Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, ես համարում եմ կազմաքանդող, չի՛ կարելի, կասեցնել է պետք». Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 20,2020 11:28

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմեց կառավարությանը եւ հորդորեց առնվազն 25 տոկոս զեղչել ուսանողների ուսման վարձը: Նա ասաց, որ ծնողները հայտնի պատճառներով չեն աշխատում ու կառավարությունը պետք է գնա այդ քայլին:

Նա նաեւ ասաց, որ անհարկի խոչընդոտներ են ստեղծում գյուղացիական վարկերի համար. «Նորից դիմում եմ կառավարությանը՝ լուծեք չգրանցված աշխատողների հարցը, նրանք մեղավոր չեն, որ իրենց չեն գրանցել»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են վերաբերվում կաթողիկոսի հորդորին՝ փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ու դրան հաջորդած իրադարձություններին:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք պիտի գոնե նվազագույն հարգանք ունենանք պետական եւ հոգեւոր ինստիտուտների հանդեպ: Մեզ համար քննարկելի չէ Վեհափառի դիմումը, կոչը: Դրա հասցեատերը դատարանն է ու դատարանը կորոշի՝ ինչպես վերաբերել Վեհափառի հայտարարությանը: Իսկ այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, սա ես համարում եմ ուղղակի կազմաքանդող, չի՛ կարելի, կասեցնել է պետք: Զարմանում եմ, որ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր չեն տեսնում ատելության գեներացված այս դոզան, որ կա հասարակության մեջ, չեն տեսնում: Սա այն կարմիր գիծն է, որից անդին մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ, լուրջ կազմաքանդում: Սա դադարեցնել է պետք: Չի կարելի վիրավորել որեւէ մեկին, ցանկացած անհամաձայնություն կարելի է հայտնել գրագետ, կոռեկտ: Հայհոյում է նա, ով հայհոյանքից բացի ուրիշ որեւէ արգումենտ չունի»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Մենք ո՞ւր ենք գնում այսպես, գնում ենք նրան, որ քրիստոնեական արժեքները, ընտանիքի արժեքները, այն, ինչ դարերով եկել է մեր պատմության ընթացքում, բերենք ու մի վայրկյանում կոտրենք ու գլխիվայր շուռ տա՞նք: Իհարկե, ոչ: Պետությունը պետք է կատարի իր պետական քաղաքականությունը, եկեղեցին էլ՝ իր, չէ՞որ այդ բոլորը ժողովրդի շահին է ծառայելու: Չպետք է ցանկացած մարդ վիրավորանքի ենթարկվի, առավել եւս, որ դա մեր ազգային ինստիտուցիոնալ կառույցին է վերաբերվում»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այս ամենը հնարավոր չէ օրենսդրական կարգավորումներով զսպել, յուրաքանչյուրը պետք է ունենա իր կարմիր գիծը՝ վարչապետից սկսած:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930