Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր «Սերժի մնացորդ»-ները չեն մեկնաբանում Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 20,2020 18:50

«Հանրապետության վարչապետի հայտարարությունները չենք մեկնաբանում»,- Aravot.am-ի հարցմանն այսօր այսպես պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Aravot.am-ը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էր հարցեր ուղղել`երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած որոշ հայտարարությունների մասին: «Հակակոռուպցիոն գործերով կոնկրետ գործեր են ի հայտ գալիս, եւ նրանք հիստերիկ նոպայի մեջ են: Չեմ ուզում մանրամասներ ասել, բայց այս ամենը համարում եմ հիստերիկ նոպա: Այո, նրանք իշխանության ներսում էլ դեռ լիքը մարդ ունեն, իրավապահ համակարգում էլ»,- երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր վարչապետը`մանրամասնելով`մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու, եւ բոլորին ժամանակ ենք տվել, բայց հիմա ժամանակը սպառվել է եւ պետական կառավարման համակարգը պետք է «Սերժի մնացորդներից» մաքրել:

Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր Դատախազի պաշտոնում է նշանակվել 15. 09. 2016 թվականին: Մինչ այդ, պարոն Դավթյանը համակարգում մի շարք պաշտոններ է զբաղեցրել`նախագահի`Սերժ Սարգսյանի հրամանագրերով: Գլխավոր դատախազին հարցրել էինք. «Դուք Գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել եք նախկին նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությամբ. Ձեզ «Սերժի մնացորդ» համարո՞ւմ եք: Առհասարակ, ի՞նչ է նշանակում «Սերժի մնացորդ»: Նաեւ հետաքրքրվել էինք. «Ձեր կարծիքով, տրված «ինքնամաքրման» շանսը նպատակին ե՞ք ծառայեցրել: Ի դեպ, «ինքնամաքրվել» եւ ճիշտ ուղու գալը ինչպե՞ս եք պատկերացնում`ծառայել ներկայիս իշխանությա՞նը»: Եթե խնդիրը որեւէ իշխանության ծառայելու տիրույթում չէ, Արթուր Դավթյանին նաեւ խնդրել էինք մանրամասնել` ինչպե՞ս է գնահատում վարչապետի ասածները:

Դատախազության պատասխանում նաեւ նշված է. «Դատախազությունն առաջնորդվում է ոչ թե իշխանությանը, այլ պետությանը և իրավակարգին ծառայելու սկզբունքով, ինչը բխում է ՀՀ սահմանադրության և ոլորտը կարգավորող օրենքների էությունից ու տրամաբանությունից»:

Aravot.am-ը փորձեց վարչապետի հայտարարությունների մասով ստանալ նաեւ թավշյա հեղափոխությունից հետո Սյունիքի մարզպետ նշանակված Հունան Պողոսյանի կարծիքը: Մեր բոլոր հեռախոսազանգերն առայժմ անպատասխան են մնում: Հիշեցնենք միայն, որ Հունան Պողոսյանը դասական իմաստով տեղավորվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Սերժի մնացորդ» ձեւակերպման մեջ. Հունան Պողոսյանը ոստիկանության համակարգում աշխատանքի է անցել 1991 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, իսկ 2008-2010թթ. Հունան Պողոսյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը, 2010 թ. նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ,
2018 թվականի մայիսի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ  ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ 2018թ. հոկտեմբերի 16-ի ՀՀ կառավարության 1129-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930