Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո մեր կյանքը էական փոփոխություններ կրեց: Այդ փոփոխություններից մեր հայրենակիցների մի մասը չափազանց գոհ է, մի մասը՝ չափազանց դժգոհ: Քոչարյանի ու քոչարյանականների դժգոհ լինելը միանգամայն հասկանալի ու բնական է, եւ Ռոբերտ Քոչարյանից ու Հայաստանի նախկին իշխանություններից դժգոհ մեր հայրենակիցների հեղափոխական փոփոխություններից, Նոր Հայաստանի իշխանություններից ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից գոհ լինելն էլ է միանգամայն հասկանալի ու միանգամայն բնական:
Ղարաբաղյան շարժումից սկսած՝ մեր հասարակությունը տոգորվեց հեղափոխական լիցքերով, եւ չնայած հեղափոխությունն ու հեղափոխական շարժումը մեր հասարակության, մեր հանրապետության ու մեր ժողովրդի համար օտար երեւույթ չէին, բայցեւ քչերը կարող էին գուշակել ու կանխագուշակել, որ Ղարաբաղյան շարժում տեսած մեր ժողովրդին նորերը կարող են գայթակղել ու տանել իրենց հետեւից, եւ քչերը կարող էին կանխագուշակել, որ այդ քչերի առաջնորդն անձամբ ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի, չնայած Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությունների օրոք հնարավորինս դրսեւորվել ու աչքի էր ընկել իր անկոտրում էությամբ եւ անհնազանդությամբ, բայց որ Փաշինյան Նիկոլն իր մի քանի ջահելներով կարող էր մի ամբողջ իրականություն շրջել, քչերը կարող էին կանխագուշակել:
Այդուհանդերձ, եղածն արդեն եղել է, թավշյա հեղափոխությունն իր հաղթանակով ավելի քան իրողություն է, եւ մեզ ու օտարներին զարմացրած Փաշինյան Նիկոլը շարունակում է իր նպատակասլացությամբ, հետեւողականությամբ, սկզբունքայնությամբ ու անկոտրում վարքով փայլել ու զարմացնել մեզ ու բոլորին, եւ չնայած Նիկոլի սկզբունքայնությունից ու հետեւողականությունից տուժողներ էլ կան, եւ չնայած Ռոբերտ Քոչարյանն ու նախկիններից շատերն էապես են տուժել, եւ չնայած Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դրությամբ համակիրներ էլ ունի, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի քայլերն ու ձեռնարկումներն ընդհանուր առմամբ համահունչ են մեր ժողովրդի շահերին ու նախասիրություններին, մանավանդ որ՝ կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլը ոչ միայն Քոչարյանի, գեներալ Մանվելի ու մի շարք այլ նախկինների հանդեպ է անզիջում ու անխնա, այլեւ իր զինակիցներից ու թիմակիցներից ոմանց հանդեպ. բոլոր նրանց հանդեպ, ովքեր մինչեւ վերջ հավատարիմ չեն մնում հեղափոխությանն ու հեղափոխության սկզբունքներին: Օրինակները բազմաթիվ են, եւ Նոր Հայաստանի վարչապետն ամենեւին մտադիր չէ իր աշխատաոճը փոխել, եւ իր համարձակությամբ ու աշխատաոճով շարունակում է զարմացնել հավասարապես մեզ ու բոլորին՝ հեղափոխականներին ու հակահեղափոխականներին, եւ զարմացողներից շատերը միանգամայն սրտանց են ատում ժողովրդի վարչապետին, եւ ժողովրդի վարչապետին սրտանց ատելով՝ հույս ունեն, որ Փաշինյանը երկար չի դիմանա այս բոլորեքյան լարվածությանը, եւ, փաստորեն, երազում են, որ երկար չդիմանա, եւ երազելով՝ ձեռքները ծալած չեն նստում եւ ամեն ինչ անում են, որ երկար չդիմանա, բայց, ժողովրդի բախտից, Նոր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն համարձակությամբ է աչքի ընկնում, այլեւ՝ դիմացկունությամբ, եւ մեջներիս լավատեսները հուսով են, որ, չնայած ահավոր լարվածությանը, Նիկոլն իր բացառիկ դիմացկունությամբ երկար կդիմանա ու երկար կձգի՝ ի հեճուկս իր հակառակորդների ու հակահեղափոխականների:
Բայց Նիկոլի դիմանալը ոչ միայն Նիկոլից է կախված, այլեւ՝ մեզանից. բոլոր նրանցից, ովքեր գտնում են, որ Նիկոլի բերած ու ձեռնարկած փոփոխությունները համահունչ են մեր երկրի շահերին: Կյանքը ցույց է տալիս, որ չնայած Նիկոլն իր հեղափոխությամբ հաղթեց, բայց իր չուզողները, հակառակորդներն ու հակահեղափոխականները չափազանց շատ են: Այնպես որ, եթե մենք Նիկոլին թիկունք չկանգնենք, ինքը մենակ կմնա: Մեն-մենակ՝ իր եւ Նոր Հայաստանի հակառակորդների դեմ, որոնց նպատակը պարզից էլ պարզ է: Եթե մենք իրեն թիկունք չկանգնենք, ինքը նրանց դեմ մենակ կմնա, եւ նրանց հաղթելը չափազանց դժվար կլինի՝ անկախ իր սկզբունքայնությունից, համարձակությունից ու վճռականությունից:
Կարդացեք նաև
Զորավիգ լինենք իրեն: Առանց մեզ ինքը չափազանց վտանգավոր մենակության մեջ կհայտնվի:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
17.04.2020