Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մարդ կարող է իր կարծիքը հայտնել՝ անկախ նրանից ՀԽ անդամ է, թե շարքային քաղաքացի». Վազգեն Սաֆարյանը՝ Ստեփան Սաֆարյանի՝ կաթողիկոսի մասին հայտարարության առիթով

Ապրիլ 20,2020 20:20

Հանրային խորհրդի (ՀԽ) անդամ Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի և ՀԽ ներկայիս նախագահ Ստեփան Սաֆարյանի հայտարարությունների միջև համեմատականներ անցկացնելը ճիշտ չէ:

Aravot.am-ի հարցին՝ նույն երևույթը չէ՞ այն, որ նախկինում Վազգեն Մանուկյանին Ստեփան Սաֆարյանն էր քննադատում չեզոքություն չպահպանելու մեջ՝ դատական համակարգի հետ կապված հայտարարությունների առիթով, իսկ հիմա արդյոք քաղաքական չեզոքություն չպե՞տք է պահպանի Ստեփան Սաֆարյանը՝ որպես Հանրային խորհրդի նախագահ, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Դրանք տարբեր հարցեր են, տարբեր մոտեցումներ: Մեկը կոնկրետ պետաիրավական հարցերին է վերաբերում, մյուսը՝ հոգևոր-մշակութային հարցերին: Դրանց միջև զուգահեռներ անցկացնելը ճիշտ չի լինի: Բայց ամեն մարդ ունի իր կարծիքը, որ մարդ կարող է հայտնել ու արտահայտել՝ անկախ նրանից ՀԽ անդամ է, թե շարքային քաղաքացի: Կարծում եմ՝ ամեն մարդ էլ ունի իր վերաբերմունքն այս կամ այլ հարցի վերաբերյալ: Վազգեն Մանուկյանը միշտ շեշտում էր, որ իր անձնական կարծիքն է հայտնում»:

Վազգեն Սաֆարյանն ասաց, որ անպայման այս հարցով կխոսի Ստեփան Սաֆարյանի հետ:

Հիշեցնենք՝ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում կաթողիկոսի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված հայտարարությունից հետո գրառում էր կատարել ու այսպիսի կարծիք հայտնել. «Ավելորդ չէ ասել՝ մոմդ ծախի, եկեղեցու բիզնեսներին տիրություն արա, պետության գործերին մի խառնվի, միգուցե մի գեղեցիկ օր մեզ արժանի վեհափառ կունենանք…»:

Նաև նշենք, որ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքով ամրագրված է. «Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն»:

Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց՝ այս օրերին COVID-19 համավարակի պատճառով հանրային խորհրդի անդամներին չի հանդիպում, դրա համար տեղյակ չէ՝ արդյոք Ստեփան Սաֆարյանն այս հարցով հարցում արե՞լ է անդամներին, թե ոչ: Նա ասաց, որ հեռավար իրենց հանձնաժողովով հարցեր են քննարկում. օրինակ՝ տնտեսական քաղաքականության վերաբերյալ, թե ինչպիսին պիտի լինի կորոնավիրուսից հետո հարկային քաղաքականությունը, գազի գնի հետ կապված են հարցեր քննարկել և այլն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930