Լրահոս
Օրվա լրահոսը

Նշով իտալական թխվածքաբլիթ «Ռիչարելի»

Ապրիլ 19,2020 16:30

Նշով եւ սպիտակուցով թխվածքաբլիթներից ամենահայտնին այսօր, թերեւս, ֆրանսիական «մակարոն»-ն է: Սակայն նրանք, ովքեր երբեւէ փորձել են իտալական ռիչարելիները, հաստատ երբեք չեն մոռանա դրա համը: Եթե մակարոնը (չշփոթել «մակարունի» հետ, որը կոկոսով թխվածքաբլիթ է) նուրբ եւ հարթ մակերես ունի, ապա ռիչարելին հակառակը՝ անպայման պետք է խորդուբորդեր ու ճերմակ փոշի ունենա երեսին: Իտալիայի Սիենա քաղաքի հայտնի աղանդերը, որ ժամանակին պատրաստվում էր Սուրբ Ծնունդի կապակցությամբ, իսկ այժմ՝ տարին բոլոր, շատ յուրահատուկ համ ունի՝ արտաքին շերտը խրթխրթան է, իսկ ներսում ծամվող, ձգվող նուրբ զանգված է: Պատրաստումը բավականին հեշտ է, միայն թե՝ անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն ունենաք:

Անհրաժեշտ մթերքները

Ձվի սպիտակուց-2 հատ

Կիտրոնի հյութ- կես թեյի գդալ

Նուշի ալյուր-200 գրամ

Շաքարի փոշի-200 գրամ (գումարած եւս կես բաժակ՝ թաթախելու համար)

Նարնջի կեղեւ- 1 ճաշի գդալ (մոտավորապես մեկ նարնջի)

Նուշի եւ վանիլի մզվածքներ (էքստրակտ)- 1-2 կաթիլ՝ յուրաքանչյուրից

Պատրաստման եղանակը

Նախ սկսենք բաղադրիչներից: Նուշի ալյուր Հայաստանում վաճառվում է որոշ սուպերմարկետներում եւ համեմունքների խանութներում: Սակայն, եթե չգտնեք, կարող եք ինքներդ պատրաստել, իհարկե, որակն այն չի լինի, քանի որ խանութներում վաճառվող նուշի ալյուրը, որ ստանում են գործարանային եղանակով, աղում են բարձր հզորությամբ աղացներով, իսկ տան պայմաններում կամ լավ հզոր խոհանոցային կոմբայն պետք է ունենաք կամ բավարարվեք սովորական նրանով, ինչ կստացվի ձեր աղացով աղալու դեպքում: Ընդ որում, նախապես պետք է նուշը եռացրած ջրով թրջել, կեղեւահան անել, ջեռոցում մի քանի րոպե 150-160 աստիճանի տակ թողնել, որ ամբողջությամբ չորանա եւ մի թեթեւ բովվի, որից հետո նոր աղալ:

Վանիլի եւ նուշի մզվածքներ նույնպես վաճառվում են երեւանյան սուպերմարկետներում, սակայն համացանցով դրսից պատվիրելը շատ ավելի մատչելի է: Եթե չունեք դրանցից եւ ոչ մեկից, վանիլի մզվածքը կարող եք փոխարինել վանիլային շաքարափոշիով՝ կես ճաշի գդալ կամ արհեստական վանիլինով՝ մեկ պտղունց: Իսկ նուշի մզվածքը ոչնչով չեք կարող փոխարինել, ուղղակի մի օգտագործեք, պարզապես այդ դեպքում ռիչարելին այդքան հարուստ նուշի բույր չի ունենա, սակայն համի վրա որեւէ ազդեցություն չի թողնի դրա բացակայությունը:

Վերադառնանք բաղադրատոմսին: Ձվի սպիտակուցը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Լավ հարեք, ավելացրեք կես թեյի գդալ կիտրոնի հյութ, շարունակեք լավ հարել, որ պինդ բեզե դառնա: Հարիչը մի կողմ դրեք, վերցրեք փայտե կամ սիլիկոնե թիակ: Սպիտակուցին ավելացրեք նուշի ալյուրի եւ շաքարի փոշու մի մասը, թիակով խառնեք, ապա ավելացրեք մնացած նուշի ալյուրն ու շաքարի փոշին:

Նարինջը շատ լավ լվացեք: Մանր քերիչով քերեք նարնջի կեղեւը՝ առանց սպիտակ թաղանթին հասնելու: Նարնջի կեղեւը, վանիլի եւ նուշի մզվածքներն էլ ավելացրեք խմորին, թիակով լավ խառնեք, որ դառնա միատարր զանգված: Ծածկեք ամանը պոլիէթիլանային թաղանթով կամ փայլաթիթեղով եւ դրեք սառնարան՝ 4-8 ժամով: Ամենահարմարը երեկոյան խմորը պատրաստելը եւ ողջ գիշեր սառնարանում թողնելն է, իսկ առավոտյան՝ թխելը:

Հանեք խմորը սառնարանից: Խոհանոցային տախտակի կամ սեղանի վրա լցրեք շաքարի փոշի, խմորը լցրեք շաքարի փոշու վրա, վրայից էլ շաքարի փոշի լցրեք եւ խմորը մի թեթեւ հունցեք, որ համասեռ զանգված դառնա: Գլանաձեւ տեսք տվեք եւ կտրատեք փոքր կտորների: Յուրաքանչյուր կտորին ձեռքով օվալի կամ տերեւի տեսք տվեք, դրեք մի կողմ:

Ափսեի մեջ մի փոքր էլ շաքարի փոշի լցրեք, յուրաքանչյուր թխվածքաբլիթը թաթախեք շաքարի փոշու մեջ եւ տեղավորեք ջեռոցի թիթեղի վրա, որի վրա յուղաթուղթ է դրված: Թողեք այս վիճակում մոտ 2 ժամ՝ սենյակային ջերմաստիճանում:

Ջեռոցը միացրեք 150 աստիճանի վրա, թող տաքանա, մինչեւ ավարտեք թխվածքի ձեւավորումը:

Պետք է խմորիկները արտաքինից չորանան եւ մի փոքր ճաքճքեն: Սակայն, եթե չեն ճաքճքել՝ մի փոքր օգնեք՝ ամեն թխվածքաբլիթը, որ արդեն չորացել է՝ թթվածքնի հետ շփումից, կողքերից մի փոքր սեղմեք, կճաքճքի:

Դրեք արդեն 150 աստիճան տաքացած ջեռոցը ուղիղ 18 րոպեով: Ես այս անգամ 2 րոպե ավելի թողեցի եւ ռիչարելիները վարդագույն դարձան, այնինչ բավականին գունատ տեսք պետք է ունենան:

Հանեք եւ մատուցեք սուրճի կամ թեյի հետ: Անմահական թխվածք է:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930