Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մտածում են՝ հեսա էս հեղափոխական խնջույքը շուտով կավարտվի»

Ապրիլ 20,2020 20:44

«Այսօր ուղիղ եթեր եմ մտել մեր երեկ սկսած խոսակցությունը շարունակելու համար»,-ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելեց, որ մեկ ամսվա ընթացքում հիմնականում շփումը եղել է կորոնավիրուսի թեմայով, սակայն, նրա խոսքերով, վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ քաղաքական եւ գաղափարական խոսակցությունը պետք չէ թերագնահատել:

«Քանի որ հույս ունեմ, որ փուլ առ փուլ վերադառնալու ենք բնականոն կյանքի, հույս ունեմ նաեւ, որ փուլ առ փուլ կվերականգնենք քաղաքական երկխոսությունը՝ քաղաքական օրակարգի մասին: Երեկ կարճ ներկայացրի այն մոդելը, որը բխում է, պայմանականորեն ասած մաֆիոզ մտածողության դրսևորումներից եւ ասացի, որ հիմա Հայաստանում տեղի է ունենում այսպես ասած «մեծ հիասթափություն»:

Նաեւ ուզում եմ, որ մոդելավորենք այդ «մեծ հիասթափությունը» եւ դուրս բերենք մեր հանրության այն շերտերին, խոսենք մեր հանրության այն շերտերի մասին, որոնք հետհեղափոխական այս շրջանում հիասթափվելու պատճառ ունեն:Փորձենք հասկանալ

ա. թե ինչքանով է լեգիտիմ նրանց հիասթափությունը

բ. ընդհանրապես որտեղից է այդ հիասթափությունը:

Այստեղ կան հատվածներ, որոնք պետք է մեզ հուզեն, եւ հատվածներ, որոնք չպետք է հուզեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Ապա` թվարկեց հիասթափվածների խմբերը՝ պայմանական հերթականությամբ:

« Առաջին խումբը նախորդ իշխանության ներկայացուցիչներն են, որովհետեւ եթե հետ գնանք եւ ընդհանուր նրանց դիրքորոշումը եւ ասելիքը ձեւակերպենք, ապա սկսած 2018 թ մայիս ամսվանից նրանց ասածի ենթատեքստն այն է, որ հեսա էսպես ասած էս հեղափոխական խնջույքը շուտով կավարտվի, եւ ամեն ինչ կվերադառնա իր նախկին տեղը: Նրանք էլի, մեր ընդդիմության նման անցել էն թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ձմեռ տրամաբանությանը: Իրենց հիմնական ասելիքն եղել է էն, որ հեսա մի ամսից, երկու ամսից ամեն ինչ լավ է լինելու: Բայց երկու տարին լրացել է, եւ հորիզոնում չի երեւում, որեւէ բան, որ կարող է արդարացնել նրանց հույսերը: Եվ ուրեմն հիասթափության պատճառներ հետհեղափոխական վերջին տարուց ունեն նախկին իշխանության ներկայացուցիչները;

Հաջորդ խումբը, որ հիասթափվելու պատճառ ունի, նախորդ իշխանության ենթակառուցվածքի մեջ ներգրավված մարդիկ են: Նախկին իշխանության պլանները սպասարկող բազմաթիվ մարդիկ կային, էդ մարդիկ այսօր էլ կան, որոնք չեն երեւում: Առաջին հայացքից հանդես են գալիս որպես օբյեկտիվ գնահատականներ տվող: Կա, օրինակ, փորձագետների խումբ, որ ժամանակ առ ժամանակ որպես անկախ փորձագետ հարցազրույց է տալիս, գնահատականներ են տալիս, բայց իրականում նրանք իշխանության հետ աշխատող մարդիկ են, կա իշխանության PR-ով եւ ռազմավարական ծրագրերով զբաղվող խումբ, որոնց մի մասին հանրությունը գիտի՝ որպես ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր կամ հասարակական ակտիվիստ: Որովհետեւ Սերժ Սարգսյանը պիտի իշխանությունը վերարտադրվեր, հետո արդեն պիտի պատրաստվեր, ենթադրում եմ նրա ժառանգորդի խնդիրը, ընտանիքի անդամներից որեւէ մեկի տակ իշխանության ժառանգման համակարգ ստեղծելու խնդիրը, չասեմ, անունը չտամ՝ բոլորդ էլ գիտեք՝ ում մասին է խոսքը:

Եվ այս տրամաբանությունը սպասարկելու համար առաջիկա հնգամյա, նույնիսկ տասնամյա ծրագիր է եղել մշակված: Այս ենթակառուցվածքի մեջ ներառվել են բավականին երիտասարդ, գիտելիքներ ու կրթություն ունեցող մարդիկ, որոնք առաջիկա հինգ-տասը տարվա պլաններ են ունեցել եւ իշխանությունը ժառանգելու պլաններ: Հիմա հեղափոխության արդյունքում այս ամենը փլուզվել է:

Հաջորդ խումբը, որը հիասթափվելու լեգիտիմ պատճառներ ուներ, հենց այս խումբն է: Ենթադրենք աներ-փեսա օպերացիան, որը առաջիկա տասը տարվա համար շատերին պետք է ապահովեր աշխատանք, եկամուտներ, հեռանկար, փլուզվել է, եւ մարդկանց առաջիկա տասը տարվա անելիքն էլ հետը փլուզվել է:

Հաջորդ խմբին երեկ եմ անդրադարձել: Դա մերձքաղաքական կրիմինալն է, որը իշխանությանը ամենատարբեր առիթներով՝ ընտրություններ, քննադատներին ճնշել է-զսպել,ծառայություններ մատուցել եւ դրա դիմաց ստացել որոշակի արտոնություններ: Հիմա երկու տարի իշխանությունները ոչ միայն նրանց ծառայությունների կարիքը չունի, այլեւ ընդհանրապես այսօր կրիմինալ երեւույթների դեմ պայքարում է՝ նեղացնելով այն դաշտը, որտեղ կրիմինալ երեւույթները կարող են ինչ-որ դրսեւորում ունենալ… Այս խումբը նույնպես հիասթափված է, նրանց մի մասը հետախուզման մեջ է, մի մասը լքել է Հայաստանը, մի մասը թաքնված է, մի մասն էլ սպասում է, որ հեսա ուր որ է կգտնենք իրենց»,-ասաց վարչապետը:

Հիասթափություն գեներացնողների հաջորդ խումբը, ըստ Փաշինյանի, բաղկացած է կոռուպցիոներներից. «Մտածում էին, հեսա աղմուկ-աղաղակը կանցնի եւ պետական կառավարման համակարգը, որ գոյություն է ունեցել երկար տարիներ, նորից կվերականգնվի, կոռուպցիոները հոսքերը կվերականգնեն: Սա չի նշանակում, որ կաշառք վերցնողներ հիմա չկան, բայց խնդիրն այն է, որ այդ կաշառք վերցնողներին բռնում են, եւ սա, բնականաբար,կոռուպցիոն համակարգի համար ընդունելի չէ: Հիմա մարդիկ կաշառք են վերցնում իրենց անձնական պատասխանատվությամբ, որովհետեւ գյոզալ կոռուպցիոն համակարգը այլեւս գոյություն չունի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930