Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը մտադիր է թույլ տալ բիզնեսի որոշ տեսակների գործունեությունը

Ապրիլ 20,2020 14:12

Կառավարությունը մինչ այժմ ընդունած ծրագրերով ծախսել է 12,5 մլրդ դրամ, այն վերաբերել է 460 հազար քաղաքացիների: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա նաեւ տեղեկացրեց՝ աշխատանքը կորցրած անձանց, տուժած ոլորտներում վարձու աշխատողներին հասանելիք աջակցության ծրագրով 90 հազար քաղաքացու տրամադրվել է աջակցություն, աշխատանք չունեցող, բայց անչափահաս երեխաներ ունեցող 70 հազարից ավելի ընտանիքի, ըստ ծրագրի, ցուցաբերվել է աջակցություն: Վարչապետի օգնականի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման կառավարության 13-րդ ծրագրով նպաստառու ընտանիքներին այս ամսվա վերջին 1,7 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվելու, այն ներառում է 85 հազար ընտանիք, 300 հազար քաղաքացի:

Սարգսյանն անդրադառնալով այն դժգոհություններին, որ կառավարության՝ ուսանողների վարձերը վճարելու միջոցառումը խտրական է, եւ այս ծրագրի շահառու չեն կարող լինել հեռակա սովորողները` ասաց, թե աջակցության հիմքում մոտիվացիոն մեխանիզմ են դրել, որով խրախուսում են լավ առաջադիմությունը, եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները չպետք է վարձի պատճառով դուրս մնան համալսարանից. «Բայց անկախ առաջադիմության մակարդակից, մենք ծրագիր ունենք բոլոր ուսանողների համար: 80 եւ ավել ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր ավելի ցածր առաջադիմություն ունեն 5% տոկոսադրույքով վարկ կստանան»:

Ըստ Սարգսյանի, կառավարությունն արդեն 486 հազար բաժանորդների ծախսած էլեկտրաէներգիայի եւ գազի վճարները փոխանցվել է նրանց հաշվին, իսկ նրանք, ովքեր վճարել են սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի համար՝ աջակցության գումարն իրենց հաշվեհամարին է նստած, որպես կանխավճար:

Կառավարության 8-րդ եւ 9-րդ միջոցառումներին էլ անդրադառնալով, Նաիրի Սարգսյանն ասաց՝ այս պահին 8-րդ ծրագրի 78783 շահառուի տրամադրվել է աջակցություն՝ 5 մլրդ 456 մլն դրամի չափով. «Այսօր առավոտվանից մեր ծրագրում ավելացրել ենք նոր տուժած ոլորտների ցանկերը, դրանք են՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը, հանգստի եւ զվարճությունների կազմակերպման գործունեությունը: Նշված ոլորտների 8000 տնտեսվարող սուբյեկտներ են ավելացել ցանկում, այսօրվանից կարող են դիմել աջակցության համար»:

Սարգսյանն ասաց, որ շատ տնտեսվարողներ սխալ են նշել տնտեսական գործունեության դասակարգիչը ու չեն հայտնվել աջակցության միջոցառման ծրագրում, այնպես որ, այն ուղղելուց հետո, պետք է նորից դիմեն:

9-րդ ծրագրով էլ 70 հազար քաղաքացիների արդեն աջակցություն է տրամադրվել, եւ ինչպես ասաց Սարգսյանը, մինչեւ օրվա ավարտ այս թիվը կկրկնապատկվի:

Կառավարությունը, ըստ Սարգսյանի, քննարկում է օրավարձով աշխատողներին աջակցելու հնարավորությունները, բայց թիրախում են այն քաղաքացիները, որոնք կառավարության այլ ծրագրերի շահառու չեն կարող լինել:

Անդրադառնալով արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումների մեղմացմանը, վարչապետի օգնականն ասաց՝ քննարկվում է որոշ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը թույլատրելու հարցը, բայց այս մասին մանրամասները առաջիկայում կհայտնի պարետատունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930