Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց հեղափոխության մեղրամիսը

Ապրիլ 19,2020 23:55

«Կովիդ 19-ի» ի հայտ գալու հետ մեկտեղ ավարտվում է ժողովրդի և իշխանության քաղաքական մեղրամիսը: Մենք ավելի զգայուն ենք դարձել, բացի դա գարնանային արևի շողերի հետ մեկտեղ ակտիվանում են նախկին ձնծաղիկներն իրենց կորցրած աթոռների ցավով և պատեհ ու անպատեհ առիթներով քաղաքական կրակի վրա յուղ են լցնում՝ աշխատելով շիկացնել իրավիճակը: Եվ այս ամենը արվում է այն մթնոլորտի ներքո, երբ դու արդեն բավականին երկար ժամանակ է ինքնամեկուսացած ես, վերընթերցել ես բոլոր գրքերը և պարապությունից քեզ պատեպատ տալով որոշում ես «զբաղվել» քաղաքականությամբ: Եվ դա դժվար չէ անել մի երկրում, որտեղ իշխանությունն ու  ընդդիմությունն ինքնին զբաղված է համացանցային քաղաքականությամբ:

Ասել է թե ի՞նչ է հարկավոր շարքային քաղաքացուն Հայաստանում քաղաքական գործիչ դառնալու համար՝ սմարթֆոն և  համացանցի հասանելիություն: Դու այդ ամենը ունես, համոզված ես, որ ավելի քան խելացի ես, հատկապես, որ այս ինքնամեկուսացման օրերին վերընթերցել ես «Երեք խոզուկները», դիտել բոլոր լայվերը, ընթերցել բոլոր թերթերը և ունես ձևավորված քաղաքական դիրքորոշում: Փառք Աստծո, դու ունես ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվելու այլ տաղանդ ևս` հրաշալի «մունաթ» ես գալիս, այնքան տհաս ես, որ կարող ես ծաղրել նույնիսկ վեհ գաղափարները և անզուգական հայհոյանքների մեծ բառապաշարով ես օժտված: Մնում է համեմատականներ անցկացնել քաղաքական գուրուների հետ և ահա քո ընտրյալը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծի մարտիկը, նա, ում հաջողվել է գույքագրել բնակիչներին և անցնել նրանց պահեստավորմանը:

Դու պարտավոր ես և պետք է խոսես, իրադարձությունները զարգանում են քո աչքի առջև՝ անտեսելով քո գոյությունը, ուստի ինչ է պետք անել, դե, իհարկե, մտնել քո սոցիալական կայքեջ, ընտրել ամենաշատ հավանում ստացած նյութը և բառիս բուն իմաստով «լայքել» այն` հայհոյախառն մեկնաբանություն տեղադրելով: Եվ այսպես շնորհավորում եմ դու քաղաքական մեկնաբան դառնալու մեծ հնարավորություններ ունես:

Իսկ հիմա պատկերացրու, որ անկախ նախկինների կողմից իրականացվող քաղաքականությունից դու հանդգնել ես և բացի «Երեք խոզուկներից» այլ գրքեր էլ ես կարդացել ու վերջին խորհրդարանական ընտրություններին ձայնդ տվել ես ներկայիս իշխանությանը` անկեղծորեն համոզված լինելով, որ ընտրել ես նվիրյալների: Բայց արի ու տես քեզ ասում են, որ նույնիսկ երկրի համար այս ճակատագրական ժամանակահատվածում նախարարները 500.000 ՀՀ դրամ աշխատավարձով չեն կարող աշխատել և նվիրյալներ չկան ու չպետք է լինեն: Լսել  այսպիսի խոսքեր իմ կողմից ձայն ստացած իշխանական վերնախավի ներկայացուցչից իհարկե սառը ցնցուղ էր, ամենից շատ այս նախադասության մեջ ինձ մտահոգում է ոչ թե աշխատավարձերի  և պարգևավճարների չափը, այլ այն, որ իմ ընտրած հեղափոխական թիմում նվիրյալներ չկան: Ես իհարկե ներկայիս իշխանությունից անձնազոհություն չեմ պահանջում, սակայն ցանկանում եմ  տեղեկացնել և պնդում եմ, որ հայրենիքը, որքան էլ որոշ մարդկանց համար տարօրինակ թվա, հիմնել են նվիրյալները, նրանք անմեղ զոհեր են դարձել Մեծ եղեռնի, Բաքվի և Սումգայիթի ցեղասպանության արդյունքում, իրենց կյանքն են դրել Արցախի ազատագրման և ապրիլյան պատերազմի զոհասեղանին՝ հույս ունենալով, որ հայրենիքը երբևիցե չի դիտարկվի որպես թոփ-մենեջերների կորպորացիա, այլ կլինի հայերի սրբավայր, անկախ նրանից ունեք հավատ Աստծո նկատմամբ, թե աթեիստ եք:

«Տաղանդավոր» մտքերի շարքը շարունակեցին, այսպես կոչված, նախկինները և նրանց ներկայիս կողմնակիցները, ովքեր իհարկե առիթը բաց չթողեցին մեզ՝ ներկայիս իշխանության կողմնակիցներին արդարացի քննադատելու համար, սակայն երբ մենք մի փոքր նեղվեցինք, նրանք կարելի է ասել լկտիացան և սկսեցին ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչների արտահայտած մտքերի, օրինակների հիման վրա ապացուցել մեզ, որ ժողովուրդը, այսինքն՝ մենք, տհաս և տգետ ենք և սխալվել ենք գերակշիռ մեծամասնությամբ ձայն տալով Նիկոլ Փաշինյանին և այժմ «ծույլ, անգրագետ և այլն»՝ նույնիսկ տհաճ է վերարտադրել այդ տաղանդավոր մտքերը, իրենց գաղափարական հսկաներին ակնհայտ է, որ ժողովուրդն անկարող է ճիշտ ընտրություն կատարել ու իրենց միտքը ծածուկ եզրափակում են ավելի «տաղանդավոր» մտքով. առաջարկում են մեզ` ժողովրդին զրկել ընտրության իրավունքից` հայ ժողովրդին իրենք կկրթեն և կհասցնեն իրենց մակարդակին և դրանից հետո, երբ կհամոզվեն, որ մենք բուժվել ենք և այլևս անմեղսունակ չենք իրենց աստվածային կամքով մեզ Պողոսներիս կրկին ընտրության իրավունք կշնորհեն:

Իսկ այս ամենը մեզ մատուցում են «անմեղ» Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող դատավարությամբ՝ անվանելով այն Փաշինյանի հաշվեհարդար 2-րդ հերոս նախագահի դեմ: Ես որպես իրավաբան իհարկե գնահատական չեմ տա Քոչարյանի դատավարությանը, կսպասեմ դատավճռին, սակայն չեմ կարողանում այս հարցում հասկանալ նրանց դժգոհությունը, «քանզի նրանք անթերի և հերոսական են գնահատում Քոչարյանի իշխանական տարիները»:

Արդարության համար պետք է ասել, որ այսօրվա իրավապահ և դատական համակարգը ձևավորվել է այն «երանելի» օրերին, երբ որևէ մեկը հաշվի չէր առնում ժողովրդի ընտրության իրավունքը: Իրավապահ համակարգն իր էությամբ այնպիսին է, ինչպիսին ստեղծել և մեզ ժառանգություն են թողել, իսկ Փաշինյանն ուղղակի կոսմետիկ ձևափոխություններ է արել այս ընթացքում` որոշ իրեն տհաճ դեմքերի փոխարինելով հաճելի դեմքերով: Այսպես կոչված ծաղկաքաղ, որը հերոսների կադրային բազայի վրա չէր կարող և չունի էական ազդեցություն: Եթե դուք հերոսներ և պրոֆեսիոնալներ եք եղել, ավելի խելացի և հայրենասեր, քան ներկայիս իշխանությունը և հզոր ու արդար պետություն եք ստեղծել, այդ ինչպես պատահեց, որ մեկ-երկու փոքրիկ քարեր, այն էլ ոչ ձեր ստեղծած իրավապահ և դատական համակարգի հիմքից, այլ ուղղակի գագաթից Փաշինյանը վերցրեց և այն փուլ եկավ ձեր վրա: Այդ ինչպես եղավ, որ ձեր պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում մենք Պողոս մնացինք և սխալ ընտրություն կատարեցինք:

Սրանով ես ամենևին էլ չեմ ցանկանում ասել, որ նախկինները կամ որևէ մեկը արդար դատաքննության իրավունք չունի, ժողովուրդը 2018թ. գարնանը փողոց էր դուրս եկել հենց դրա համար, որ երկրում արդարություն լինի, իսկ իշխանությունը բաղկացած լինի նվիրյալներով, ուստի, եթե նույնիսկ այսօր մենք սխալվել ենք, վաղը կկարողանանք ուղել մեր սխալները, քանզի Փառք Աստծո դուք անզոր եք խլելու մեր ընտրական իրավունքը: Անհոգ եղեք, հարգելի՛ նախկիններ, իրականության հետ  առճակատվելու արդյունքում ժողովուրդը նույնպես փորձառություն է ձեռք բերում:

Անդրադառնալով դատաիրավական համակարգին՝ թույլ տվեք քաղաքական գործիչների համար վերհիշել ժողովրդական հայտնի ասացվածքը` կկուն հոտած է, կարծում է՝ բունն է հոտած: Այո, ուժային կառույցների, նախաքննական մարմիների և դատական համակարգի բները մաքրության կարիք ունեն և դա չի հերքում ոչ մի իրավաբան, բայց դե կկուները նույնպես պետք է լողանան: Դուք չեք կարող ակնկալել, որ ուղղակի թեթև ցայվելով և հին շորերը առանց լվանալու հագնելով կկվի հոտը կվերացնեք: Դատաիրավական համակարգի թերությունները մեր քաղաքական կյանքի արտացոլանքն են իրականության դաշտում: Մաքրության արժեքն այսօր «Կովիդ 19-ի» իրականության ներքո ավելի քան հասանելի է հանրությանը և քաղաքական դաշտին, ուստի գարշահոտից փրկվելու ձևերը բոլորը գիտեն, մաքրեք ձեր հոգիներն այնպես, ինչպես հորդորում եք, որ քաղաքացիները լվանան իրենց ձեռքերը:

Եվ այս ամենի քողի ներքո չեմ կարող չանդրադառնալ Կաթողիկոսին և նրա կոչի շուրջ բարձրացած աղմուկին: Եկեք անկեղծ լինենք՝ տարբեր քաղաքական իրադարձությունների արդյունքում, մեղմ ասած Գարեգին Բ-ն չի վայելում լուսահոգի Վազգեն 1-ի սերն ու հարգանքը, սակայն առաքելական երկրի որդիները պետք է խոհեմ լինեն Սուրբ Աթոռի առաջնորդի վերաբերյալ արտահայտվելիս, քանզի հոգևոր և քաղաքական առումով Հայոց աշխարհի երկու թշնամիներից պաշպանվող երկիրը չի կարող իրեն թույլ տալ վիրավորել իր ազգային հոգևոր արժեք հանդիսացող եկեղեցու թեկուզ և ոչ իդեալական առաջնորդին: Դա ոչ այլ ինչ է, քան թշնամու ջրաղացին ջուր լցնել: Ազգային գերակա շահից դրդված ներկայիս իշխանությունը պետք է մեծահոգի լինի, մոռանա ներանձնային խնդիրները, թեկուզ և վեհափառ Գարեգին Բ-ի խոսքերն ունեն քաղաքական ենթատեքստ, պետք է այն դիտարկել, որպես քրիստոնյային բնորոշ մտահոգություն մարդկային կյանքի նկատմամբ, քանի որ վիրավորելով կաթողիկոսին այս կամ այլ կերպ մենք վարկաբեկում ենք ինքներս մեզ:

Եվ վերջում անդրադառնամ վարչապետի այն խոսքերին, որ եթե իրենց չենք ցանկանում տեսնել իշխանությունում, կարող ենք հակահեղափոխություն անել և հետ բերել Սերժ Սարգսյանին և Գագիկ Խաչատրյանին: Ու քանի որ վարչապետն այս խոսքերով մեզ վախեցնում էր, ես հիշեցի իմ մանկական վախերը, ստորև ներկայացնեմ դրանցից մի հատված:

Մանուկ ժամանակ ծնողներս մեզանից հանգստանալու նպատակով գյուղ էին ուղարկում տատիկիս և պապիկիս տուն: Լուսահոգի տատիկս, երբ մենք չարություն էինք անում, նեղսրտվում էր ու այլ ճար չգտնելով 5-ից 7 տարեկան հասակում վախեցնում էր մեզ ասելով, որ եթե մենք խելոք չմնանք, ինքը կգնա ու մեր հարևան գեշ ու չար տատին կգա և մեզ տատի կլինի: Մոտ երկու տարի այդ խաբկանքին մենք հավատում էինք և որոշ ժամանակ խելոքանում, սակայն երբ մի փոքր մեծացա, հասկացա նրա խաբկանքը և ասացի, որ կարող է գնալ, իսկ պապիկս մեզ նոր տատիկ կբերի, բայց ոչ թե հարևանի չար պառավին, այլ երիտասարդ հարսի տեսքով, նույնիսկ պապիկիս այս առաջարկն դուր եկավ, ճիշտ է նա ոչինչ չասաց, բայց բազմանշանակ քմծիծաղ տվեց: Դրանից հետո լուսահոգի տատս այդ թեմային չէր անդրադառնում:

Ինչ եմ ցանկանում սրանով Ձեզ ասել, հարգելի՛ իմ ընտրությամբ ձևավորված իշխանություն, եթե փոփոխության անհրաժեշտություն ձևավորվի մեր երկրում, մենք «չար պառավին հետ չենք բերելու, այլ ջահել հարս ենք որոնելու», ուստի, եթե նույնիսկ որոշ առումով ժողովրդի և իշխանության մեղրամիսը չանցավ կողմերի ծրագրած եղանակով, դա չի նշանակում, որ արդյունքում մենք չենք կարող ճիշտ հետևություններ անել առկա սխալները ուղղելու և ցանկալի ժառանգություն թողնելու համար:

Հ.Գ. Զարմանալի չէ, որ վերոնշյալ քաղաքական անիմաստ բզկտումների արդյունքում կարծես անտեսվում է ցեղասպանության օրվան նվիրված միջոցառումների հարցը, ուստի ելնելով վերոգրյալից հարգելի քաղաքական գործիչներ ևս մեկ անգամ ձեր ուշադրությունն եմ հրավիրում դեռևս 13.04.2020թ. «Առավոտ» օրաթերթում «Կորցրած գարուն» խորագրով հոդվածում արված իմ առաջարկությանը և կրկին անգամ խնդրում եմ` 2020թ. ապրիլի 24-ին մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու նպատակով բացել հաշվեհամար, որին ինձ նման մտահոգված քաղաքացիները կկարողանան գումար փոխանցել, որպեսզի մեր անունից պետությունը կարողանա ծաղիկներ գնել և խոնարհել անմար կրակի մոտ, սակայն մինչ օրս արձագանք չեմ ստացել` անհրաժեշտ եմ համարում հարգել մեր իրավունքը:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930