Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակցուհի, հաղորդում է BBC-ն: Տեղեկության համաձայն՝ հարձակում գործած անձը սպանվել է: Նշվում է, որ նա եղել է ոստիկանական համազգեստով:
Հարձակումը սկսվել էր Պորտապիկ քաղաքում շաբաթ օրը, երբ ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել սեփական տներից մեկում հրաձգության մասին: «Երբ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել, տանը և դրա շրջակայքում հայտնաբերել են զոհված անձանց»,-ասել է Նոր Շոտլանդիայի ոստիկանության ներկայացուցիչը:
Ոստիկանությունը 12 ժամ փորձել է վնասազերծել հարձակում գործած անձին: Տեղի ոստիկանությունը Թվիթերում հաղորդել է, որ հարձակման մեջ կասկածվում է, որ 51-ամյա Գեբրիել Ուորթմանը: Նա ոստիկանության աշխատակից չի եղել, բայց եղել է ոստիկանական համազգեստով և տեղաշարժվել է պարեկային ավտոմեքենայով: Ուորթմանը սպանվել է Էնֆիլդ քաղաքում իրավապահների հետ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Նրա գործողությունների դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանությունում հայտնել են, որ նա ծանոթ էր զոհերից մի քանիսի հետ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և հարազատներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ