հաջորդ աղբյուրը, ըստ Փաշինյանի Սփյուռքի որոշ կառույցներն են. «Բավականին երկար ժամանակ Սփյուռքի մի շարք կառույցներ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի միջեւ խոսակցության: Այսօր այդ երեւույթը տրանսֆորմացվում է, որովհետեւ կառավարությունը, ես էստեղ նստած խոսում եմ, եւ չկա բաժանում՝ Սփյուռքի հետ եմ խոսում, թե՞ Հայաստանի:
Երեսուն-քառասուն տարի առաջ Սփյուռքի իննսուն տոկոսը կապված էր այս կամ այն Սփյուռքյան կազմակերպության հետ, վերջին քառասուն տարում այս տրամաբանությունը փոխվել է, Սփյուռքի տասը տոկոսն է այդ կազմակերպությունների կառուցվածքային տրամաբանության մեջ, իսկ իննսուն տոկոսը դուրս է մնացել էդ կառուցվածքային տրամաբանությունից:
Կարդացեք նաև
Հեղափոխությունից ի վեր մենք Սփյուռքի հետ խոսում ենք ուղիղ, եւ սա լավ է, բայց սա իր հերթին բերում է նաեւ պրոբլեմներ: Ու ինչքան շուտ սա արձանագրենք, եւ իրար հետ մտածենք, ինչքան շուտ լուծենք այս խնդիրը, այնքան լավ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ