Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառված է, որ այսօր իշխանության մեջ չլինեն մարդիկ, որոնք հասկանում են` կապրիզապետությամբ երկար ճանապարհ չկա. «Այլընտրանքային նախագծեր»

Ապրիլ 20,2020 12:16

Իշխանության հիմնական հոսանքները

Ինչո՞ւ է կարևոր ճիշտ հասկանալ ներիշխանական հիմնական հոսանքները. դա թույլ է տալիս հասկանալ հնարավոր պոտենցիալ ընդհանրությունները ոչ իշխանական տրամադրությունների հետ, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս հնարավորինս իրատեսական կանխատեսումներ անել երկրի ընթացքի վերաբերյալ։ Նույնիսկ մինչև համաճարակը և մինչև սպասվելիք սոցիալական լարվածությունը՝ Հայաստանում մթնոլորտն անկայուն էր։ Այն երկարաժամկետության, կանխատեսելիության իրական հիմքեր չէր տալիս։ Իսկ այսօր բոլոր ռիսկերն ուղղակի կրկնապատկվել են, և նոր իրականությունն իսկապես նոր էջ է բացում բոլորի համար։ Բոլոր սոլիդ շրջանակները հասկանում են երկու բան՝ Հայաստանի համար խոշոր  ցնցումները անթույլատրելի են, իսկ այս իրականության շարունակությունը՝ խիստ վտանգավոր երկրի անվտանգության և ինքնիշխանության համար։ Առաջին հայացքից փակուղի է։ Ուրեմն պետք է լուծումներ գտնել։ Դրանք կարող են լինել միջանկյալ, չգոհացնել բոլորին, լինել ոչ լիարժեք, բայց դրանք պետք է լուծեն  կարևորագույն խնդիրներ՝ երկրի ընթացքը դարձնել  սթափ և կանխատեսելի, մեղմել ներհասարակական բոլոր տիպի լարվածությունները։ Լուծումներ գտնելու համար պետք է փորձել գտնել ընդհանրություններ։ Դրանք հաստատ կան՝ տարբեր բևեռների միջև, տարբեր համակարգերի միջև, տարբեր միջավայրերում, տարբեր սցենարներում։

Իշխանության համակարգում կարելի է առանձնացնել երեք խոշոր ուղղություն, հոսանք՝

1.Կապրիզապետություն,

2.Ալենականություն,

3.Ռացիոնալիզմ

Կապրիզապետության էությունը հետևյալն է։ Կա հոսանք, որի միակ գաղափարախոսությունը մեկ մարդու ցանկությունն է, մեկ մարդու պատկերացումները, մեկ մարդու որոշումները։ Դրանք այնքան ինտենսիվ և, երբեմն, այնքան իռացիոնալ են, որ վեր են ածվում կապրիզի։ Սա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ դատաիրավականից մինչև տնտեսություն, մշակույթից մինչև առողջապահություն, կոռուպցիայի դեմ պայքարից մինչև օրենսդրություն։ Համակարգն աստիճանաբար սկսում է հասկանալ, որ պետական կարևորության որոշումները սկսում են կայացվել ոչ թե պետական շահի կամ սառը հաշվարկի կամ նույնիսկ թիմային շահի տեսակետից, այլ՝ կապրիզի։ Ավելի ուշ սա սկսում է հասկանալ նաև լայն հասարակությունը։ Կապրիզի քույր գաղափարը, մշտական ուղեկցողը պատկերացումների պարզունակությունն է։ Դրանք միշտ զույգով են։ Սա շատ վտանգավոր, կործանարար համակցություն է։

Ալենականություն. Կապրիզը սպասարկելու համար ձևավորվում են համապատասխան ինստիտուտներ, հակառակ դեպքում այն չի աշխատի, վիրուսի նման կինքնաոչնչանա։ Դա ֆեյքերի, կամակատարների ինստիտուտն է՝ մարդկանց, որոնք երբեք ինքնուրույն չեն  մտածում, կոմֆորմիստների ինստիտուտը՝ ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց երբեք ձայն չեն հանում, և ալենականները։ Կամակատարները և կոնֆորմիստները բոլոր հասարակություններին բնորոշ խավերից են՝ այսպես կոչված «մշտական դիտորդների» սոցիալական շերտը։ Ֆեյքերի պարագան իշխանության գործիքն է, որն ամենայն հավանականությամբ ունի հստակ կազմակերպչական տեսք՝ ֆինանսավորում, մենեջմենթ։ Ալենականությունը նույնպես նոր գաղափար չէ, բոլոր իշխանությունների օրոք այս ինստիտուտը եղել է՝ այս կամ այն ուժգնությամբ։ Սա բնորոշվում է առաջնորդին անվերապահ 24/7 ռեժիմով սպասարկելով, երբ ամենակարևորը ինքնանվաստացման և ինքնաարժեզրկման անսպառ ռեսուրսն է։ Ամեն անգամ մի նոր բարձունք է հաղթահարվում։ Այս հոսանքի ներկայացուցիչներին երբեք չեն հարգում ո՛չ իշխանության մեջ, ո՛չ իշխանությունից դուրս։ Սա ամենաանպատվաբեր դերակատարումն է։ Բայց այս հոսանքն ունի մի շատ կարևոր առանձնահատկություն.  ժամանակակից համաճարակի բառապաշարով՝ այն, ինտենսիվանալով, թուլացնում է իր տիրոջը։ Հասարակությունը սկսում է հասկանալ, որ լուրջ տիրոջը սա չի կարող դուր գալ, սա չպետք է դուր գա։ Բայց անհատական լուծում այս հարցը չունի։ Մեկին շատ արագ կփոխարինի մյուսը, երրորդին՝ հաջորդը… Սրա լուծումը մեկն է՝ իմունիտետը, որը հանրային հարաբերությունների լեզվով կոչվում է մերժում։ Դրանց պետք է մերժի հասարակությունը և սեփական թիմը։ Հասարակությունները զարգանում են նաև մերժելով։

Ռացիոնալիզմ. ցանկացած իշխանության մեջ կան սառը մտածող մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում բնականորեն ձևավորում են խմբեր, շրջանակներ։ Հայաստանում բոլոր իշխանությունների ժամանակ նման բան եղել է, բնականաբար՝ ամեն փուլում իր սպեցիֆիկայով։ Բացառված է, որ այսօր իշխանության մեջ չլինեն մարդիկ, որոնք. ա/ Հասկանում են, որ կապրիզապետությամբ երկար ճանապարհ չկա, բ/ Ալենականությունը իրենց համար սկզբունքորեն մերժելի է, գ/ Չեն ուզում մնալ խաղից դուրս, բայց, միաժամանակ, չեն ուզում հնի վերադարձ։

Առաջին կետը հիմնված է զուտ ինտելեկտի վրա՝ մարդիկ դա հասկանում են։ Երկրորդ կետը՝ տեսակային անտագոնիզմի վրա, երրորդ կետը՝ սեփական շահի և  գաղափարական պատկերացումների վրա։

Հաջորդ անգամ մենք կփորձենք հասկանալ ոչ իշխանական համակարգերի հիմնական հոսանքները։

Շարունակելի

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930