Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բախվել ենք մի իրողության, երբ պետությունն իր առողջապահական խնդիրը լուծելու համար, պարտադրված զրկել է քաղաքացիների գերակշիռ մասին տնտեսվարելու և վաստակելու իրավունքից

Ապրիլ 20,2020 14:53

Տառապել սովից ու կարիքի՞ց, թե՞ կորոնավիրուսից. հարցս ամենևին էլ հռետորական չէ, այլ շատ հստակ: Կարծում եմ կհամաձայնեք, որ այս հարցն աստիճանաբար ավելի մեծ թվով մարդկանց է սկսում հուզել: Վստահ եմ, բոլորն իրենց առօրյայում ականատես են լինում օրեցօր համազգային կարանտինի նորմերը խախտող ավելի շատ քաղաքացիների: Համաձայնեք, որ խախտողների գերակշռող մասի դրդապատճառն այն չէ, որ նրանք չեն գնահատում սեփական կյանքն ու առողջությունը, այլ այն, որ ուղղակի անհնար է այսքան երկար հարկադիր պարապուրդի պայմաններում հոգալ սեփական կենսաապահովման պահանջները:

Ըստ էության, քաղաքացիները ակնկալում էին, որ պետությունը կփոխհատուցի հարկադիր պարապուրդի հետևանքով չաշխատած գումարների շոշափելի մասը, որը թույլ կտար առնվազն հոգալ նվազագույն կարիքները: Գնահատենք, թե որքանով են արդարացված քաղաքացիների նման սպասումները, նույնիսկ այսքան բարդ իրավիճակում գտնվող պետությունից: Սկսենք բոլորին քաջ հայտնի փաստից, որ պետությունն ունի մի շարք հիմնական գործառույթներ, որոնց հնարավոր չէ դասակարգել ըստ կարևորության՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական, բնապահպանական, առողջապահական և այլ գործառույթներ: Փաստ է, որ առանց պետական հիմնական գործառույթների զուգահեռ իրականացման պետությունը չի կարող գոյատևել:

Որպես օրինակ, դիտարկենք ներկայիս իրողությունները, երբ պետությունն իր առողջապահական գործառույթն իրականացելիս բախվել է նախադեպը չունեցող խնդրի, այն է՝ չկառավարվող մահաբեր համաճարակը: Համաճարակի դեմ պայքարի ընթացքում պետության կարիքները պարբերաբար ավելանում են հավելյալ ֆինասական, մարդկային, տեխնիկական և այլ տեսակի ռեսուրսների տեսքով: Արդյոք հնարավո՞ր է մի իրավիճակ, երբ պետությունը հայտարարի, որ սահմանին կանգնած զինվորները և պայմանագրային զինծառայողները մեզ համար այս պահին առաջնային չեն և բանակին հատկացված ռեսուրսները փոխանցի առողջապահական համակարգին: Պատասխանը միանշանակ է՝ ոչ, քանի որ պետությունն իր անվտանգության ապահովման գործառույթը պարտավոր է ապահովել 24 ժամյա անդադար ռեժիմով:

Ինչպես արդեն նշեցի, պետական կառավարման մյուս բոլոր հիմնական գործառույթները հավասարազոր են և նույնպես ենթակա են կատարման անընդհատության ռեժիմով: Այս պահին մահաբեր վարակի դեմ պայքարի պետության գլխավոր գործիքը մարդկանց ինքնամեկուսացման պայմանների ապահովումն է, ինչը ենթադրում է իրավիճակից բխող սոցիալական և տնտեսական մարտահրավերներ: Պետության հիմնական գործառույթներից որևէ մեկի խափանումը չի կարող հիմնավորվել մեկ այլ հիմնական գործառույթի ապահովման անհրաժեշտությամբ: Ժողովրդավարական և սոցիալական պետությունն իր տնտեսական և սոցիալական գործառույթների շրջանակում պարտավոր է անհատի համար ապահովել ազատ շուկայական և մրցակցային պայմաններում բարիք ստեղծելու և սպառելու իրավունքը, ինչպես նաև սոցիալական պաշտպանվածության իրավունքը: Այսօր մենք բախվել ենք մի իրողության, երբ պետությունն իր առողջապահական խնդիրը լուծելու համար, պարտադրված զրկել է քաղաքացիների գերակշիռ մասին տնտեսվարելու և վաստակելու իրավունքից: Պետության գործողություններն օրինական են և օրինաչափ, սակայն միևնույն է վերջինիս չեն ազատում իր ոչ պակաս կենսական նշանակություն ունեցող գործառույթների իրականացումից:

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները, պետությունն առնվազն պետք է պարտավորվածություն զգա ապահովել իր քաղաքացիներին կենսաապահովման մինիմալ պայմաններով, որպեսզի չշեղվի իր բնականոն հունից և հնարավորինս քիչ վնասներով դուրս գա այս իրավիճակից: Հակառակ դեպքում մարդիկ պարտադրված դուրս կգան ինքնամեկուսացման ռեժիմից և կվերադառնան իրենց աշխատանքային առօրյային, որի հետևանքով պետությունը կզրկվի համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքից, արդյունքում ունենալով առողջապահական ռիսկերի կտրուկ ավելացում: Եթե այսօր արդեն զարգացած երկրները սկսում են գնալ տնտեսությունների վերագործարկման ճանապարհով, ապա մեր երկրում դժվար կացությունից ելնելով են քաղաքացիները նախաձեռնում տնտեսական գործունեություն: Ենթադրում եմ, որ եթե մոտակա օրերին պետությունը տնտեսական և սոցիալական խնդիրների լիարժեք լուծումներ չնախաձեռնի (ընդլայնի հակաճգնաժամային փաթեթների շահառուների շրջանակը, ավելացնի նոր ավելի արդյունավետ փաթեթներ), պարտադրված կլինի տնտեսությունը գործարկի ոչ թե մասնակի, այլ ամբողջ ծավալով: Զարգացած երկրները պարտադրված են վերագործարկում տնտեսությունները, քանի որ իրենց շուկաներին անհրաժեշտ խոշոր ֆինանսական հոսքեր ապահովելու սահմանափակ հնարավորություններ ունեն (պետական պարտքի ծավալները սովորաբար գերազանցում են երկրի ՀՆԱ-ի ծավալներին): Այդ առումով, մեր երկրում վիճակն այդքան էլ բարդ չէ, որովհետև մեր երկրի պետական պարտքը գտնվում է ՀՆԱ-ի 50% շրջանակում, ինչը միջազգային չափորոշիչներով համարվում ցածր և կառավարելի ֆինանսական բեռ: Սա հնարավորություն է տալիս կարանտինի պայմաններում առնվազն երեք ամսվա համար անհրաժեշտ ֆինանսական հոսքեր ապահովել: Հուսանք, տնտեսության վերագործարկումից առաջ կլինի հաշվարկ և ռիսկերի գնահատում, թե ինչքան կծախսի պետությունը, եթե մեր ազգաբնակչությանը պահի կարանտինի պայմաններում հավելյալ մեկ-երկու ամիս `ապահովելով լիարժեք սոցիալական և տնտեսական աջակցություն, ինչից հետո նոր կվերագործարկի, քանի որ ողջ ծավալով վերագործարկումը կարող է կտրուկ ավելացնել վարակակիրների թիվը՝ կանգնեցնելով պետությանն ավելի լուրջ ու ծանր ֆինանսական հոգսերի առջև: Ինչպես ասում են, «ժլատը վճարում է կրկնակի», հուսով եմ դա մեզ չի սպառնա: Քաղաքացու պահանջն արդար է, երբ սոցիալական պաշտպանություն է պահանջում մի երկրից, որն իրեն հռչակել է ժողովրդավարական և սոցիալական պետություն:

Էդուարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930