Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Վեհափառը հապաղեր, ապա հետեւանքները կարող էին անդառնալի լինել

Ապրիլ 20,2020 11:12

2018թ. ապրիլի 22 էր, օրը կիրակի, Մայր Տաճարում մատուցվում էր կիրակնօրյա պատարագ,  մայրավանքի միաբաններս մասնակցում էինք պատարագի։ Ընկալյալ կարգի համաձայն՝ Վեհափառ Հայրապետը պետք է գար պատարագի, սակայն այդ կիրակի չեկավ, և միայն հետո, երբ Նորին Սրբությունը շտապ մի քանի միաբաններիս կանչեց իր մոտ, պետք է պարզվեր, որ հետևում էր այդ օրը Հայաստանում ընթացող ընդդիմության ցույցին։ Հայոց Հայրապետն անհանգիստ էր ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև հնարավոր առճակատման և բախման վտանգից, քանի որ լարվածությունը հասել էր գագաթնակետին։

Վեհափառի միաբաններիս շտապ կանչելու պատճառը Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունն էր, որին կարող էր հետևել ցուցարարների և ոստիկանների բախումը, իրավիճակը ծայրահեղ լարված էր և ակնհայտ էին անդառնալի հետևանքները։

Վեհափառ Հայրապետի հանձնարարությամբ Մայր Աթոռից չորս միաբաններս, կարճ ժամանակ անց, Արշակունյաց պողոտայում հանդիպեցինք ցուցարարներին, մեզ միացան նաև Արարատյան Հայրապետական թեմից երկու քահանաներ։ Միայն այդ պահին մենք զգացինք իրապես լարված և շիկացած մթնոլորտը և իրական վտանգը՝ ցուցարարների և ոստիկանական ուժերի բախման անխուսափելիությունը։ Առնվազն երկու դեպքում՝ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում և Շենգավիթի ոստիկանության առջև, եկեղեցականներիս՝ ոստիկանների ու ցուցարարների միջև պատ կանգնելու շնորհիվ, հնարավոր եղավ խուսափել բախումներից։

Հետագա երեք օրերին մենք շարունակեցինք հայրական մեր հորդորներով և խաղաղական խոսքով հանդարտության ու համերաշխության մթնոլորտի մեջ լինել ցուցարարների և ոստիկանների կողքին։

Կարծում ենք, որ Վեհափառ Հայրապետի հանձնարարությունը եկեղեցականներիս՝ ցույցին միանալու և ցուցարարների ու ոստիկանների միջև պատ կանգնելու, ճիշտ ժամանակին էր և իր նպատակին ծառայեց։ Եթե Նորին Սրբությունը հապաղեր, ապա հետևանքները կարող էին անդառնալի լինել։

 

Տ. ՊԱՐԹև ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930