Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեղացած են ընդդիմությունը, արեւմտամետները, ռուսամետները, օլիգարխիան, որոնց հետ առեւտուրների անհրաժեշտություն չկա». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 20,2020 21:21

«Հաջորդ խոշոր խումբը, որ հիասթափվելու շատ մեծ պատճառ ունի, քաղաքական ուժերն են, որոնց բաժանել եմ երկու մասի: Առաջինը այն քաղաքական ուժերն են, որոնք նախկին իշխանության հետ գծել էին ապագայի տասը տարվա իրենց համատեղ անելիքները: Ընդ որում, հասկանալի է, ես իշխող քաղաքական ուժին նկատի չունեմ, այլ նկատի ունեմ իշխող քաղաքական ուժին սպասարկողներին: Ոմանք պետք է սպասարկեին կառուցողական ընդդիմության դերում, ոմանք ոչ էդքան կառուցողական ընդդիմության դերում, բայց դա ընդհանուր մի պլան էր, որ ամեն մեկն իր դերակատարումը պետք է ունենար:

Հիմա էս քաղաքական սեգմենտի համար նույնպես առաջիկա տասը տարվա պլանները փլուզվել են հեղափոխության արդյունքում եւ այն բանի պատճառով, որ հեղափոխությունից հետո էլ, երկու տարի անց դեռեւս ամեն ինչ գնում է այն կերպ, որ կառուցված պլանները ոչ միայն փլուզվել են, այլեւ անիմաստ են դարձել:

Կա քաղաքական ուժերի՝ ինձ համար հարգելի ընդդիմադիր հատված, որը նույնպես հիասթափելու շատ կոնկրետ պատճառ ունի: Այդ պատճառը հետեւյալն է՝ այդ քաղաքական ուժերը երկար տարիներ հետեւողականորեն զարգացրել են միայն մի ասելիք, բայց հեղափոխության արդյունքում պարզվել է, որ այդ ասելիքը իրականության մեջ չի արդարացել…Հիմա երկար տարիներ ընդդիմադիր գործունեություն ծավալած շատ հարգելի քաղաքական ուժեր մի ասելիք են ձեւակերպել, որոնց հետ իքս պահից իմ անհամաձայնությունը ֆիքսել եմ, եւ մենք գնացել ենք տարբեր ճանապարհներով:

Հիմա տեղի է ունեցել հեղափոխություն, մինչդեռ այդ ուժերը երկար տարիներ պնդում էին, որ էն, ինչ-որ մենք ենք ասում, անհեթեթություն է, անիմաստ է, պրոյեկտ է եւ այլն: Բայց փաստ՝ հեղափոխությունը տեղի է ունեցել: Եվ այն ուժերը, որ երկար տարիներ հակառակ տրամաբանություն էին առաջարկում, ըստ էության զրկվել են քաղաքական ասելիքից, նրանք նույնպես լեգիտիմ պատճառ ունեն հիասթափության»,-ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ քաղաքական ուժերին այսպես դասակարգեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա հիասթափվելու պատճառ ունեցողների հաջորդ խմբում արեւմտամետներն են. «Արեւմտամետ ուժերն, ըստ ամենայնի, կամ հավատացել են, կամ հույս են ունեցել, կամ վստահություն են տածել հայտնի շրջանակների ասածի նկատմամբ, որոնք հավաստիացրել են, թե ահա Հայաստանում հեղափոխություն են արել արեւմտամետ ուժերը: Եվ արեւմտամետ ուժերը մտածել են, որ ինչ լավ է, որ մերոնք՝ արեւմտամետներն եկան իշխանության: Հետո ժամանակին հասկացել են, որ իրականում արեւմտամետ ուժ Հայաստանում իշխանության չի եկել»:

Նիկոլ Փաշինյանի ձեւակերպմամբ հիասթափվածների հաջորդ խումբը ռուսամետներն են. «Նրանք երկու վարկած ունեին: Կամ մտածում էին, որ Ռուսաստանը իր լծակներով թույլ չի տա մեր իշխանության գոյությունը Հայաստանում, կամ Հայաստանի իշխանությունը էնքան մարիոնետային կդառնա, որ ստիպված կլինի դաշտ բացել, զիջել եւ կիսել իշխանությունը ռուսամետների հետ: Արեւմտամետների պարագայում այս երեւույթը կար:

Հաջորդ խումբը օլիգարխան է կամ նախկին օլիգարխիան, որը զրկվել է շատ կոնկրետ արտոնություններից: Այն մարդիկ, որոնք հեղափոխությունից առաջ երթեւեկում էին ավտոշարասյուններով՝ սրանից բխող հետեւանքներով, հիմա չեն երթեւեկում…Նրանք էլ սկզբից մտածում էին՝ հեսա իշխանությունը կսկսի իրենց դիմել տարբեր հարցերով, բայց իշխանությունն իրենց չի դիմում, մեր մեծահարուստ հայրենակիցներին ոչ մի հարցով չի դիմում, միայն ասում է՝ օրինական գործունեություն ծավալեք, վճարեք հարկերը: Ու եթե չի դիմում, կոմպրոմիսների, առեւտուրների անհրաժեշտություն չկա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930