Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծովինար Խաչատրյանը բուժաշխատողների՝ իրավիճակային դափնիների ու ոչ անվճար կամավորության մասին

Ապրիլ 20,2020 16:57

Հետկորոնավիրուսային հաղորդակցման, բժիշկների դերի և բժշկի կերպարի դրական ընկալման եւ այլնի մասին Aravot.am-ը զրուցել է հանրային կապերի մասնագետ, դասախոս Ծովինար Խաչատրյանի հետ:

– Բուժաշխատողն այսօր համարվում է մեր օրերի հերոսը, ինչը ոչ վաղ անցյալում բացարձակ այդպես չէր, ի՞նչ եք կարծում սա իրավիճակայի՞ն է, թե ընկալման գլոբալ փոփոխության հետ գործ ունենք:

– Առհասարակ ամենաանշնորհակալն ու ռիսկայինը իրավիճակային հերոսի դափնիներն են, դրանք ինչպես մեծ ոգևորությամբ շնորհվում, այդպես էլ համարժեք հիասթափությամբ հետ են վերցվում, այս իմաստով եռակի, քառակի պատասխանատվություն է դրվելու հետկորոնավիրուսային Հայաստանի բուժաշխատողների ուսերին: Կորոնավիրուսը նրանց համար սահմանեց բարեգթության, մարդասիրության առասպելական նշաձող, որը պահպանողներ, իհարկե, կլինեն, բայց դրան ամենևին չձգտողների պակաս էլ չի զգացվի: Արդյունքում՝ շռայլված գովեստի խոսքերը հնարավոր է վերածվեն սխալված լինելու իրավունքի, ինչն ամեն դեպքում արդար չի լինի բուժաշխատողների հանդեպ: Իրավիճակային հերոսությունն ամենավտանգավորն է, և կարող է դրան հաջորդող խաղաղությունը տանել հերոսի փառքը: Իհարկե, վիճակը կարող է նաև անցավ հանգուցալուծվել, եթե մեկ այլ դրություն զարգանա երկրում, և բժիշկներին արագ փոխարինելու գան իրավիճակային այլ հերոսներ:

– Այսինքն՝ կարծում եք, որ այս իրավիճակն էյֆորիկ տարրե՞ր է պարունակում:

– Ժողովրդի, ազգի, մարդկության հավաքական հիշողություն գոյություն ունի, և սովորաբար դրական երևույթներն ավելի դժվար է վառ պահել այդ հիշողության մեջ, քան բացասականը: Ի դեպ, այդ հիշողությունը ցիկլիկ բնույթ է կրում, յուրաքանչյուր դրական իրադարձություն հավաքական հիշողության մեջ կարող է ապրել 6 ամիս, առավելագույնը՝ մեկ տարի, եթե այն պարբերաբար չեն սնում ու թարմացնում: Կյանքը հոսում է, մարդկանց պետք են նոր տպավորություններ, նոր կերպարներ, նոր հերոսներ ու հակահերոսներ: Այստեղ միայն պետք է հոգ տանել, որ հերոսը չվերածվի հակահերոսի կամ չդառնա ժամկետանց ու պաշտոնաթող լինի մարդկային հավաքական դրական հիշողությունից:

– Ստացվում է, որ օրուգիշեր աչք չփակող բուժաշխատողները հետագայում մի անհաջող գործընկերոջ պատճառով կարող է կորցնե՞ն այս վաստակած համբավը:

– Հարցն էլ հենց այդ է՝ համբավը վաստակել են այսօրվա համար, ոչ թե ապագայի, հետագայում դրա կապիտալիզացիայից է շատ բան կախված, ինչին էլ պետք է ձգտեն բուժաշխատողները:

– Այսօր անժխտելի է, որ շատ բուժաշխատողներ են դառնում կամավորներ, ուսանողները նույնիսկ ցանկանում են կամավորագրվել, սա կարելի է համարել մարդասիրության դրսևորում:

– Ես բնորոշումներ չէի շռայլի, այո, կամավորությունը մարդասիրություն է, որոշ դեպքերում նաև սեփական կյանքը ուրիշի կյանքին ստորադասելու մեծ առաքելություն, բայց ինչպես որ սովորաբար լինում է՝ պետք է տարբերակենք թացը չորից….Կամավորությունը ենթադրում է նաև անշահախնդրություն, եթե մի փոքր էլ մանրանանք՝ անվճար, հանրօգուտ աշխատանք է … Այս թեմայով զրուցել եմ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ֆրանսիայի հանրային կապերի որոշ մասնագետների հետ, որոնք ծառայություն են մատուցում հենց բուժհիմնարկներին և կարծես նրանց հաղորդածը համադրելի է նաև իմ փորձին, երբ շատերն են նամակ գրում բուժկենտրոնին, խնդրում կամավորագրվել եւ դրական պատասխանին անմիջապես հաջորդում է աշխատավարձի չափի մասին հետաքրքրվելը: Մի բան կարող եմ ասել, շատերն այսօր զօր ու գիշեր պայքարում են վիրուսի դեմ, ի դեպ նաև դասական իմաստով շատ կամավորներ, ոմանք էլ իրենց են վերագրում այլոց հասանելիք փառքը, ինչը հատուկ է բոլոր ձևերի պատերազմներին:

– Եկեք բուժաշխատողներից անցնենք մյուսներին: Շատերն են պնդում, որ կորոնավիրուսից հետո կյանքն առաջվանը չի լինի:

-Ինչպես արդեն նշեցի՝ մարդկային հավաքական հիշողությունը կարճ է, նաև ինքնապաշտպանիչ շերտ ունի և հաճախ ավտոմատ հեռացնում է ոչ պետքականը: Ընդհանրական իմաստով այսպես ձևակերպեմ՝ կմոռացվի, արագ կմոռանան և կանցնեն բնականոն կյանքի, իհարկե կլինեն բացառություններ, բայց ով կարող է շտկել շոպինգամոլին, նախաձին, մանիպուլյատորին, դավադրության տեսությունների երդվյալ վկաներին: Կամ ո՞ւմ ուժերը կներեն հակառակը համոզելու բարիներին, նենգության դրդել բացսիրտներին, ստիպել մարդկանց սիրել սպառողի հոգեբանություն ունեցողներին… Մարդկային հարաբերություններում փոփոխություններ չեն լինի, դրանք պետք է փնտրել, օրինակ, տնտեսական, միջազգային հարաբերություններում…

Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

Լուսանկարը տրամադրել է Ծովինար Խաչատրյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930