Այս տարի լրանում է Լեհաստանի Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման 15-ամյակը։
Այս կապակցությամբ Լեհաստանի Հայ առաքելական, ինչպես նաև հայ կաթոլիկ եկեղեցին, ծագումով հայ սենատոր Լուկաշ Աբգարովիչը, հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Լոձում Հայաստանի պատվո հյուպատոսությունը, հայկական կազմակերպությունները, մշակութային հիմնադրամները, հայկական դպրոցները համատեղ շնորհակալական նամակ հղեցին Լեհաստանի Հանրապետության Խորհրդարանի ղեկավար տիկին Էլիժբետա Վիտեկին։
Նամակում մասնավորապես ասվում է. «2005 թ. Լեհաստանը միացավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների շարքին։ Միաժամանակ Խորհրդարանը նշում է, որ այդ հանցագործության դատապարտումը յուրաքանչյուր պետության բարոյական պարտքն է։
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտումը և դրա զոհերի հիշատակի պահպանումը միակ երաշխիքն է, որով կարելի է կանխել կրոնական և ազգային խտրականություններից բխող նոր ցեղասպանություններն ու վայրագությունները, այդպիսով կառուցելով խաղաղ և ներդաշնակ աշխարհ:
Կարդացեք նաև
Այսօր մենք՝ հին և նոր լեհահայերս, Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցու անդամներս, հայկական միությունները, դպրոցները և հիմնադրամները, նշելով ցեղասպանության 105-ամյակը, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Լեհաստանի Հանրապետության Խորհրդարանին այդ բանաձևի ընդունման համար:
Գրեթե յոթ դար շարունակ մեր նոր հայրենիք հանդիսացող Լեհաստանը, ինչպես միշտ, չի հիասթափեցնում հայերիս»։
Նամակը ստորագրված է Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ դոկտոր Արսեն Հովսեփյանի կողմից, ներքոնշյալ բոլոր անձանց անունից։