Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մանկապարտեզների պայմանագրային աշխատողներին չվարձատրելու առնչությամբ

Ապրիլ 19,2020 15:00

Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների պայմանագրային աշխատողները խնդրի առաջ են. կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների ժամանակահատվածում աշխատավարձ չեն ստացել: Այս մասին ասաց Aravot.am-ին դիմած քաղաքացի Լիլիթ Գասպարյանը, որը քաղաքապետարանի ենթակայության երկու մանկապարտեզում համատեղության կարգով աշխատում է որպես օտար լեզվի ուսուցչուհի:

«Սկզբում մանկապարտեզներից մեկի տնօրենն ասաց, որ մենք կվճարվենք, իսկ հետո պարզվեց, որ ոչ, քանի որ մեր վճարը գոյանում է ծնողների կատարած վճարումներից: Դե, պարզ է, որ հաստատությունները չեն գործել, ծնողները չեն վճարել, բայց, մտածում եմ՝ մի՞թե մանկապարտեզները ֆոնդ չունեն, որ կարողանան այս իրավիճակում իրենց աշխատողներին օգնել, չէ՞ որ ամեն երեխա 1000-ական դրամ վճարում է: Մենք էլ ենք երեխա կերակրում»,-մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Գասպարյանը:

Նա նշեց՝ ստացել են միայն մարտ ամսվա առաջին մի քանի օրվա աշխատավարձը՝ մոտ 2000 կամ փոքր-ինչ ավելի դրամ:  Մեր զրուցակիցը դիմել է թաղապետարան, կառավարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն կառավարության աջակցության ծրագրերից որեւէ մեկի պահանջին չի բավարարում. «Ում զանգում եմ՝ մյուսի համարն են տալիս, եւ այդպես շարունակ: Վարչապետի «լայվերի» տակ էլ եմ մեկնաբանություն գրում, բարձրաձայնում, որ շատ աշխատողներ ինձ պես ունեն այդ խնդիրը, պարզապես ոչ բոլորն են ցանկանում ԶԼՄ-ների հետ խոսել»:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին. «Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների հաստիքային  բոլոր աշխատողները ստացել են իրենց մարտ ամսվա աշխատավարձը: Քանի որ պայմանագրային աշխատակիցները ներառված չեն մանկապարտեզների հաստիքացուցակում և իրենց աշխատավարձը գոյանում է մատուցած ծառայությունների գումարից, և քանի որ այս ընթացքում նրանք ծառայություն չեն մատուցել և այդ ծառայությունների համար ծնողները չեն վճարել, ուստի այս աշխատակիցները չեն վճարվել»:

Հավելենք, որ ուսուցչուհու կոնտակտներն իր իսկ համաձայնությամբ տրամադրվել են Երեւանի քաղաքապետարանին՝ խնդիրը հասկանալու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930