COVID-19-ի հետեւանքով զբոսաշրջությունն աշխարհում եւ նաեւ Հայաստանում ամենատուժած ոլորտներից է: Այս ոլորտի տնտեսվարողներին աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությունը միջոցառումների ծրագիր է իրականացնում: Սակայն, ինչպես ոլորտի մասնագետներն են նշում, կառավարության մոտեցումն ավելի շատ ընդհանրական է, մինչդեռ զբոսաշրջությունը լայն հասկացություն է եւ պետք է ոլորտը բաժանել մասերի՝ հասկանալու համար՝ որոնք են ամենատուժած ենթաոլորտները: Հիշեցնենք, որ զբոսաշրջության ոլորտին նախատեսված աջակցությունը կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու երրորդ միջոցառումների ծրագրով է:
Aravot.am-ի հետ զրույցում «Armenia Travel» տուրիստական ընկերության զարգացման գծով տնօրեն Արմեն Գրիգորյանը խնդիր է համարում, որ կառավարությունը, զբոսաշրջության աջակցության փաթեթները մշակելիս ներգնա կազմակերպված զբոսաշրջությունը չի առանձնացրել, որովհետեւ հենց այս ենթաոլորտը, անգամ տնտեսական գործունեության սահմանափակումները վերացնելուց հետո, մոտավորապես դեռ մեկ տարի էլ ուշքի չի գալու:
«Մենք, իհարկե, շնորհակալ ենք, որ պետությունը ժամանակին միջոցներ է ձեռնարկում, բայց մենք էլ մեր կողմից պետք է նշենք այն նկատառումները, որոնք մեր կարծիքով շատ կարեւոր են»,-ասում է պարոն Գրիգորյանը: Նրա խոսքով, երբ երրորդ միջոցառումը դեռեւս նախագիծ էր, ներգնա զբոսաշրջությունը որպես առանձին ենթաոլորտ է ներկայացված եղել, սակայն երբ որոշումը հրապարակվել է, ոլորտն ընդհանրացվել է՝ զբոսաշրջության ծառայություններ. «Բայց զբոսաշրջության ծառայությունն իրականում շատ լայն հասկացողություն է: Իհարկե, լավ է, որ լայն շրջանակ է ընդգրկում, քանի որ, այսօրվա դրությամբ, տնտեսվարողների մեծ մասի գործունեությունը դադարեցված է նույն կերպ՝ ոնց որ զբոսաշրջությունում ներգրաված ընկերություններինը: Բայց զբոսաշրջությունն իր հերթին մի քանի մասից է բաղկացած: Երբ ավիաընկերությունները սկսեն մեկուկես-երկու ամսից չվերթները վերականգնել, ավիագործակալությունները, զբոսաշրջային ծառայությունները քիչ-քիչ սկսելու են աշխատել, այսինքն՝ մարդիկ կրկին սկսելու են ճամփորդել, գործուղումների մեկնել եւ այլն: Սակայն, կոնկրետ ներգնա կազմակերպված զբոսաշրջությունը, մինչեւ սեպտեմբեր չի կարող աշխատել, քանի որ բոլոր այցելությունները չեղարկված են, եւ դա ծանրագույն խնդիր է թե՛ մեր ոլորտի, թե՛ նաեւ պետության համար»:
Մեր զրուցակցի խոսքով, ներգնա կազմակերպված զբոսաշրջությունն այնպիսի ոլորտ է, որ սկսում է ձեւավորվել եւ իր պատվերները ստանալ մեկ տարի առաջ:
Եվ հենց ներգնա կազմակերպված զբոսաշրջությունն է ձեւավորում զբոսաշրջության արդյունքը՝ տուր պրոդուկտը:
Կարդացեք նաև
«Հույս ունենք, որ մեկ-երկու ամսից հիվանդությունը կնահանջի այնքան, որ սահմանափակումները կվերանան, եւ ավիագործակալները, ռեստորանները, մարզերի հյուրանոցներն ու հյուրատները, իհարկե, ոչ ամբողջ ծավալով, բայց մասամբ կսկսեն աշխատել՝ հիմնականում տեղացիների հաշվին, բայց ամենատուժած ոլորտն իրականում ներգնա զբոսաշրջային օպերատորներն են, որոնք կազմակերպում են զբոսաշրջիկների այցելությունը: Կնշեմ նաեւ զբոսավարներին, որովհետեւ, եթե զբոսաշրջիկներ չլինեն, նրանք նույնպես մատնված են անգործության»,-ասաց Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով, զբոսաշրջային ծառայություն մատուցող 1000-1200 գրանցված ընկերություն կա, բայց ներգնա տուրօպերատորները մոտ 10 %-ն են կազմում, որոնք սակայն ներգնա զբոսաշրջության ոլորտի քարշակն են հանդիսանում.
«Ընդհանուր առմամբ, կարող է մոտ հարյուր ընկերություն լինի կամ չլինի: Հիմնական ներդրումներն արվում են հենց զբոսաշրջային օպերատորների կողմից, եւ այդ ներդրումները, որ արվում են, դրանք հիմնական միջոց չեն: Բոլորը կասեն՝ այո, հյուրանոցն էլ է ներդրում անում, օրինակ՝ շենք է կառուցում, վերանորոգում է անում, ռեստորանն էլ է ներդրում անում, բայց դրանք բոլորն իրենց հիմնական միջոցի համար է: Ռեստորանն իր տեխնիկան է գնում, հյուրանոցն իր շենքն է վերանորոգում, «տրանսպորտնիկն» իր ավտոբուսն է գնում, բայց ոչ մեկ ներդրում չի անում, որպեսզի զբոսաշրջիկը գա: Իսկ այդ ներդրումները հիմնականում արվում են զբոսաշրջային օպերատորի կողմից, որոնք տարեկան մի քանի տարբեր միջազգային ցուցահանդեսների են մասնակցում՝ Հայաստանը գովազդելով, դարձնելով ավելի ճանաչելի: Եվ նաեւ դրա շնորհիվ է, որ տարեցտարի ներգնա զբոսաշրջության ծավալներն աճում են»:
Ի դեպ, ներգնա զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության միակ ոլորտներից է, որ 2000 թվականից այս կողմ ամեն տարի երկնիշ՝ 10 տոկոսից ավել աճ է ունեցել: Մեր զրուցակցի խոսքով՝ իրականում հենց զբոսաշրջային տուրօպերատորների շնորհիվ է այդ աճը եղել. «Որովհետեւ, մենք ամեն տարի մեծ միջոցներ ենք ներդնում, որպեսզի Հայաստանը տարբեր հարթակներում գովազդենք: Պետությունն էլ որոշակի բյուջե հատկացնում է, բայց դա շատ փոքր է համեմատած մեր հարեւան երկրների հետ»:
Պարոն Գրիգորյանի խոսքով, բոլոր այս մտահոգությունները նաեւ վարչապետին ու կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներին ներկայացրել են, առայժմ արձագանք չկա:
Այս ոլորտի մասնագետներին հուզող մի քանի այլ խնդիրների մասին՝ շուտով՝ Aravot.am կայքում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ