Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաշեն համայնքի ելումուտը 3 օրով սահմանափակվել էր քոչարյանա-սերժական լրատվամիջոցների երեսից. գյուղապետի տեղակալ

Ապրիլ 20,2020 10:36

Նորաշեն համայնքի գյուղապետի տեղակալը վստահեցնում է՝ վարչապետին սխալ տեղեկատվություն էին փոխանցել իրենց գյուղում տեղի ունեցած հուղարկավորության մասին:

«Երիտասարդ անձնավորության թաղում էր, ամբողջ գյուղը սգում էր դրա համար, ապատեղեկատվություն է, թե կորոնավիրուսից էր մահացել: Ես էդ սուտ տեղեկատվություն տվողի անունը կդնեմ չարիք, ամենամեծ ստորությունն է, երիտասարդ մարդու մահը սարքել կրկես, կինո: Էս ինչ է, էս ինչ ապատեղեկատվություն, ինչ կորոնավիրուսի մասին է խոսքը: Իր հարազատները եկել են Մոսկվայից, ոչ մեկը նրանց մոտ չի հայտնաբերել կորոնավիրուս: Նրանք պարետի հսկողությամբ եկել են, ոչ մեկի հետ չեն ողջագուրվել, թաղմանը մասնակցել, գնացել են: Էն, ինչ մեր վարչապետին տեղեկատվություն էին տվել, ապատեղեկատվություն էր: Ես վարչապետին չեմ մեղադրում, վարչապետին ինչ տեղեկատվություն տվել էին, արտահայտվել է: Բայց ով տվեց այդ ապատեղեկատվությունը համապատասխան մարմիններին, ես չգիտեմ, բայց ծիծաղելի էր»,- Aravot.am-ին ասաց գյուղապետի տեղակալ Էդուարդ Չոբանյանը:

Նրա խոսքով, շրջանառվում է նաեւ, որ իրենց գյուղից 28 հոգու մեկուսացրել են, բայց իրականում 26-ն են մեկուսացված. «Մահացածի հարազատների նեղ շրջանակից են, որոնք բացարձակ ոչ մի շփում էլ չեն ունեցել ոչ մեկի հետ, բայց ելնելով այդ իրավիճակից, հարգելով վարչապետի խնդրանքը՝ իրենց կամքով նստեցին ավտոբուս ու գնացին: Ապատեղեկատվություն է, որ համատարած մեր գյուղի բնակիչներին թեստավորում են, այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված ոչ մի քաղաքացի մեր համայնքում չկա»:

Նորաշենի նախկին գյուղապետի տեղակալ Ստեփանյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իրենց համայնքի ելումուտը երեք օրով սահմանափակվել էր եւ միայն երկու օր առաջ են սահմանափակումները հանվել: Մենք Էդուարդ Չոբանյանից հետաքրքրվեցինք՝ եթե կորոնավիրուսով վարակված բնակիչ չունեն, ինչու էր գյուղի ելումուտը պարետի որոշմամբ սահմանափակվել. «Որոշ լրատվամիջոցների երեսից, քոչարյանական-սերժական լրատվամիջոցների երեսից, ապատեղեկատվություններից: Էդ ինչ է՝ 5000 դրամը վերցնում են, վազում են՝ կամերաները բարձած, միկրոֆոնները մտցնում են մարդկանց բերանը, թե բա ինֆորմացիա տվեք: Հայաստանում ամենամեծ չարիքը քոչարյանա-սերժական որոշ լրատվամիջոցներն են: Նրանք ոչ թե երկրի մասին են մտածում, այլ ողորմելի գումարների մասին, չի կարելի՝ սա գյուղ է, էս ինչ վիճակ է»:

Էդուարդ Չոբանյանի խոսքով, գյուղում հիմա հանգիստ վիճակ է, մարդիկ բնականոն կյանքով են ապրում, գյուղատնտեսությամբ են զբաղվում. «Ուղղակի զարմացած ենք, թե էդ որ կենդանին այդ կրկեսը սարքեց, գյուղում մարդկանց խառնեց իրար ու երիտասարդ տղու մահը սարքեց արկածային»:

Մեր զրուցակիցը նաեւ հերքեց, որ գյուղապետն էր դասավորել իրենց գյուղում մահացած երիտասարդի հարազատների Հայաստան գալը, ասաց՝ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Գյուղապետի տեղակալն ավելի ուշ մեզ զանգահարեց ու հայտնեց, որ իրենց գյուղում եղել են, կան կորոնավիրուսով վարակված բնակիչներ, որոնց մի մասն արդեն բուժվել է, մյուս մասը բուժվում է, ըստ նրա՝ կան նաեւ մեկուսացվածներ; Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց գյուղի մասին ապատեղեկատվությունն էլ վարչապետին հայտնել են ոչ թե պաշտոնատար անձինք, այլ քոչարյանա-սերժական լրատվամիջոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930