«Կառավարության սոցիալ-տնտեսական թիմը հիմա իրապես թեստ է անցնում: Կա չէ՞ կորոնավիրուսի թեստ, այս թեստն էլ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների թեստն է ու ասեմ՝ շատ վատ են անցնում: Երբ ես կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետին ասում էի՝ ազատվիր այդ մարդկանցից, նաեւ այս օրվա համար էի ասում: Տեսնում ես, որ բանկային ինչ-որ լոբբինգ է գնում, անիմաստ բաներ: Այդ թիմով անհնար է այս իրավիճակում ադեկվատ լուծումների գալ ուղղակի», – այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերից առաջ նկարահանված կադրերի արտահոսքի եւ դրան հաջորդած պարզաբանումների մասին հարց ուղղեցին՝ դա վարչապետի աշխատակազմի՞, թե՞ Հանրային հեռուստաընկերության թերացումն էր:
Մարուքյանը պատասխանեց. «Իրապես այդ կադրերի հրապարակումը դա խայտառակ բանի բերեց: Դրա հիմքով փորձել ձեռ առնել կամ ծաղրել՝ դատապարտում ենք միանշանակ: Կադրերի արտահոսքը մեզ բերում է նախկին համոզմանը, որ կառավարությունը չունի այնքան կարողություններ, որ զգայուն ինֆորմացիան ինքը պահպանի: Երբ ԼՀԿ-ն հեռախոսով տեղորոշման մասին օրենքին դեմ էր գնում, ասում էր՝ դուք այդ կարողությունը չունեք, անգամ եթե հավատանք, որ դուք որպես իշխանություն չեք օգտագործելու, կարող է ձեր մոտից տեղեկատվությունը դուրս գա, ուրիշներն ի չարս օգտագործեն, ամենօրյա այս դեպքերն ապացուցում են դա: Հիմա հեռախոսի պարետատան տվյալները ի՞նչ իմանանք՝ վաղը ում ձեռն են ընկնելու, ի՞նչ իմանանք ում են վաղը ծաղրելու ու ում դեմ է դա օգտագործվելու: Թերթերը գրում են, որ վարչապետը պարետատնից Ժորիկին դուրս է արել, բա կարո՞ղ է Ժորիկն ունի այդ տեղեկությունները: Ես չգիտեմ էլ Ժորիկն ով է՝ Հովիկ Աբրահամյանի օգնական: Հիմա կարող է էդ Ժորիկը դուրս է եկել ու տվյալները տվել Հովիկ Աբրահամյանին»:
Ինչ վերաբերում է վարչապետի ոչ եթերային կադրերին, Մարուքյանն ասաց, որ բոլորն էլ ունեն նման կադրեր ուղիղ եթերներից առաջ. «Մեկը մազերն է ուղղում, մեկը ծռմռվում է, մի բան է անում, խնդիր չկա այդտեղ: Խնդիրն այն է, որ չկա կոմպետենտ թիմ: Բա որ չկա այդ կոմպետենտ թիմը, մեր տվյալներն ո՞ւր եք վերցրել, որ մշակեք: Պարետատանը ո՞վ է դրա պատասխանատուն: Բնականաբար, չենք վստահել ու հիմա ապացույց է, որ ճիշտ ենք արել ու չենք վստահել, տապալել ենք այդ նախագիծը առաջին ընթերցման ժամանակ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ