Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված պաշտոնական տեղեկատվությանը զուգահեռ կասկածներ են հայտնվում, որ դա կեղծիք է, բլեֆ, Հայաստանում դուք վստահո՞ւմ եք այն թվերին, որոնք բարձրաձայնվում են, հետո մենք օրենքով ընդունեցինք, որ հնարավոր չէ դիահերձել կորոնավիրուսով վարակված մարդուն, այսինքն, բժշկական, առողջապահական տեսանկյունից բացի՝ ոչ ոք դա կասկածի ենթարկել չի կարող: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ պատգամավորներին այսպիսի հարց ուղղեցին, թե խնդիր չկա՞ քննիչ հանձնաժողով ստեղծել ու այդ հարցն ուսումնասիրել:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ ամբողջ աշխարհում տարբեր վարկածներ կան՝ Ուհանի լաբորատորիաներից սկսած, մինչեւ կենդանիների շուկան. «Ժամանակ է պետք, որ եղելությունը դուրս գա: Ես էլ մասամբ կարող եմ կասկածել, որ սա կարող է ունենալ արդյունաբերական բնույթ, այսինքն, չի նշանակում, որ դա պետք է ընդունենք հալած յուղի նման, որովհետեւ սա կապում են ե՛ւ բիզնեսների հետ, ե՛ւ դրա հետեւանքներից օգտվելու խնդիրների հետ: Մի բան ակնհայտ է՝ կորոնավիրուսի հաղթահարումից հետո, որը կարող է լինել միայն պատվաստանյութի ձեւավորման հետ, նոր աշխարհ է լինելու եւ այդ նոր աշխարհում խաղի կանոնները կարող են փոխվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ