Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանը փաստեր ունի, թող տանի իրավական դաշտ. չի կարելի անընդհատ ԶԼՄ-ներին թիրախավորել». «5-րդ ալիք»-ի գլխավոր տնօրեն

Ապրիլ 20,2020 14:18

«Եթե ինքը նման փաստեր ունի, իսկ վստահ եմ, որ ունի, որովհետեւ ինքն էլ է թերթի խմբագիր եղել՝ պետք է դրանք իրավական դաշտ տեղափոխի: Նման հայտարարություններով անընդհատ լրատվամիջոցներին խփելը ճիշտ չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերում արած բնորոշմանը, թե լրատվական դաշտն այժմ կատաղած է, քանի որ նախկինում 99%-ն իշխանությունից փող էր ստանում, ասաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանը:

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն ինքը լրագրող է, եւ չի կարելի անընդհատ լրատվամիջոցներին թիրախավորել. «Հերիք է օդում կրակել՝ որեւէ խավի ցանկությունները բավարարելու համար: Կուզենայի ճիշտ հասկանաք՝ կա հանրության մի հատված, որը սիրում է նման արտահայտություններ՝ «պատին տալ», «ասֆալտին փռել», «ԶԼՄ-ները ծախված են», «սրանք կոռումպացված են»… Եթե կան փաստեր, մանավանդ, որ նա այսօր իշխանություն է, պետք է վերհանի դրանք եւ իրավական դաշտ տեղափոխի: Իսկ եթե չկան, չի կարելի անընդհատ թիրախավորել լրագրողներին, սիրուն չի, ուղղակի սիրուն չի: Նման բաներ լսելն արդեն տհաճ է»:

Մեր զրուցակիցը հարցադրումներ արեց. «Որքա՞ն պետք է այսպես շարունակվի: Երեւի ինքն է ժամանակին վերցրել, դրա համար այդպես է պատկերացնում, չգիտեմ, չեմ ուզում մեղադրել: Բայց եթե նա արդեն քանիերորդ անգամ վստահորեն դա ասում է, թող իրավական դաշտ տանի ու ասի, որ այս-այս լրատվամիջոցներն այսքան տարի փող են վերցրել, իսկ հիմա ինքը նրանց չի տալիս: Այդ դեպքում կտեսնենք՝ վերցրե՞լ են, թե՞ ոչ, ինքը վերցրե՞լ է, թե ոչ: Որքա՞ն կարելի է մանիպուլացնել, ինչո՞ւ է թիրախավորել ամբողջ լրատվական դաշտին, ի՞նչ է ուզում դրանով ասել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930