Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ մենք բողազներս պատռում էինք ու ենթարկվում էինք այլանդակ հարձակման՝ ժամանակին դրա մասին էր պետք մտածել». Մարուքյան

Ապրիլ 20,2020 14:26

Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հեղափոխությունից հետո հիասթափության մասին, ասաց, որ քաղաքական դաշտում կա մի հատված, որը սպասում է իր փային: Ոմանք սպասում էին, որ կմեծացնեն իրենց փայը, ոմանք սպասում էին, որ կպահպանեն իրենց փայը, ոմանք նոր փայ էին ուզում ստանալ: Aravot.am-ն այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ դուք ո՞ր խմբի մեջ եք եղել, ակնկալե՞լ եք փայ ստանալ ու հեղափոխությունից հիասթափվածների մե՞ջ եք եղել:

Մարուքյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ հայտարարությունը մեզ հետ կապ չունի: Մի ինչ-որ մասով հենց ինքը իր թիմի մասին էր խոսում, նրանց մաֆիոզ մտածողության հետ էր կապված՝ բա հեղափոխություն արել ենք, ե՞րբ ենք բաժանելու: Դա կապ չունի քաղաքական այլ… կոնկրետ մեզ հետ: Մենք հեղափոխությունից չենք հիասթափվել, հեղափոխությունը Հայաստանի համար սարսափելի մեծ հնարավորություններ է բացել, որից օգտվելով՝ պետք է երկիրն առաջ տանեինք, զարգացնեինք: Բայց երկու տարի, ըստ էության, իշխանությունն իր ոչ կոմպետենտ կադրերով զբաղվել է ոչ էական հարցերով ու էական հարցերը թողել է դուրս: Մենք հիասթափվել ենք դրանից, իսկ հեղափոխությունից հիասթափվելու բան չունենք: Ինչ վերաբերում է փայերին, մենք չկանք այդ տիրույթում, թող վարչապետը մեկնաբանի: Մեր դժգոհությունը ընդդիմադիր դժգոհություն է, որը կապված է տված խոստումները չիրականացնելու հետ, որը կապված է բացված հնարավորությունները չօգտագործելու, անդադար տարբեր հայտարարություններ անելու եւ դրա տակ որեւէ բան չունենալու հետ, որը կապված է ֆունդամենտալ բարեփոխումներ չանելու հետ: Այս երկու տարիները, որ անցան, սրանք այս իշխանության ոսկի տարիներն էին, որովհետեւ այդ բարձր ռեյտինգն էր, որը կարելի էր կապիտալիզացնել: Այսուհետ սոցիալ-տնտեսական վիճակը եւ այս փաթեթները բերելու է նրան, որ մարդիկ այլեւս չեն հետեւելու այդ ռեֆորմներին: Երբ որ մենք բողազներս պատռում էինք ու ենթարկվում էինք այլանդակ հարձակման հակաքարոզչական, այսօր էլ youtube-ի տարբեր ալիքներով մեր դեմ նյութեր են պատրաստվում ու նրանք իշխանության աջակիցներն են, մեր վրա ամենօրյա ռեժիմով կեղտ է թափվում, ժամանակին դրա մասին էր պետք մտածել»:

Մարուքյանը նաեւ ասաց, որ նրանք, ովքեր վարչապետին կոչ են անում թավիշը դադարեցնել եւ բիրտ մեթոդներ կիրառել, նրանք վարչապետի թշնամիներն են ու իշխանությանը տանում են կործանման. «Նրանց այդ հայտարարությունները միտված են նրան, որ իշխանությունը օրենքից շեղվի եւ հանցագործություններ կատարի: Հաջորդ իսկ օրը այն մարդիկ, ովքեր պնդում էին, որ թավիշը դադարեցրեք, նրանք մենակ մեղադրելու են իշխանությանը հանցագործություն անելու մեջ: Մենք այդ մարդկանց, այդ «ուժեղ հեղափոխականներին» լավ գիտենք, հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ գիտի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930