Այն դեպքում, երբ Ռուսաստանի մի շարք շրջաններ խստացնում են կարանտինը, Հյուսիսային Օսիայի բնակիչները բոյկոտում են ինքնամեկուսացման ռեժիմը, ցույցեր անում և հրաժարվում հավատալ, որ կորոնավիրուսն իրական է: Ինչպես հաղորդում է BBC-ն, երկուշաբթի Վլադիկավկազի կենտրոնում մի քանի հարյուր մարդ դուրս էր եկել բողոքի ցույցի՝ ինքնամեկուսացման ռեժիմի դեմ: Նրանք շարժվել են դեպի Հյուսիսային Օսիայի կառավարության շենք և պահանջել պետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի հրաժարականը: Կառավարության շենքի մոտ ցուցարարներին դիմավորել են հատուկ ջոկատայինները, սկսվել են ձերբակալություններ:
Գործակալության փոխանցմամբ՝ Բիտարովը կառավարության անդամների հետ դուրս է եկել ցուցարարների մոտ: Նա փորձել է համոզել, որ կորոնավիրուսի խնդիրն իրական է, ինքնամեկուսացման ռեժիմին հետևելը՝ խիստ անհրաժեշտ: «Եթե ինձ ինչ-որ մեկն ապացուցի, որ կորոնավիրուս գոյություն չունի, ամեն ինչ նորից կբացեմ»,-ասել է Հյուսիսային Օսիայի ղեկավարը:
Ցուցարարները պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին, այդ թվում՝ ակցիայի նախաձեռնող Վադիմ Չելդիևին: Արդյունքում Բիտարովը չի կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել ցուցարարների հետ: Որոշում է կայացվել ձևավորել 5 անձից բաղկացած նախաձեռնող խումբ, որը Բիտարովի հետ կհանդիպի ևս մեկ անգամ:
Տեղեկատվության համաձայն՝ բողոքի ակցիայի նախաձեռնողը երգիչ Վադիմ Չելդիևն է, որը չի հավատում կորոնավիրուսի գոյությանը: Նա իրեն համարում է ԽՍՀՄ-ի քաղաքացի, ռուսական օրենքները՝ ոչ օրինական և մարդկանց կոչ է անում չվճարել կոմունալ ծախսերը և վարկերը: BBC-ի տեղեկություններով՝ Չելդիևն ապրիլի 17-ից հետո կապի դուրս չի եկել, նրա ձերբակալության վերաբերյալ Հյուսիսային Օսիայի ՆԳՆ վարչությունը պաշտոնական տեղեկություն չի տրամադրել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ