«Ոլորտի հետհամաճարակային վիճակի մասին պետք է մտածել այսօրվանից». համոզված է ստոմատոլոգիական ոլորտի բարեփոխման խնդիրներով զբաղվող «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական հ/կ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը:
– Որպես առողջապահության բնագավառի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ մարտի 16-ից ի վեր տարվող պայքարը:
– Ես նախ խոնարհվում եմ համավարակի հաղթահարման գործընթացին մասնակից բուժաշխատողների առջև: Նրանց կատարածը մասնագիտական պարտականությունից բացի, նաև անձնուրաց հայրենասիրության դրսևորում է: Սակայն, կարծում եմ՝ առողջապահության նախարարության (ԱՆ) բարձրաստիճան պաշտոնյաները պետք է լուրջ հետևություններ կատարեն առաջին օրերին իրենց թույլ տված թերացումների համար… Իսկ ՀՀ կառավարության կողմից տարվող պայքարը, ընդհանուր առմամբ, կարելի է գնահատել նորմալ:
– Ստոմատոլոգիայի ոլորտում արդեն նկատելի՞ են ճգնաժամի նախանշաններ: Եթե՝ այո, ի՞նչ քայլերով է հնարավոր կանխել իրավիճակի հետագա խորացումը:
Կարդացեք նաև
– Ինչպես հայտնի է, համավարակի դեմ պայքարի շրջանակներում, ԱՆ որոշմամբ, մինչև մայիսի 14-ը սահմանափակվել է ստոմատոլոգիական ծառայությունների գործունեությունը: Ըստ այդմ, հետաձգվել են բուժառուների պլանային այցերը՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի (սուր ցավեր, բորբոքում և այլն), որոնց վճարները, սակայն, շատ չնչին են: Այսօր կլինիկաները փաստացի զրկված են թե՛ բուժառուների պլանային այցերից, թե՛ համապատասխան շրջանառությունից, ինչի պատճառով ճգնաժամը խորանում է շատ արագ:
Անկումը հնարավորինս կանխելու առումով կարևոր քայլ արված կլիներ, եթե մեր հարկային պարտավորությունները հաշվարկվեին՝ ըստ փաստացի շրջանառության: Հատկապես փոքր ու միջին կլինիկաների դեպքում առավել արդարացված կլիներ, օրինակ, հարկային, վարկային արձակուրդների տրամադրումը, տոկոսադրույքների սառեցումը կամ վերանայումը՝ որոշակի նախապայմաններով:
Անցանկալի հետևանքները բացառելու համար պետական մարմինները հարկ է՝ խնդրին մոտենան այն փաստի հստակ գիտակցումով, որ ստոմատոլոգիան առավելապես առողջապահություն է, ոչ թե՝ «չոր» բիզնես: Նաև արժե հաշվի առնել, որ մեր ոլորտը նոր է ազատվել ոչ իրատեսական հարկատեսակից՝ արտոնագրային վճարից, և դեռ չի վերականգնել նախկինում կրած վնասները:
Հասկանում եմ՝ դա ծանր բեռ է պետության համար, բայց՝ որպես պրակտիկ ստոմատոլոգ և հասարակական գործիչ, ես այս վիճակում այլ ելք չեմ տեսնում, քան պետության որոշակի աջակցությունը:
Ի դեպ, մենք ևս փորձում ենք ելքեր գտնել ստեղծված վիճակից, և օրինակ, հ/կ-ում արդեն սկսել ենք քննարկել հետհամաճարակային փուլում անտոկոս ապառիկի սկզբունքով բուժառուներին սպասարկելու տարբերակը:
– Համացանցից տեղեկացանք, որ ոլորտի մի շարք հ/կ-ներ ևս դիմել են վարչապետին, հատուկ շեշտելով, որ պետությունից աջակցություն չստանալու դեպքում կլինիկաների 90 տոկոսը կարող է փակվել:
– Նախ արձանագրենք մեկ իրողություն. եթե գործադիրը անցած տարի չընդառաջեր մեր հ/կ-ի նախաձեռնությանը և արտոնագրային վճարը չփոխարիներ շրջանառության հարկով (ինչին, ի դեպ, խոչընդոտում էին նշված հ/կ-ներից որոշները), ապա ոլորտում ճգնաժամը շատ ավելի խորացած կլիներ՝ նույնիսկ մինչ այս համաճարակը, և փակվելու վտանգը իրական կլիներ հատկապես փոքր ու միջին կլինիկաների համար: Փաստորեն, իր ընդառաջ քայլով կառավարությունը արդեն նախապես մեծ աջակցություն և օգուտ է տվել փոքր ու միջին կլինիկաներին՝ էապես թուլացնելով, հեռացնելով նրանց փակման վտանգը: Այո, չընդառաջելու դեպքում, կլինիկաների 90 տոկոսի փակման վտանգը իսկապես շատ մեծ կլիներ: Բայց, գոնե առայժմ, ես ձեռնպահ կմնամ նման ծայրահեղ գնահատականից:
– Ոլորտում տնտեսական անկումը կարո՞ղ է հանգեցնել սակագների աճի, և որպես հետևանք՝ բուժառուների վիճակի վատացման…
– Գների թանկացման ռիսկեր չեմ տեսնում: Վերջին անգամ նման խնդրի բախվեցինք 2013 թվին, երբ կառավարությունը ստոմատոլոգիայի համար սահմանեց արտոնագրային վճար: Այդ պատճառով փոքր ու միջին կլինիկաների հարկային բեռը ավելացավ 3-4 անգամ՝ հանգեցնելով անցանկալի գնային տատանումների: Սակայն ս.թ. հունվարի 1-ից շրջանառության հարկին անցնելը կայուն և իրատեսական հիմքեր է ստեղծել միաժամանակ թե՛ նույն չափով նրանց հարկային բեռի թեթևացման, թե՛ ընդհանուր գների բալանսավորման համար: Ուստի, կրկնում եմ՝ ներկայումս թանկացման ռիսկեր չկան, և ամեն բան պետք է արվի՝ անհիմն թանկացումները բացառելու համար:
Այդ հարցում ես լավատես եմ, քանզի ունենք լավ համագործակցության նախադեպ: Արդեն նշեցի, որ 2020թ. հունվարի 1-ից ոլորտը հարկվում է շրջանառության հարկով, և դրան հասնելու համար ստիպված էինք տևական պայքար ծավալել: Արդյունքում, ի վերջո, մեզ լսեցին, եղավ վարչապետի հանձնարարականը, հետո մեզ նաև հրավիրեցին ֆինանսների նախարարություն և ՊԵԿ, ու մեր առաջ քաշած խնդրին տրվեց ցանկալի, փոխշահավետ լուծում:
– Հայտնի է, որ երկու ամիս առաջ «Կառուցողական ստոմատոլոգիա»-ն բաց նամակով դիմել էր վարչապետին՝ ահազանգելով առողջապահության փոխնախարարի կողմից, քննարկումների ժամանակ, անձամբ Ձեր և հ/կ մյուս անդամների հանդեպ թույլ տրված ոչ ադեկվատ վերաբերմունքի մասին: Ի՞նչպես արձագանքեցին ԱՆ-ից Ձեր բողոքին ի պատասխան:
– Սպասվածին հակառակ, պատասխան նամակը միայն ավելացրեց անորոշությունը: Նախ, շատ անհասկանալի էր, որ մեր բողոքը ՀՀ կառավարությունից վերահասցեագրվել էր ԱՆ-ին: Հաջորդը՝ ԱՆ աշխատակազմի ղեկավարի պատասխանում ակնարկ անգամ չկար անտակտ (ձեռքով սեղանին ուժգին խփելով զրուցակցին լռեցնել փորձող) փոխնախարարին գոնե խորհրդանշական նկատողություն անելու մասին: Այդ էլ այն դեպքում, երբ նույնիսկ երկրի վարչապետն է շարքային քաղաքացուց ներողություն խնդրում ակամա թույլ տրված վրիպման համար: Սակայն ամենատարօրինակն այն էր, որ ԱՆ-ում այսուհետ մեր առաջարկները ստանալու և քննարկելու են միմիայն «պաշտոնական նամակագրության միջոցով»…
– Դա լրիվ մերժելի՞ ձևաչափ է Ձեզ համար:
– Ամեն դեպքում, կընդունենք ԱՆ-ի առաջարկը և կփորձենք այսուհետ մեր գործնական երկխոսությունը շարունակել նամակագրության ձևաչափով: Մեզ համար ամենակարևորն այն է, որ սայլը տեղից շարժվի և ոլորտի բարեփոխումները հանիրավի չարգելակվեն: Ես նաև լիահույս եմ, որ ՀՀ կառավարությունը, թերևս, համաճարակի հաղթահարումից հետո, անպայման գնահատական է տալու թե՛ հիշյալ պաշտոնյայի անպարկեշտ վարքագծին, թե՛ ԱՆ-ի երկիմաստ, խայտառակ պատասխանին:
– Կներեք, բայց մի՞թե ներկա համաճարակի պայմաններում Ձեր առաջարկները այդչափ հրատապ ու անհետաձգելի են ոլորտի շարունակական բարեփոխման տեսանկյունից:
– Մենք, ինչ խոսք, չենք ակնկալում, որ առաջադրված խնդիրների լուծվեն հենց այս պահին: Բայց և աներկբա է, որ ամեն խնդիր պետք է լուծվի՝ առանց անտեղի ձգձգման: Օրինակ, ի՞նչ եք կարծում, արդյոք ԱՆ ո՞ղջ աշխատակազմն է այսօր լծված համաճարակի հաղթահարման գործին: Վստահապես՝ ոչ: Խնդրով զբաղվում են մասնագետ կադրերն ու կառույցները: Ուստի մենք ակնկալում ենք, որ ԱՆ ոլորտի հարցերով իրավասու պաշտոնյաներն իրենց գործառույթների շրջանակներում շարունակեն մեզ հետ համագործակցել ոլորտում առկա խնդիրների շուրջ: Այլապես, վնասները կլինեն անհամեմատ մեծ ու տևական: Վաղ թե ուշ կորոնավիրուսը կհաղթահարվի, բայց ոլորտի հետհամաճարակային վիճակի մասին պետք է մտածել արդեն այսօրվանից: Իսկ այնտեղ, նաև արտակարգ դրությամբ պայմանավորված, սրվում են թե՛ նախկին խնդիրները, թե՛ ամեն օր առաջ են գալիս նորերը՝ ֆինանսականից մինչև տեխնիկական և կադրային:
– Այս պահին ԱՆ-ի հետ ձեր երկխոսությունը լրի՞վ է դադարեցված:
– Ո՛չ: Մարտ ամսին նամակ էինք ստացել ԱՆ խորհրդատու Դ. Մաթևոսյանից, որով նա մեր կարծիքն էր ցանկանում իմանալ կառավարության 2014թ. սեպտեմբերի 4-ի թիվ 952-Ն որոշման շրջանակներում գործող մասնագիտական և նեղ մասնագիտական ցանկերի համալրման, նաև այդ առթիվ մեր հնարավոր առաջարկների վերաբերյալ: Օրերս մեր տեսակետը ներկայացրինք խնդրո առարկայի վերաբերյալ՝ միաժամանակ շարադրելով «Կառուցողական ստոմատոլոգիա»-ի լրացուցիչ առաջարկները հրատապ այլ հարցերի մասին: Դրանք շաղկապված են թիվ 952-Ն որոշմանը և հիմնականում վերաբերում են «Կլինիկական օրդինատուրա» բաժնի բարեփոխմանը: Այնպես որ, ԱՆ կառուցողական արձագանքի դեպքում, սպասվում են շատ հետաքրքիր և օգտակար քննարկումներ: