Հանրային խորհրդի (ՀԽ) անդամ Արծրուն Պեպանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀԽ նախագահ Ստեփան Սաֆարյանը մինչև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին հայտարարություն անելը Հանրային խորհրդի հետ չի խորհրդակցել, ուստի դա նրա անձնական կարծիքն է:
Հիշեցնենք՝ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում կաթողիկոսի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված հայտարարությունից հետո գրառում էր կատարել ու այսպիսի կարծիք հայտնել. «Ավելորդ չէ ասել՝ մոմդ ծախի, եկեղեցու բիզնեսներին տիրություն արա, պետության գործերին մի խառնվի, միգուցե մի գեղեցիկ օր մեզ արժանի վեհափառ կունենանք…»:
Արծրուն Պեպանյանն ի պատասխան մեր հարցի՝ որևէ քննարկում այս հարցով ՀԽ անդամների հետ եղե՞լ է, ասաց. «Ստեփան Սաֆարյանն իր սեփական կարծիքն է արտահայտել: Հանրային խորհրդի կարծիքը Հանրային խորհուրդն է արտահայտում՝ որոշումով»:
Հիշեցնենք՝ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքով ամրագրված է. «Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն»:
Կարդացեք նաև
Արծրուն Պեպանյանին նաև հիշեցրինք՝ 2019-ի մայիսին, երբ Հանրային խորհուրդն արտահերթ նիստ հրավիրեց՝ քննարկելու դատական իշխանությունների շուրջ մեր երկրում ստեղծված ճգնաժամային ու փակուղային իրավիճակը, դրանից հետո այն ժամանակ ՀԽ անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանի՝ այդ նիստում հնչած գնահատականներից ոչ մեկը չէր հանդիսանում Խորհրդի արտահերթ նիստին մասնակցող ՀԽ անդամների մեծամասնության տեսակետը և քննադատեց Վազգեն Մանուկյանին: Այնուհետև հարցրինք՝ հաշվի առնելով այս հանգամանքը Ստեփան Սաֆարյանի՝ կաթողիկոսի հասցեին հնչեցրած դիրքորոշո՞ւմն ինչպես կգնահատի: Նա պատասխանեց. «Իմ դիրքորոշումն այդ պահվածքի հետ կապված նաև արտահայտել եմ իմ ֆեյսբուքյան էջում: Ես գտնում եմ, որ այս պահին Հանրային խորհուրդը պիտի ձգտի, եթե կան առճակատումներ, նրանց մեջ երկխոսության հնարը գտնել, տանել երկխոսության: Հանրային խորհրդի մասին օրենքում էլ է դա գրված: Եվ գտնում եմ, որ Հանրային խորհրդի նախագահի վարքը չի տանում դրան, բայց ինքն այլ կարծիքի է»:
Հետաքրքրվեցինք՝ Ստեփան Սաֆարյանի հետ այս հարցով քննարկում ունեցե՞լ է, Արծրուն Պեպանյանը պատասխանեց. «Բացարձակ, ինքն իմ էջում արձագանքել է, մեկ-երկու կարճ մտքեր ենք արտահայտել, ես նորից եմ պնդել, որ այլ վարք էր պետք՝ կողմերի հետ երկխոսության տանել, ոչ թե ինչ-որ մեկի առաջամարտիկը դառնալ»:
Արծրուն Պեպանյանին այս առիթով հետաքրքիր է, թե ինչու ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին չի հետաքրքրում Ստեփան Սաֆարյանի վարքագիծը: Նա զրույցի ավարտին ասաց. «Ես մի առաջարկ ունեմ՝ դիմեք Արման Բաբաջանյանին, ասեք այն ժամանակ, որ Վազգեն Մանուկյանը կարծիք էր արտահայտում, Դուք օրենքի նախագիծ էիք ուզում մտցնել ԱԺ, բա Ստեփան Սաֆարյանի վարքագիծը Ձեզ չի՞ անհանգստացնում, որ այդ նախագիծն առաջ տանեք ԱԺ-ում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ