Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ իսկապես կուրախացներ, եթե բարթենդերներն ավելի շատ գիտելիքներ ունենային ազգային մթերքների, համեմունքների, բաղադրիչների կամ խոտաբույսերի, քան ալկոհոլի մասին»

Ապրիլ 20,2020 12:31

Diffiord’s Guide պարբերականում հրապարակվել է մեր հայրենակից Գեղամ Ղազարյանի/Gegam Kazarian/ մասին ԷՇԼԻ ՓԻՆԻ հեղինակած հոդվածը: Իսպանիայում հաստատված Գեղամը հայտնի անուն է բարթենդինգի/կոկտեյների-խմիչքների պատրաստում/ ոլորտում: “Gin Connoisseur 2011″, ինչպես նաև միջազգային մրցույթներում նրա հաղթանակներն ու մասնակցությունը ձևավորել են նրա վարկն ու ապրանքանիշը: Ներկայումս նա ամբողջովին նվիրվել է Kazari´s LAB ծրագրին՝ ներկայացնելով համերի իր տաճարը:

Գեղամը ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Նրա կարծիքով բարթենդինգի նկատմամբ իր հետաքրքրությունը սկսվել է շատ վաղ հասակում, երբ ինքն ընդամենը հինգ տարեկան էր: «Այն ժամանակ շատ փոքր էի, բայց հիշում եմ՝ զարմիկիս հետ, պապիկիս պարտեզում ծառերից բալ էինք քաղում, լցնում շշերի մեջ, մի փոքր շաքարավազ ավելացնում, բալենու ճյուղից մի քանի տերև ու խառնուրդը մի որոշ ժամանակ թողնում էինք արևի տակ: Հետո խմում էինք հյութը…Ես համարում եմ, որ սրանք իմ առաջին կոկտեյլներն էին»:

Գեղամի մանկությունն անցել է «զանազան մթերքներ համտեսելով, դրանց բույրերը զգալով ու խառնելով»: Այս խոսքերով նա կարծես ամրապնդում է այն համոզումը, որ իր հետագա ճանապարհի ընտրության մեջ մեծ ազդեցություն են ունեցել իր դաստիարակությունն ու մանկությունը. «Պապիկս սիրում էր գինի պատրաստել: Հիշում եմ՝ միշտ կանգնում էի նրա կողքին և փորձում ինչով-որ բանով օգնել»:

Ընտանեկան ավանդույթները նույնպես իրենց հետքը թողեցին Գեղամի հետագա մասնագիտության ընտրության հարցում. «Անգամ այն, թե ինչպես էր մայրս սեղան հարդարում…: Ես հասկացա և ինձ համար հստակեցրի, որ էական ու կարևոր է յուրաքանչյուր մանրուք: Ահա թե ինչու խմիչք մատուցելիս ոչ միայն բյուրեղապակյա, նաև այլ մետաղներից՝ արծաթե, ոսկե, պղնձե բաժակներ եմ օգտագործում, այդ թվում՝ փայտե, կավե, օրգանական և բնական նյութերից սպասք», – ասում է Գեղամը:

«Վաղ մանկուց, -շարունակում է նա, -մեզ սովորեցրել են հյուրերին վերաբերվել հարգանքով և արժանապատվությամբ: Մենք՝ հայերս, հյուրասեր ժողովուրդ ենք և հյուրասիրությունն ինձ համար էլ է շատ էական»:

Գնալով իր մանկության նախանշած ճանապարհով, Գեղամն աշխատանքի է անցնում մեքսիկական ռեստորանում ՝ այդպիսով նաև վաստակելով համալսարանի վարձավճարը: Բազմաթիվ աստիճաններով է անցել. մատուցողի օգնականի, նաև խոհանոցում և թխվածքների բաժանում աշխատանքներն ընդլայնել են նրա գիտելիքներն ու փորձառությունը: «Սոմելիեի աշխատանքն ու ձեռք բերված գիտելիքներն հետագայում շատ օգնեցին ինձ դառնալ այն, ինչ ես հիմա եմ»,- ավելացնում է Գեղամը:

Գեղամն ըմբոշխնում է «հետևելով այն բոլոր զգացողություններին, որ արթնացնում են կոկտեյլները: Ես սիրում եմ ծառայել մարդկանց, դա ինձ մեծ հաճույք է պատճառում», – ասում է նա ու շարունակում. «Ես սիրում եմ տարբեր ուտեստներ համտեսել: Ես հաճույք եմ ստանում զանազան համեր և բուրմունքների զգալով, ճաշակելով: Այդպես ես իմ կոկտեյլների համար նոր բաղադրիչներ եմ որոնում ու գտնում»:

«Ներշնչանքի աղբյուր են նաև իմ նախագծերն ու ճամփորդությունները. դրանք ինձ հաղորդակից են դարձնում տարբեր էթնիկ մշակույթների, տարբեր կենսակերպերի, փորձառության հետ: Ինձ ոգևորում է նաև համի զգացողությամբ նրա ծագումը բացահայտելու իրողությունը: Ես ձգտում եմ, որ մարդիկ ճանաչեն և վայելեն այդ տարբեր զգացողությունները»:

Գեղամին հեշտ է տրվում իր ստեղծագործական ներշնչանքի համար մոտիվացիաներ գտնելը. «Նոր զգացողությունների արարումն ու զցացումների արթնացումն ինձ բացառիկորեն ոգեշնչում են», – ավելացնում է նա: «Կարևոր չէ, թե ինչ եմ ես արել նախկինում կամ ինչ եմ անում հիմա, ես օգտվում եմ իմ բոլոր նախկին փորձառություններից և գիտելիքներից՝ դրանք լինեն մարտարվեստ, փիլիսոփայություն, քիմիա, բժշկություն, նույնիսկ իմ ճամփորդական պատմությունները», – շարունակում է նա: «Ես դրանք վերածում եմ բաղադրիչների և փոխադրում եմ իմ կոկտեյլներ: Իմ կոկտեյլներից մեկ ումպ իսկ ճաշակողին ես փորձում եմ փոխանցել այն բացառիկ էներգիան, որ պարունակում են իմ փորձն ու գիտելիքները»:

Երախտապարտ լինելով իր ճանապարհին հանդիպած բոլոր ուսուցիչներին, Գեղամն, այնուամենայնիվ, հաստատում է. «Ես երբեք նրանց չեմ կրկնօրինակել, ես իմ ինքնուրույն, սեփական ճանապարհն եմ կերտել»:

«Թեև սիրում եմ դասական կոկտեյլները և որպես հիմք օգտագործում դրանք, միևնույն է, նախընտրում եմ իմ սեփական ձեռագիրը: Ես իմ անհատական, յուրօրինակ կոնցեպտն ունեմ. այն ներառում է դիզայնը/ձևավորումը/, բույրերը, երաժշտությունը և շատ այլ փոքր մանրամասներ, ինչպես նաև գեղեցիկը, մեդիտացիան, իմ կյանքն ու իմ հավատը», – ավելացնում է նա:

Cheery Heering- ի մասին Գեղամն ասում է. «Ես բալ մանկուց եմ սիրում և, երբ փորձեցի Cherry Hering- ը, իսկապես ինձ դուր եկավ համն ու սկսեցի այն օգտագործել իմ կոկտեյլներում»:

Բարթենդինգի նկատմամբ Գեղամի սերն անվերապահ է, և, եթե նրան հնարավորություն տրվի այդ ոլորտում ընդամենը մեկ բան փոխել, ապա դա կլինի «մշակույթի և կոկտեյլների միջև կապի ամրապնդումը: Ինձ իսկապես կուրախացներ, եթե բարթենդերներն ավելի շատ գիտելիքներ ունենային ազգային մթերքների, համեմունքների, բաղադրիչների կամ խոտաբույսերի, քան ալկոհոլի մասին»:

«Ժողովուրդները պետք է պահպանեն և հաջորդ սերունդներին գիտելիքներ փոխանցեն իրենց երկրի հնագույն խմիչքների, լիկյորների, դրանց բաղադրիչների մասին:

Ես շատ կցանկանայի ժամանակակից կոկտեյլներում ավելի շատ բնական և ազգային բաղադրիչներ տեսնել, քան՝ արհեստական հավելումներ: Կցանկանայի, որ կոկտեյլներին վերաբերվեին ոչ միայն որպես ալկոհոլային արդյունաբերության երևույթի, այլ մոտենային նաև բնական, պարենային, գաստրոնոմիական տեսանկյունից», – հավելում է նա:

Իր գործին սիրահարված Գեղամը եզրակացնում է. «Ինձ թվում է բարթենդերները նման են հոգևորականներին: Մենք զանազան պատմություններ ենք լսում, մեր կյանքում և առօրյայում տարբեր բաներ են կատարվում, բայց մենք երբեք չենք խոսում դրանց մասին: Այն հայտնի երեք կապիկների պես. «Չեմ տեսել: Չեմ լսում: Չեմ խոսում»:

Իր կոկտեյլի համար Գեղամն ընտրել է 1887 թվականը: «Սա այն թվականն է, երբ Սարգիս ազգանունով հայազգի չորս եղբայրներ՝ Մարտինը, Տիգրանը, Ավետն ու Արշակը, Սինգապուրում հիմնեցին աշխարհահռչակ Raffles հյուրանոցը:

Իմ կոկտեյլը ներշնչված է իմ մանկության բալերի պատմությամբ, իմ հայ ժողովրդի պատմությամբ, 1887-ին Raffles հյուրանոցի հիմնադրմամբ»,-եզրափակում է Գեղամը:

Kazari` Sling

Մատուցվում է հայկական ավանդական խեցե գավաթով

Ձևավորում. Արքայախնձորի հյութազրկած մի շերտ, վրան նռան հատիկներ, հայկական թթու լավաշ (արևի տակ չորացրած մրգերի խյուս)

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները հարել սառույցով և քամիչով լցնել խեցե գավաթի մեջ:

60 մլ Արարատ կոնյակ՝ թրմված ջրազերծված արքայախնձորով

22,5 մլ Cherry Heering

15 մլ Palo cortado sherry

20 մլ Կիտրոնի հյութ

10 մլ անշաքար, բնական ​​Գրենադին

2 կաթիլ ուրցի թանձրուկ

Թարգմանությունը՝ Սոնա Համալեանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930