Դիտորդների խմբի դիրքորոշումը «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Արդարադատության նախարարությունը www.e-draft.am կայքում ներկայացրել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հետևյալը. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ 2002թ․ փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասում «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա» նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ. «Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են բացառապես հաղորդակցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Հաղորդակցությունը չի կարող իրականացվել մեկուսի: Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց քրեական վարույթն իրականացնող մարմնին դիմելու և թույլտվություն ստանալու դեպքում: Տեսակցության թույլտվություն տրամադրելը մերժվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ»։
Նշված հարցի կապակցությամբ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) բազմիցս ներկայացրել է իր տեսակետը, այն է՝ կալանավորված անձանց տեսակցության արգելքը «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց վրա տարածելը եղել և մնում է կամայականության արդյունք:
Ինչ վերաբերում է սույն նախագծով ներկայացված լրացումներին, ապա Խումբը գտնում է, որ դրանք առկա խնդիրը չեն կարգավորում, և գործնականում այդ ընթացակարգը իրագործելի չէ:
Կարդացեք նաև
Օրինակ, եթե անհրաժեշտություն է առաջացել կալանավորված անձանցից, որոնց վերաբերյալ առկա է արգելանք տեսակցությունների վրա, տեղեկություններ ստանալ սննդի որակի վերաբերյալ կամ տեղում ծանոթանալ այդ անձանց առողջական խնդիրներին, ստացվում է, որ նախ պետք է դիմել քննիչին, սպասել մինչև քննիչը որոշում կայացնի և տրամադրի այն, իսկ եթե քննիչը մերժի, կարիք է առաջանալու այն բողոքարկել դատախազին, իսկ այնուհետև՝ նաև դատարան:
Այս գործընթացը կարող է տևել մեկ տարուց ավել, այսինքն, այն կլինի ժամանակավրեպ և գործնականում այս կարգավորումը դառնում է աննպատակ: Նույնիսկ, եթե այս ամբողջ գործընթացը անցնելուց հետո իրավունք տրվի տեսակցել նշված կալանավորված անձանց, ապա, միևնույնն է, այն մեկուսի չի լինելու:
Այս առնչությամբ կարելի է ներկայացնել բազմաթիվ այլ օրինակներ: Մինչև օրս որևէ կառույց հիմնավորված պատճառաբանություն չի ներկայացրել, թե ինչու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք չպետք է այցելեն կալանավորված անձանց:
Սակայն կարևորագույն խնդիրը այն է, որ հիշյալ նախագիծը չի տեղավորվում խոշտանգումների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ պետության վարած քաղաքականության և ստանձնած պարտավորությունների տրամաբանության մեջ:
Խումբը գտնում է, որ տվյալ նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է առաջնորդվեր խոշտանգումներից զերծ մնալու՝ որպես բացարձակ իրավունքի պաշտպանության մեխանիզմների ավելի բարձր աստիճանի ապահովման կարևորության տրամաբանությունից, որը Խմբի առաքելության կարևորագույն գործառույթներից մեկն է:
Նման կամայական սահմանափակումը ամենևին չի համապատասխանում պետության կողմից այդ ոլորտում ստանձնած պարտավորության հետ: Գործնականում, ազատությունից զրկված անձը ոստիկանությունում գտնվելու ժամանակ (հաճախ նաև քրեակատարողական հիմնարկում) խուսափում է բարձրաձայնել իր նկատմամբ կատարված բռնության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստի մասին:
Հատկապես նման իրավիճակներում է կարևորվում և անհրաժեշտություն առաջանում, որ և Խմբի անդամները, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք հնարավորություն ունենան հնարավորինս շուտ, առանց խոչընդոտների և լրացուցիչ քաշքշուկների հանդիպել այդ անձանց:
Մինչդեռ նման կարգավորումը և սահմանափակումը նպաստում են խոշտանգման, վատ վերաբերմունքից զերծ մնալու պետության պոզիտիվ պարտավորության կատարումից հրաժարվելուն թե ահազանգման, թե արդյունավետ քննության իրականացման տեսակետից:
Խումբը գտնում է, որ այդ սահմանափակումը իրավաչափ չէ, և հիշյալ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք առանց որևէ լրացուցիչ խոչընդոտների պետք է անարգել իրավունք ունենան տեսակցել բոլոր կալանավորված անձանց:
Խումբը միևնույն ժամանակ իր մտահոգությունն է հայտնում այն առնչությամբ, որ նույն հարցի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում մինչև 2020թ․ ապրիլի 15-ը ընթանում էին քննարկումներ: Նախագծի փոփոխությունները մերժվելուց հետո նույն օրը ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվում սկզբունքորեն այլ և 48-րդ հոդվածում նշված անձանց վիճակը վատթարացնող նախագիծ։