Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան վատ վիճակի մեջ եմ». «Կադրից դուրս»-ի արտահոսքը՝ 2009-ին

Ապրիլ 19,2020 20:56

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ին կորոնավիրուսի տարածման սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարմանը նվիրված ուղիղ հեռարձակման հեռուստաուղերձից հետո համացանցում հայտնվեցին ուղիղ եթերին նախորդած՝ տեխնիկական փորձից կադրեր՝ մոնտաժված ծաղրական հնարքներով: Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանեց, որ իրենցից կադրերի արտահոսք չի եղել, իսկ տեխնիկական փորձերն արվել եւ արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ ու նախատեսված չեն հեռարձակման համար. «ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են ութ հեռուստաընկերություններ՝ Արմենիա ԹիՎի Շանթ, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա, 5-րդ ալիք: Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն, ՀՀ վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը:  Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»:

Միջադեպին անդրադարձավ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ ասելով, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար. «Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ»:

Նիկոլ Փաշինյանի խոսնակին արձագանքեց Հանրային հեռուստաընկերությունում ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանը. «Հուսով եմ՝ տիկին Մանե Գևորգյանը հասցրել է ծանոթանալ հեռուստատեսության ուղիղ եթերի աշխատանքին, տեխնիկական ազդանշաններին։ Ես և Մանե Գևորգյանը եղել ենք նույն սենյակում։ Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները»: Հանրայինն այսօր եւս մեկ պարզաբանում տարածեց:

«Կադրից դուրս» տեղի ունեցածի հրապարակման դեպք տեղի է ունեցել նաեւ տարիներ առաջ: 2009թ.-ին հրապարակված այս տեսանյութում փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ՝ Սերժ Սարգսյանի ընտրարշավի «Առաջ Հայաստան» կարգախոսով պաստառի առջեւ օլիմպիական չեմպիոն, հայտնի մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը եւ դերասան Հրանտ Թոխատյանը հայհոյանքներով արտահայտություններ են անում համապատասխանաբար այդ ժամանակ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի եւ Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի հասցեին:

Ալբերտ Ազարյանը լրագրողների հետ զրույցներում տեսանյութի առնչությամբ ասում էր. «Ես ելույթ եմ ունենում այնտեղ, ասում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա մեր նախագահը, մեր դրությունը շատ կլավանա… ու մեկ էլ գլուխս թափ եմ տալիս, չգիտեմ… ախր ինչպե՞ս կարող է ես այդպիսի բան անեմ, ախր դա հնարավոր բան չէ… Ազնվությամբ եմ ասում, ես այնքան վատ վիճակի մեջ եմ հիմա։ Բայց ես զարմանում եմ, ախր ինչո՞ւ պետք է ես վարկաբեկեմ մեր ղեկավարին»։ Օլիմպիական չեմպիոնն այդ ժամանակ ասում էր՝ չի հիշում, թե ով է զանգահարել իրեն եւ որտեղ է իրականացվել հոլովակի նկարահանումը. «Խոսելու ժամանակ մենակ ե՞ս եմ եղել այնտեղ։ Չէ՞ որ նա նկարում է, նա խոսեցնում է, ես դրանց մոտ ինչպե՞ս կարող էի այդ տեսակ հայհոյանք տալ։ Մոնտաժված է 100 տոկոսով: Ով արել ա, թող գլուխը պատին տա: Դա չպիտի աներ, էլի»:

Ազարյանը պնդել էր, որ ինքը որեւէ հայհոյանք Սերժ Սարգսյանի հասցեին չի արել:

Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն էլ չէր ցանկացել մեկնաբանել այն փաստը, որ դերասան Հրանտ Թոխատյանը ներողություն է խնդրել: Մամուլում այդ ժամանակ տեղեկություններ կային, որ «կադրից դուրս»-ի արտահոսքի հեղինակը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ է կապված: Քաղաքապետարանի լրատվական ծառայության արդեն նախկին տնօրեն Աշոտ Առաքելյանն իր հերթին պարզաբանել էր կատարվածը:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930