Fitch միջազգային վարկանշային գործակալությունը վերանայել է Երևան քաղաքի էմիտենտ դեֆոլտի ազգային արժույթով և արտարժույթներով երկարաժամկետ վարկանիշը «կայունից» «բացասական» և հաստատել «BB-» մակարդակի վրա: Էմիտենտ դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «В» մակարդակի: Այս մասին ասվում է գործակալության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Fitch-ը վերանայել է Հայաստանի կառավարության արտարժույթով, ինչպես նաև ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները` դրանք պահպանելով «BB-» մակարդակի վրա, «դրականը» փոխարինելով «բացասական» հեռանկարով՝ պայմանավորված կորոնավիրուսի ազդեցությամբ:
Երևան քաղաքի վարկանիշի հաջորդ վերանայումը նախատեսվում է մայիսի 22-ին, Fitch-ն ակնկալում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջիկա ամիսներին իրավիճակը կարող է վատանալ՝ տնտեսական ակտիվության թուլացման, կառավարության կողմից սահմանափակող միջոցառումների պահպանման կամ երկարաձգման ֆոնին:
Fitch-ը Երևանը դասակարգում է որպես B տեսակի ենթաազգային կառույց, ինչը նշանակում է, որ պարտքի սպասարկումը պետք է փակել դրամական հոսքերի հաշվին տարեկան կտրվածքով: Ուստի ռիսկի պրոֆիլը գնահատվում է որպես «ավելի թույլ մակարդակ», ինչն արտացոլում է «ավելի թույլ մակարդակի» չորս առանցքային գործոն՝ եկամուտների կայունություն և հարմարեցում, ծախսերի հարմարեցում և պարտքային պարտավորությունների ճկունություն, իրացվելիություն: Այլ գործոններ, ինչպիսիք են ծախսերի կանխատեսումը, պարտքային պարտավորությունների կայունությունը և իրացվելիությունը գնահատվում են որպես «միջին մակարդակ»: Պարտքային բեռի կայունությունը գնահատվում է «aaa»: Երևանի վարկունակությունը գնահատվում է «bbb-» մակարդակի վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ